
Բաց դաս Ազգային ժողովում

Նոյեմբերի 10-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովը
հյուրընկալել էր Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ
ուսուցիչների եւ աշակերտների: Երեխաները շրջել են խորհրդարանում, ներկա գտնվել
ԱԺ քառօրյա նիստին:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ
յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար կարեւոր են հանդիպումներն ու
շփումները երիտասարդների եւ պատանիների հետ: Արժեւորելով հայ մանակավարժի
աշխատանքն ու նվիրումը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է կիրթ, խելացի,
հայրենասեր սերնդի դաստիարակության ու կրթության գործը:
Էդուարդ Շարմազանովը հորդորել է աշակերտներին լավ սովորել, արդյունավետ
օգտագործել ժամանակը, մեծ տեղ հատկացնել ընթերցանությանը՝ ընտրելով ճիշտ
գրքեր:
Ծավալված ջերմ զրույցի ընթացքում երեխաները խոսել են իրենց սիրելի գրքերի,
նվիրական երազանքների իրականացման, մասնագիտության ընտրության, դպրոցում
հայրենասիրական դաստիարակության մասին: Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը
լուսանկարվել է աշակերտների հետ խորհրդարանի նիստերի դահլիճում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն