Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում բարձր են գնահատում Համաշխարհային բանկի խմբի՝ որպես գործընկեր և մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցող կառույցի հետ դեռևս 1992 թվականին սկիզբ դրված համագործակցությունը: Համաշխարհային բանկը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանում երբևէ չի դիտարկվել սոսկ որպես ներդրումային ծրագրեր ֆինանսավորող կազմակերպություն, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր, ում օժանդակությունը՝ միջազգային լավագույն փորձի և առանձին ոլորտներում մասնագիտական գիտելիքների փոխանցմամբ, առանձնակի կարևորություն ունի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահն ընդգծել է, որ բանկը մեծագույն հաճույքով և պատրաստակամությամբ է համագործակցում Հայաստանի հետ, որպես մի գործընկերոջ, որը նաև լավագույն կատարողական վարկանիշն ունի տարածաշրջանում և ուրախ է այսուհետ ևս շարունակելու օժանդակությունը երկրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը:

Լորա Թակը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի համար նոր ու հետաքրքիր ժամանակներ են սկսվում, և Համաշխարհային բանկը պատրաստակամ է այդ հարցում ևս օժանդակել երկրին՝ ճիշտ գնահատելու նոր հնարավորությունները, լավագույնս օգտվելու դրանցից և հնարավորինս նվազեցնելու մարտահրավերները:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու աջակցության հնարավոր ծրագրերը:

Տեսանյութեր

Լրահոս