Կարեն Անդրեասյանը՝ Գևորգ Կոստանյանի՝ ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ լինելու մասին. «Յուրօրինակություն» ես էլ եմ տեսնում, սակայն դա չի նշանակում, որ դրա մեջ կա շահերի բախում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվեցին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Նելիկ Հարությունյանը: Մի քանի փաստաբաններ խոսելով մրցույթի մասին՝ ասացին, որ այն օբյեկտիվ չի եղել, ձևական բնույթ է կրել: Մրցույթի մասին մեր հարցերին պատասխանել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մրցույթն անցկացնող հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն ու դրա ընթացքը:

– Հիմնականում՝ դրական:

– Որոշ փաստաբաններ հայտարարեցին, որ մրցույթն օբյեկտիվ չի եղել՝ հաշվի առնելով, որ թեկնածուների գնահատման օբյեկտիվ չափորոշիչներ չեն եղել: Մասնավորապես, Լուսինե Սահակյանը կարծիք է հայտնել, որ անհասկանալի է՝ ինչ չափորոշիչներով են գնահատել հավակնորդներին: Ի՞նչ կարծիքի եք այս հայտարարության մասին:

Կարդացեք նաև

– Զերծ կմնամ երրորդ անձանց կարծիքները մեկնաբանելուց:

– Անցկացվող մրցույթին մասնակցում էին անձինք, ովքեր աշխատում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդմների ենթակայության տակ: Օրինակ՝ Նելիկ Հարությունյանն աշխատում է ՀՀ դատախազությունում, իսկ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդգրկված էր հանձաժողովի կազմում, Եղիշե Կիրակոսյանը ՀՀ ՍԴ նախագահի օգնականն է, իսկ Գագիկ Հարությունյանը՝ մրցույթն իրականացնող հանձնաժողովի անդամ: Արդյոք այս հանգամանքն արդեն կասկածի տակ չի՞ դնում հանձնաժողովի անդամների օբյեկտիվությունը:

– Քանի որ չկային ինքնաբացարկի մեխանիզմներ, մրցութային հանձնաժողովի անդամները չէին կարող ինքնաբացարկ հայտնել: Ինչպես տեսանք մրցույթի արդյունքներից, Սահմանադրական դատարանի աշխատակիցը չհայտնվեց եռյակում: Միշտ չէ, որ այս կամ այն անձի՝ հանձնաժողովում լինելն ունենում է կոնկրետ ազդեցություն և ստեղծում է վտանգներ:

– ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ հաղթող ճանաչվեցին Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը, Նելիկ Հարությունյանը: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կարող են վերջիններս լիարժեք իրականացնել իրենց պարտականությունները:

– Կոռեկտ չեմ համարում գաղտնի վարկանիշային քվեարկության վերաբերյալ անձնական տեսակետ հայտնել՝ անկախ նրանից, թե այդ անձանցից ում վերաբերյալ ինչպիսին է իմ կարծիքը:

– Կարծիքներ հնչեցին նաև, որ մրցույթի ընթացքում հատուկ վերաբերմունք է եղել Վահե Գրիգորյանի նկատմամբ: Համաձա՞յն եք արդյոք այս կարծիքին:

– Առանձին կարծիքներ չեմ մեկնաբանում: Ես ինքս բոլորին տվել եմ նույն հարցը մրցույթի նույն փուլում: Մյուս անդամների վերաբերյալ կարծիքները մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում:

– Արդյոք արդյունավե՞տ է, Ձեր կարծիքով, մրցույթի անցկացման կարգը:

– Ինքնին ողջունելի է, որ մրցույթով է անցկացվում նման ընտրությունը: Գործընթացը դրական եմ գնահատում: Տեխնիկական դժվարություններ, իհարկե, կարող են լինել: Սա առաջին փորձն էր: Հետագա փուլերում մրցույթի անցկացումը կարող է կատարելագործվել:

– Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, խոսելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ լինելու մասին, ասել էր, որ դա շատ յուրօրինակ իրավիճակ է: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են համատեղելի այս երկու պաշտոնները:

– Չեմ ցանկանա մեկնաբանել երրորդ անձի կարծիքը, նույնիսկ, եթե իմ կողմից հարգված կոլեգա է: «Յուրօրինակություն» ես էլ եմ տեսնում, սակայն դա չի նշանակում, որ այդ «յուրօրինակության» մեջ կա շահերի բախում: Նման բացասական երևույթի ծանոթ չեմ:

Տեսանյութեր

Լրահոս