Ինչ խնդիր է դրել իր առջև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ըստ Տիգրան Կարապետյանի

«Հանրահավաքներ են անում, որ տեղը թափուր չմնա, վախենում են, որ մի հատ Շանթի պես խելառ ի հայտ կգա (բայց արդար) ու ժողովուրդը իր հետևից կգնա»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով ոչ իշխանական եռյակի գործունեության մասին:

Նա հիշում է, որ երբ ինքը հանրահավաք էր կազմակերպել, Լևոն Տեր-Պետրոսյանը 6 ամիս էր դուրս չէր եկել հանրահավաքի, հենց տեսավ, որ ինքը 40 հազար մարդ հավաքեց, մյուս օրը հանրահավաք արեց. «Որովհետև իրենք վախենում են նոր ուժից»:

Հարցին՝ հնարավո՞ր է եռյակը պառակտվի, ու պայքարը թուլանա, Տ.Կարապետյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ նրանց շահերը դեռ համընկնում են:

Դիտարկմանը՝ գաղափարները չեն համապատասխանում,Տ . Կարապետյանն այսպես արձագանքեց. «Իսկ դուք մտածում եք մեր կուսակցությունները գաղափարախոսությո՞ւն ունեն: Որտե՞ղ եք տեսել: Բոլորն ինտերնետից վերցնում են գաղափարախոսությունը»:

Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում էր ՀՀՇ-ն անցկացներ խորհրդարան, այդպես էլ արեց. «Ի՞նչ գաղափարախոսություն եք ուզում դուք տեսնել, ժողովրդավարակա՞ն: Մի հատ ասեք՝ որտե՞ղ են ժողովրդի մասին մտածում: Մտնում են Եվրասիական միություն: Շուկա ենք շահում: Բայց մենք ունա՞կ ենք որևէ մի բան տալ այդ շուկային»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ է պետք ձեզ հավատալու, որ այս ընդդիմությունը արժանի է, որ դուք կանգնեք իրենց կողքին, նա այսպես պատասխանեց.
«Որ ոչ թե ժողովրդի մի մասին ավտոբուսով բերեն, այլ որ ինքնաբուխ ժողովուրդը հավաքվի: Որ ժողովուրդը հավատա: Ժողովուրդը չի հավատում: Ես մեծ շրջապատ ունեմ և շփվում եմ մարդկանց հետ: Իրենք չեն հավատում»:

Հարցին էլ՝ ի՞նչ խնդիր է իր առջև դրել Լևոն Տեր-Պետրոսյանը, Տ.Կարապետյանը պատասխանեց. «Ամրապնդվի, շատանա, բազմանա, որ գա իր ժամը»:

Տեսանյութեր

Լրահոս