Բաժիններ՝

«Օրենքով գողին» թույլ չտվեցին թռչել կեղծ փաստաթղթերով

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձանց համար գործում է սահմանային հսկողության խստացված համակարգ։ Նրանց բոլոր ուղևորությունները հսկվում են և գրանցվում տվյալների հատուկ բազաներում։ Գաղտնիության և անարգել տեղաշարժման նպատակով «օրենքով գողերը» հաճախ օգտագործում են կեղծ փաստաթղթեր։ Ընդ որում, նրանք հիմնականում չեն բռնվում։

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, ուրբաթ օրը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ուկրաինայի քաղաքացի 40-ամյա Ալեքսեյ Սուրկովը, ով պատրաստվում էր մեկնել Շերեմետևո օդանավակայանից։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ Սուրկովն իրականում «օրենքով գող» Ալեքսես Գուդինան է, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Լյոխա Իրկուտսկի։ Պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Սա առաջին դեպքը չէ, երբ Գուդինան փորձում է հանդես գալ այլոց անուններով։ Տարբեր ժամանակներում նա հանդես է եկել որպես Անդրեյ Իլյին և Անդրեյ Սիդորենկո։ Հենց այս անունով էր նա թաքնվում 2001 թվականից ի վեր, երբ բեմադրել էր սեփական մահը։ Գուդինան ցանկանում էր այդ կերպ խուսափել 1993թ. կատարած կողոպուտի համար քրեական պատասխանատվությունից։ Նշենք նաև, որ անգամ բացահայտվելուց հետո Գուդինան այդ գործով պատասխանատվության չենթարկվեց։

Սակայն երկուսուկես տարի անց Լյոխա Իրկուտսկին, ով երկրով մեկ հայտնի դարձավ լենինգրադյան երկրամասի բանտերում կազմակերպված հացադուլի շնորհիվ, Մոսկվայում բռնվեց առանձնապես խոշոր չափի հերոին պահելու համար։ Նա դատապարտվեց 5 տարի ազատազրկման և բանտից դուրս եկավ 3 տարի առաջ։

Կեղծ անձնագիրը ոչ միայն չազատեց նրան իրավապահների հետ առերեսվելուց, այլև նոր մեղադրանքի հիմք հանդիսացավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս