Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու իշխանության քայլը ճիշտ էր թե ստրատեգիայի, թե տակտիկայի իմաստով. Հ. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ասում է. «Եթե նկատել եք՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը դարձավ լակմուսի թուղթ, որ անմիջապես ի հայտ բերեց իրավիճակը՝ դուք համակարգային փոփոխությունների կողմնակից չեք, բարեփոխումների կողմնակից չեք, դուք արմատական փոփոխությունների կողմնակից չեք, գործնականում դուք այդ ամենին դեմ եք ու ընդամենն ուզում եք պահպանելով եղածը, կոնկրետ հասցեում կոնկրետ աթոռ ունենալ: ՍԴ բարեփոխումների առաջարկը իշխանության արդյունավետ տակտիկական քայլն էր, որն ընդդիմադիր բևեռին դրեց ինքնաբացահայտման վիճակում:

Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու իշխանության քայլը ճիշտ էր թե ստրատեգիայի, թե տակտիկայի իմաստով: Իսկապես երկիրն այսօր հիմնարար բարեփոխումների կարիք ունի: Այդ բարեփոխումը այն չէ՝ մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով քանի մարդ կընտրվի, ով ավելի շատ հնարավորություն ունի այս կամ այն տարածքում ընտրվելու: Պարզից էլ պարզ է, որ եթե կուսակցությունը մեծամասնականով կարողանում է պատգամավոր անցկացնել, համամասնականով էլ կանցկացնի: Վերարտադրվելու ավելի հեշտ ձևեր կան, քան սահմանադրական բարեփոխումները, ամբողջ հասարակության հետ հանրային քննարկումների մեջ մտնելը, մասնագիտական ու քաղաքական լայնամասշտաբ համաձայնության գալը: Ակնհայտ է, որ իշխանությունը գնում է ավելի դժվար ճանապարհով, ունենալով շատ ավելի հեշտ ճանապարհներ սոսկ իր, ինչպես նշում են, վերարտադրության խնդիրը լուծելու համար: Շատ հեռուն չգնալու համար՝ նշեմ միայն ՌԴ-ում կիրառած տարբերակը»:

Տեսանյութեր

Լրահոս