
Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ. Կոնգրեսը՝ ԲՀԿ-ին

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
1. Ս.թ. նոյեմբերի 6-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել հանրապետության բոլոր կարեւոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձեւավորելու մասին։
2. Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։
3. Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
4. Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։
Հայ ազգային կոնգրես