Ավելի քան 200 երիտասարդ իր տոնը նշեց անվարձահատույց արյունատվությամբ
Նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված արյունատվական ակցիայով մեկնարկեց երիտասարդական տոներին նվիրված մեկշաբաթյա միջոցառումների շարքը։ Արյունատվական ակցիային մասնակցում են ավելի քան 200 երիտասարդներ՝ տարբեր բուհերից, հասարակական կազմակերպություններից, կամավորներ։
Պատահական չէ այս միջոցառման ընտրությունը, քանի որ կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ արյունատվական ակցիաներ Երիտասարդական հիմնադրամն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պարբերաբար անցկացնում են։ «Նման ակցիաները շատ կարևոր են, քանի որ երիտասարդների միջոցով մենք կարողանում ենք բարձրաձայնել խնդիրը, այն է՝ Հայաստանում անվարձահատույց դոնորի կարիք կա։
Երիտասարդները գալիս են այստեղ՝ գիտակցելով, որ իրենց արյունը կփրկի կյանքեր։ Նրանք նման ակցիաներին մեծ ոգևորությամբ են արձագանքում։ Մեր երիտասարդներն իրենց դրսևորում են սահմանի վրա։ Նրանք, ովքեր այս պահին կրթություն են ստանում, մասնակցություն են ունենում նման ծրագրերին։ Ես շնորհավորում եմ երիտասարդներին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Մեր երիտասարդն այսօր շատ տարբերվող է, մրցունակ է, նպատակասլաց է, ձեռք բռնող և օգնող»,- նշեց Կարեն Ավագյանը։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում կա արյան դոնորների թվի պակաս։ «Նման ակցիաները խրախուսելի են։ Երիտասարդների ներգրավումը համալրում է արյան բանկը, և ունենում ենք թարմ արյան բաղադրամասեր։ Կան արյան չարորակ հիվանդություններով տառապող մարդիկ, ում մեկ հիվանդության բուժման կուրսի ընթացքում անհրաժեշտ է շուրջ 20 դոնորից ստացված արյան բաղադրամասեր։ Այս հարցում օգնության են գալիս հասարակության անդամները, ում արյունը փոխներարկում ենք հիվանդներին»,- ասաց պարոն Դաղբաշյանը։
Արեգ Գալստյանը 20 տարեկան է, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, արդեն 6-րդ անգամ է հանդես գալիս անվարձահատույց դոնորությամբ։ Ասում է, որ նաև իր ընկերներին է խորհուրդ տալիս ներգրավվել նման ակցիաների, քանի որ աննկարագրելի զգացողություն է, երբ մտածում ես, որ քո արյունը կարող է փրկել մարդկանց կյանքեր։
Երիտասարդներն արյուն տալուց առաջ ենթարկվում էին բժշկական զննումի, և հակացուցումներ չունենալու դեպքում էր միայն նրանց թույլ տրվում կատարել արյունատվություն:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային (նշվում է նոյեմբերի 17-ին) տոներին։ Մասնավորապես, Նկարիչների միությունում կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կբացվի համակարգչային լսարան, ԵՊՀ-ում տեղի կունենա երիտասարդական կազմակերպությունների խորհրդաժողով-ցուցահանդես, ֆուտբոլային խաղ՝ երիտասարդների և պաշտոնյաների թիմերի միջև, երաժշտությունն անիվների վրա ծրագիրը։ Եվ միջոցառումների շարքը կեզրափակվի նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Մարզահամերգային համալիրում հարվիրվելիք մեծ համերգով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն