Մարտունին կունենա ավելի բարեկարգ փողոցներ
2016 թ. Մարտունին կունենա վերանորոգված ու ավելի բարեկարգ փողոցներ: Այս մասին karabakh-open.info-ի հետ զրույցում նշեց Մարտունի քաղաքի ճարտարապետ Նարեկ Քամալյանը:
Մարտունու ծայրամասային փողոցների անմխիթար վիճակից բնակիչները տարիներ շարունակ դժգոհում էին, սակայն հարցն այդպես էլ մնում էր, փոխարենը կենտրոնական փողոցներն են մի քանի անգամ բարեկարգվել, ինչը նույնպես դժգոհության առարկա էր մյուս փողոցի բնակիչների համար։ Այստեղ ճանապարհներն ասֆալտապատման աշխատանքներ չեն տեսել տասնյակ տարիներ:
Այս տարվա հունիսին քաղաքի ծայրամասային՝ Մ.Մաշտոց եւ Ա.Ավանեսյան փողոցներում սկսվեցին վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Ղարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամի կողմից, որի շրջանակներում կքարապատվեն Մարտունի քաղաքի ծայրամասային փողոցները։