Գագիկ Ծառուկյանին ես չէի համեմատի այլոց հետ. Տիգրան Կարապետյան
«Ես կառանձնացնեի Գագիկ Ծառուկյանին, որովհետև այս տխուր երկրում (իշխանությունը տխրեցնում է բոլորին), որտեղ բոլորը մտածում են սեփական հարստացման մասին, գոնե կիսվողներ կան, որոնցից մեկը Գագիկ Ծառուկյանն է,որն ունակ է կիսվելու»,- այս կարծիքին է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով, իր իսկ խոսքերով, «բարոյազրկված» ընդդիմության մասին, առանձնացրեց ԲՀԿ առաջնորդին։
Ըստ նրա՝ Գ.Ծառուկյանը որոշակիորեն իր ունեցվածքով կիսվում է ժողովրդի հետ՝ ի տարբերություն մնացածի, բարեգործություն է անում: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ հարկ չի մուծում, բարեգործություն է անում, նա այսպես արձագանքեց. «Դե հարկ ոչ մեկը չի մուծում, խի՞ բարեգործություն չեն անում: Մարդ պետք է ներքուստ կիսվելու ունակ լինի»:
Այն տեսակետին, որ Հայաստանում օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել, Տ.Կարապետյանը արձագանքեց. «Դե Ուկրաինայում օրինակ օլիգարխներն էին ընդդիմադիր և հեղափոխություն արեցին: Ես չեմ ասում, որ դա լավ է: Ես ասում եմ՝ արդարը պետք է լինի: Բայց, համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանին ես չէի համեմատի այլոց հետ, որովհետև լումա ունի ներդրած մեր ժողովրդի համար: Դուք կարող եք համարել դա քիչ է, մյուսը կարող է համարել դա շատ է»:
Տ. Կարապետյանի խոսքով՝ բոլոր գումարները, որ մտնում են Հայաստան, իշխանությունը չի տալիս ժողովրդին. «Բարձրահարկ շենքերն է կառուցում, հարստություն է դիզում: Այդ պայմաններում, երբ որևէ մեկը սկսում է որոշակիորեն կիսվել, դա, համենայնդեպս, գովելի է: Ես էլ էի ժամանակին բարեգործություն անում»:
Լրագրողներից մեկի հարցին՝ եթե Գ. Ծառուկյանը գնա իշխանափոխության, բիզնեսները նրա ձեռքից չե՞ն վերցնի, ինչպես Խաչատուր Սուքիասյանի դեպքում եղավ, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Այն պայմանները չեն, որ Սուքիասյանից վերցրեցին: Հիմա իշխանությունը մի քիչ թուլացել է»:
Հարցին՝ Ձեզ կարելի՞ է տեսնել ԲՀԿ-ի կողքին կանգնած, Տ.Կարապետյանը պատասխանեց, որ ինքը յուրաքանչյուր ուժի կողքին կլինի, եթե տեսնի, որ դա ռեալ իշխանափոխություն է. «Որովհետև ես չեմ պատկերացնում, որ հաջորդ իշխանությունը լինի այդքան վատը, որքան այժմյան իշխանությունն է»: