Վարդան Պետրոսյանի գործով ապացույցն անթույլատրելի կճանաչվի՞
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը լրացրեց դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը: Փաստաբանն ասաց, որ հնարավոր չեղավ պարզել, թե ով է մասնակցել դեպքի վայրի զննությանը՝ որպես ընթերակա:
Այսինքն, ըստ փաստաբանի, հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք նա իրավունք ունեցել է մասնակցել քննչական գործողությանը, թե՞ ոչ, արդյո՞ք նա բացարկման ենթակա անձ է, թե՞ ոչ: Փաստաբանի խոսքով՝ դատարանում պարզվեց, որ անձանցից մեկը, թեև ստորագրել է դեպքի վայրի զննության արձանագրության տակ, սակայն չի մասնակցել դրան, նրան չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պարզվել է նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությանը կից սխեմայում չեն նշվել հետքեր, որոնք առկա են դեպքի վայրում, և նշվել են հետքեր, որոնք առկա չեն դեպքի վայրում: Փաստաբանը նշեց, որ չի կարող ասել՝ դա դիտավորությա՞մբ է եղել, թե՞ ոչ:
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ քննիչը Թորգոմ Եգորյանին բացատրել է նրա իրավունքները և պարտականությունները՝ որպես մասնագետ, նախազգուշացրել մասնագետի կողմից պարտականությունները չկատարելու համար նախատեսված պարտականությունների մասին:
Նա նշեց, որ օրենսդիրը սահմանել է՝ որպես մասնագետ կարող է մասնակցել այն անձը, ով ներկայացնում է հատուկ որակավորում ունենալու մասին փաստաթուղթ, սակայն Թ. Եգորյանը հատուկ որակավորում չունի, ուստի չէր կարող մասնակցել՝ որպես մասնագետ: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված չէ կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման պայմանների մասին, մասնակիցներին դրանց օգտագործման մասին նախազգուշացնելու վերաբերյալ: Ըստ փաստաբանի՝ կատարվել են ուղղումներ, սակայն բացակայում է մասնակիցների ստորագրությունը, որ դրանք կատարվել են նրանց գիտությամբ:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ զննության մասնակիցները պետք է ստորագրեին դրա տակ, սակայն որպես մասնագետ մասնակցած Մկրտիչ Խուդավերդյանը ցուցմունք է տվել, որ մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը: Նա մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ նշելով, որ քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաև ընթերակայի և այլ անձանց ցուցմունքներով:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն էլ ուշադրություն հրավիրեց երկու անձանց ցուցմունքների վրա: Նրա խոսքով՝ անձանցից մեկը ստորագրել էր արձանագրության տակ՝ առանց կարդալու, մյուսն էլ, լինելով ոստիկան, հարցին՝ արդյոք կարո՞ղ է թվարկել իր իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել է՝ ոչ: