Ստեփան Սաֆարյան. ՀԱԿ-ի հայտարարությունն ապացուցում է, որ Եռյակի որոշիչ ուժը ԲՀԿ-ն է
Եռյակում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների տարաձայնությունները ոչ միայն սպասելի զարգացում են, այլև, ինչ-որ իմաստով, տարեվերջին «թեժ աշունը» փակելու մի հնարք: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները:
«Փաստորեն, «թեժ աշնան» փոխարեն ունեցանք թեժացած Եռյակ»,- ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը:
Նշենք, որ Կոնգրեսը երեկ` նոյեմբերի 9-ին, հանդես էր եկել հայտարարությամբ` ԲՀԿ-ին, ըստ էության, քննադատելով շարժումը դանդաղեցնելու համար. «Միասնական գրասենյակների ձևավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։ Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:
Սրան ի պատասխան` ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այսօր տարածել է հաղորդագրություն` նշելով, թե ԲՀԿ պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում` նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին: Միաժամանակ նա ավելացրել է.
«Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահի»:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ՀԱԿ-ի հայտարարությունը ուղղակիորեն ապացուցում է, որ Եռյակի գլխավոր և որոշիչ ուժը ԲՀԿ-ն է:
Այս գործընթացի առանձնահատկությունը, վերլուծաբանի խոսքով, այն է, որ «Բարգավաճը» ոչ միայն գլխավոր ուժն է` կազմակերչպական, ֆինանսական և այլ ռեսուրսների առումով, այլ նաև այնպես է կառուցել գործընթացը, որ իրենից է կախված իշխանափոխության շղթայի ամբողջացումը. «ԲՀԿ-ի ամբողջ ռազմավարությունը հենց դա է` սարսափեցնել հանրապետականներին, որ եթե իր առաջադրած պահանջները չկատարվեն, այդ դեպքում ինքը կմիանա մյուս երկուսին և և կամբողջացնի իշխանափոխության անավարտ շղթան, որովհետև Եռյակի երկու քաղաքական ուժեր արդեն իսկ դնում են իշխանափոխության պահանջը, և մնացել է միայն ԲՀԿ-ն:
Այսինքն` ԲՀԿ-ն իր մոտ է պահում այդ կապիտալը, բանալին: Եվ քանի որ ինչ-ինչ խնդիրների լուծումը տեղափոխվել է ապագա, ուստի ԲՀԿ-ն, բնականաբար, չի կարող շտապել: Այս իմաստով թերևս կապ կտեսնենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի արձագանքի հետաձգման և սրա միջև»:
Մեր զրուցակիցը սրանով է բացատրում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ինքը չի շտապելու:
Ճի՞շտ կլինի այս ամենից եզրակացնել, որ ԲՀԿ-ն իրականում նախապատրաստվում է 2017-18 թթ. հերթական համապետական ընտրություններին, այլ ոչ թե ձգտում է արտահերթ իշխանափոխության հասնել:
Պատասխանելով մեր հարցադրմանը` վերլուծաբանը նշեց, որ անգամ ԲՀԿ-ի հայտարարած «միասնական շտաբերը» իրենց տեսակով ուղղված են գալիք խորհրդարանական ընտրություններին:
«Չնայած ԲՀԿ-ի տարբեր մակարդակի գործիչների ակնարկներին, այնուամենայնիվ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն առավելապես մեզ բերում է այն մտքին, որ ԲՀԿ-ի ռազմավարությունը կառուցված է 2017-18 թթ. թիրախով: Եվ թերևս դրա վառ ապացույցն էր հենց սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության դեմ պայքարը: Հենց դա է ասում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է 2017-18 -ին, երբ իր կարծիքով` Սերժ Սարգսյանը կվերարտադրեր ՀՀԿ-ի իշխանությունը:
Հետևաբար, ճիշտ կլինի ասել, որ, այո´, այս առումով խիստ տարբերություն կա մի կողմից` ԲՀԿ-ի և մյուս կողմից` ՀԱԿ-ի ու «Ժառանգության» դիրքորոշումների միջև. եթե ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հույսեր են փայփայում, որ կարագացնեն ԲՀԿ-ին, ապա ԲՀԿ-ն սկզբից ևեթ հայտարարում է, որ ինքն ուղղակի չի շտապում,- ասաց Ստեփան Սաֆարյանը` ավելացնելով,- Խնդիր ունի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մտածում էր, որ ինքն է թելադրում ԲՀԿ-ի ռազմավարությունը: Սրան հակառակ` ես միշտ նշել եմ, որ ԲՀԿ-ն Ազատության հրապարակում է ոչ թե Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության», այլ իր ռազմավարության շրջանակներում»: