Բաժիններ՝

Շարժայի կառավարիչ շեյխը հայությանն առնչվող հայտարարություն է արել

Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում և առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ: Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին պատմական հետազոտությունների հեղինակ է և հայտնի է իր բազմաթիվ բարեգործություններով:

Նա Հայաստանում Հաղարծին վանքային համալիրի հիմնանորոգման ֆինանսավորողն է, ինչի համար արժանացել է համատարած հիացմունքի՝ պատմության մեջ մնալով այն եզակի մահմեդականներից, ով հսկայական գումար է նվիրաբերել քրիստոնեական կրոնական համալիրի հիմնանորոգման համար: 75-ամյա Ալ Քասիմին կարևոր ու ազդեցիկ դեմք է համարվում արաբական աշխարհում. նա իշխանության է եկել 1972 թվականին, երբ թագավորը (իր եղբայրը) սպանվել է հեղաշրջման փորձի ժամանակ:
2005-ին շեյխը, Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մեծահարուստ հայերի հետ եղել է Հայաստանում և հենց այդ ժամանակ էլ, այցելելով Հաղարծին, հիացել է վանքի պատմությամբ ու խորհրդավորությամբ և խոստացել հիմնանորոգել այն:

Ջուլֆար քաղաքի հայկական ծագմանն առնչվող հայտարարությունը շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին նախ արել է նոյեմբերի սկզբին Շարժայի Գրքի միջազգային փառատոնի ժամանակ, այնուհետև այն գրառել է իր անվամբ կայքում և խոստացել իբրև պատմաբան ու հետազոտող միջոցներ ներդնել և ավելի հանգամանալից պարզել (պեղումների և այլ հնարավոր ձևերով) Ջուլֆարի հայկական ծագումը: Շեյխը միաժամանակ հիշել է, որ երբ 1959 թվականին այցելել է Սպահան, տեսել է նոր ջուղայեցիներ, ինչպես նաև հսկա հայկական եկեղեցին՝ ոսկե գմբեթով:

168.am-ի հետ զրույցի ընթացքում պատմաբան, նախիջևանագետ Արգամ Այվազյանը չբացառեց պատմական գիտությունների դոկտոր արաբ շեյխի առաջ քաշած վարկածը, նշելով, որ ջուղայեցիները շրջիկ առևտրականներ են եղել և աշխարհի բոլոր կողմերն էլ հասել են. «Ընդ որում, ոչ միայն շրջել և առևտուր են արել, այլ նաև՝ հիմնավորվել և բնակվել են»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ մնում է միայն պարզել նշված հայտարարության որոշ մանրամասներ, ինչպես օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունների նշված բնակավայրը հի՞ն, թե՞ նոր ջուղայեցիներն են հիմնել, հայկական ի՞նչ հետքեր են պահպանվել այդ վայրում և այլն:

Արաբ շեյխը այս հայտարարությամբ միաժամանակ ժխտել է արաբ պատմագիտության այն տվյալը, որ միջնադարյան արաբ հանրահայտ նավավար Ահմադ Իբն Մաջիդը ծնվել է Ջուլֆարում: Շեյխն ասել է. «Ջուլֆար քաղաքը հայկական ինքնամփոփ և փակ կառույց էր և Իբն Մաջիդը չէր կարող այնտեղ ծնված և բնակված լինել»:

Հայտարարությունը ոգևորություն է առաջացրել Արաբական Միացյալ Էմիրությունների հայության շրջանում. սոցիալական ցանցերում նրանք ակտիվ քննարկում են թեման՝ ցանկություն հայտնելով վարկածը հաստատվելուց հետո դիմել շեյխին և առաջարկել հայկականացնել Ռաս ալ-Խայմայի պատմական կենտրոնը: Տեղի հայերը չեն մոռացել շեյխի մեկ այլ առատաձեռն նվիրատվություն՝ 1990-ականներին նա Շարժայի եկեղեցու հողատարածքը նվիրաբերել է հայերին, և նրա նվիրաբերած այդ տարածքի վրա այսօր գործում է Շարժայի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս