«Իշխանությունները եթե գնացող լինեին, կգնային». Տիգրան Կարապետյան

«Իշխանությունները եթե գնացող լինեին, կգնային։ Գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք, սահմանադրական բարեփոխումները լրացուցիչ հնարավորություն են իշխանությունների և իրենց չակերատավոր ընդդիմության մանյովրի համար»,- այս տեսակետն այսօր հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Տ. Կարապետյանը համարում է, որ Հայաստանը երբևէ չի բարելավվի, եթե անարդար իշխանություն և անարդար ընդդիմություն ունի. «Այդ երկու ուժը, մրցակցելով միմյանց հետ, հնարավորություն են տալիս ժողովրդին որոշ փոփոխությունների: Մենք չունենք այդ հնարավորությունը»:

Նա կարծում է՝ ընդդիմության գործը իշխանություններին հայհոյելով չէ միայն. «Արտաշես Գեղամյանն այն ժամանակ իշխանություններին ինչպես էր հայհոյում՝ ասում էր՝ թուրքեր, հեռացեք: Ինչ ասես ասում էր: Հիմա որտե՞ղ է: Աջ թևի տակ, խեղդվում է այնտեղ: Ընդդիմությունը պետք է բարոյական իրավունք ունենա…»:

Հարցին՝ բարոյազրկվա՞ծ է ընդդիմությունը, Տ. Կարապետյանն այսպես պատասխանեց.
«Դե, մարտի 1-ից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հանրապետության առաջին նախագահը, դուրս չեկավ, արդեն բարոյազրկվեց, սնայպերներից վախեցավ, թե ինչ, համենայնդեպս մնաց տանը: Դրան գումարենք նաև, որ հիմա Նիկոլ Փաշինյանի հետ չի, մտածելու տեղիք է տալիս: Նույն պատմությունն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի և Ստեփան Սաֆարյանի խաղերն են: Ստեփան Սաֆարյանն ասում է՝ ես հետազոտական կենտրոնի ղեկավար եմ: Այդ ե՞րբ դարձար: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ղեկավար, ինքն այնտեղ քարտուղարուհի-քարտուղար էր: Ես այն ժամանակ իրեն հրավիրում էի եթերի, ինքն ասում էր՝ տեղեկություն ենք տալիս: Ի՞նչ տեղեկություն: Հետո եկավ Ջոն Կիրակոսյանը բացահայտ ասաց՝ ինչի համար էր այդ կենտրոնը՝ «Ցե-Էռ-Ու»-ի: Իրենք միշտ էլ երկու խաղ են խաղում»:

Հարցին էլ՝ հիմա որտե՞ղ են, Տ.Կարապետյանն այսպես արձագանքեց.
«Տո ջանդամն են, ես շատ գիտեմ՝ որտեղ են: Համենայնդեպս, խոսքը գնում է արդարի մասին: Մենակ արդարը կարող է որևէ մի բան ստեղծել այս երկրում, որ ժողովուրդը հավատա: Եթե արդարություն չկա մեջը, չի կարող անել»:

Ըստ Տ.Կարապետյանի՝ խնդիրները կլինեն գալիք ընտրություններին. «Մի քանի խաղ են խաղալու իշխանությունները, որ ժողովուրդն ընտրի չարիքի նվազագույնը: Իշխանությունը դա միշտ արել է ու միշտ էլ կանի»:

Հարցին՝ ուրվագծվո՞ւմ է՝ այդ խաղի տանողները ովքեր են, ԺԿ նախագահը պատասխանեց՝ դեռ ոչ, դեռ ներգրավվում են:

Տեսանյութեր

Լրահոս