Գյուղական շրջանների դպրոցները կմիավորվեն ՊՈԱԿ-ներում
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է խորհրդակցություն մի շարք նախարարների եւ վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող հարցեր, հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոքրաքանակ աշակերտ ունեցող դպրոցները միավորել պետական ոչ առեւտրայինկազմակերպություններում, ինչը թույլ կտա նրանց կառավարումը կազմակերպել կենտրոնացված մեթոդներով: Վարչապետի խոսքով, այս գործընթացը կրթօջախների աշխատակիցների կրճատումներ չի ենթադրում, այլ ուղղակիդպրոցների իրավական կարգավիճակն է փոխում՝ դրանք միավորելով ՊՈԱԿ-ների մեջ:
Քննարկվել է նաեւ գյուղական համայնքներում գործող բոլոր պետական մանկապարտեզները դպրոցներին կից՝ մեկ վարչական կառույցում միավորելու հարցը: Այդ համատեքստում ընդգծվել է, որ նպատակահարմար չէփոքր մանկապարտեզներում առանձին վարչական հաստիքներ ունենալ:
Որոշման ընդունման պարագայում՝ շրջվարչակազմերից որոշ ֆինանսատնտեսական հարցերի հետ կապված լիազորություններ կտրվեն նոր ստեղծվող ՊՈԱԿ-ներին՝ վարչակազմերի կրթության բաժիններին թողնելով միայն ուսումնադաստիարակչական գործառույթները:
Խորհրդակցության քննարկմանը ներկայացված մյուս հարցի՝ աշնանացանի աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ գյուղնախարարի՝ չնայած վերջին օրերի եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ինտենսիվորեն վերսկսվել են աշնանացանի աշխատանքները: Մասնավորապես, հերկված 23 հազար հեկտար հողատարածքից 6500 հեկտարի վրա ցանքս է արվել: Հողօգտագործողների կողմից «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» շուրջ 2,200 տոննա դիզվառելիքի հայտ է ներկայացվել, որը տրամադրվում է 1լ՝ 100 դրամ սուբսիդավորվմամբ:
Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ աջակցության շրջանակներում սուբսիդավորված պայմաններով հողամշակներին տրամադրվում է նաեւ սելեկցիոն եղանակով ստացված առաջին եւ երկրորդ վերարտադրության ցորենի բարձրկարգի սերմացու՝ համապատասխանաբար 220 եւ 210 դրամով՝ 270 եւ 260 դրամի փոխարեն: Ա. Խաչատրյանի հավաստմամբ՝ պարարտանյութերի պահանջվող առաջնային ծավալն արդեն պահեստներում է:
Վարչապետի այն հարցադրմանը, թե արդյոք գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրներ կան հերկի եւ ցանքսի աշխատանքների ժամանակ, գյուղնախարարը նշել է, որ վերջին տարիներին զգալի քանակի ներկրվածգյուղտեխնիկայի շնորհիվ նման խնդիրներ, ընդհանուր առմամբ, այլեւս չեն առաջանում: Այդ համատեքստում նա հավելել է, որ այս տարվա ընթացքում արդեն 80 բելառուսական արտադրության տրակտորներ են ներկրվել հանրապետություն, եւ շուտով գերմանական արտադրության 20 տրակտորներ եւս կբերվեն, որոնք լիզինգային հիմունքներով կտրվեն հողօգտագործողներին: Ծրագրի շրջանակում կներկրվեն նաեւ շուրջ 15 կոմբայններ: Վարչապետի խոսքով՝ նշյալ ծրագրի միջոցով գյուղտեխնիկայի սղության խնդիրը կլուծվի հանրապետությունում:
Խորհրդակցության ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ, քննարկվել են նաեւ շրջաններում տնային սպասարկման եւ զբաղվածության մասնագետների ինստիտուտներ ներդնելու հետ կապված մի շարք հարցեր: