Բաժիններ՝

Ներկայացվեցին երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները

Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկեց «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով շրջեց ցուցասրահում և ծանոթացավ երիտասարդների ստեղծագործություններին։
Ներկայացված են ավելի քան 150 երիտասարդի գեղանկարները, գրաֆիկական գործերն ու քանդակները։ Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, թե առաջին անգամ չէ, որ նկարիչների միությունում բացվում է ուսանողական ցուցահանդես, ընդ որում, տարեցտարի նկատվում է ներկայացված աշխատանքների որակի բարելավում: Նկարիչների միության նախագահը նկատեց. «Ցուցահանդեսին ներկայացված են 200-ից ավելի աշխատանքներ: Ականատես ենք լինում ուսանողական վերելքի, դրա վկայությունն է այն, որ անցյալ տարվա համեմատ՝ այս տարի ավելի հետաքրքիր, շատ ավելի բազմազան ու համարձակ ստեղծագործություններ կան»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ցանկացած նկարչի, հատկապես երիտասարդ ստեղծագործողի համար մեծ պատիվ է աշխատանքները ներկայացնել նման հեղինակավոր ցուցասրահում։ Ըստ պարոն Ավագյանի՝ ցուցահանդեսը վկայությունն է այն բանի, որ երիտասարդների մոտ մտքերի, գաղափարների ու պատկերների պակաս չկա։ «Մենք ունենք հզոր երիտասարդական ներուժ։ Նրանք սիրում են ստեղծագործել, հանդես են գալիս նոր մտքերով ու գաղափարներով, ընդ որում՝ արվեստի բոլոր բնագավառներում։ Այս ցուցահանդես-մրցույթը գալիս է ապացուցելու, որ դուք ուշադրության կենտրոնում եք և ձեր ցանկացած մտահղացում մենք կարող ենք կյանքի կոչել»,- նշեց Կարեն Ավագյանը։

Գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի ուսանող Սիմոն Պետրոսյանը ցուցահանդեսին ներկայացրել է մի քանի աշխատանք։ Մասնավորապես, «Կայունություն՝ անկայունության վրա» վերնագրված քանդակը պատկերում է ընկնող աթոռ և հավասարակշռող կենտրոնի վրա կանգնած մարդու ֆիգուր։ Սիմոնը նշում է, որ իր քանդակով ցանկանում է ասել, որ մարդ կարող է ցանկացած անկայուն իրավիճակ կառավարել ու դարձնել կայուն։

«Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 13-ը։
Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս