
ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի բացառում, որ Ռուսաստանի դեմ կարող են սահմանվել նոր պատժամիջոցներ, եթե չիրագործվեն Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կից Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բեռնադետ Միհենը՝ մեկնաբանելով նոյեմբերի 2-ին ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրությունները.
«Մենք քանիցս ասել ենք, որ Ռուսաստանն ունի ընտրություն: Եթե նա աջակցի խաղաղության գործընթացին ու պահպանի Մինսկում ստանձնած պարտավորությունները, ապա կնվազի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների համար գինը:
Եթե Մոսկվան շարունակի անտեսել Մինսկում ստանձնած պարտավորությունները և շարունակի իր ապակայունացնող ու վտանգավոր գործողությունները, ապա Ռուսաստանի համար կաճի գինը:
ԱՄՆ-ը դատապարտում է կիրակի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի շարք հատվածներում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների անցկացրած ապօրինի, այսպես կոչված ընտրությունները:
Այդ կեղծ ընտրությունները հակասում են Ուկրաինայի սահմանադրությանը, հատուկ կարգավիճակի մասին օրենքին ու ընտրելու բազային նորմերին: Ընտրություններ անցկացնելն ուղիղ հակասել է սեպտեմբերյան մինսկյան համաձայնագրերին»: