Եգիպտոսի զինյալները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական «Անսար Բեյթ ալ-Մակդիս» իսլամական խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»: Նրանց տարածած հայտարարությունում նշված է, որ իրենք որոշել են հավատարմության երդում տալ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Բացի այդ, Եգիպտոսի իսլամականները հայտարարել են, որ աջակցում են Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» գործողություններին: Սրանից առաջ քանիցս հաղորդվել էր, որ «Ալ-Քաիդայի» ենթակայության տակ գտնվող «Անսար Բեյթ ալ-Մակդիս» խմբավորումն իր հարձակումները համակարգում է «Իսլամական պետության» հետ:
Հոկտեմբերի սկզբին «Իսլամական պետության» զինյալներին իրենց օգնությունն էին առաջարկել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ հպարտանում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի դեմ «Իսլամական պետության» մղած պայքարով: