«Հայաստանի «Ազգային հերոսը» միանշանակ պիտի ասեր, որ Ղարաբաղը հայկական հող է»

Ինչո՞ւ Ռուսաստանը կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել այդ կառույցին:

Երկու օր առաջ հենց այս հարցն են Երևանում տվել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի բարձրագույն` «Ազգային հերոսի» կոչումը կրող Նիկոլայ Ռիժկովին, ինչին ի պատասխան նա ասել է, թե Ղրիմը պատմական ռուսական հող է, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում նախևառաջ պետք է հստակեցնել նրա կարգավիճակը, և «եթե այն կլինի հայկական տարածք, ապա հարց չկա»:

Անդրադառնալով Ռիժկովի այս հայտարարությանը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը 168.am-ի հետ զրույցում նշեց` եթե Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել օտարերկրյա պաշտոնյաների նախկին սկանդալային հայտարարություններին, ապա պետք չէ զարմանալ, որ լռում են նաև Ռիժկովի դեպքում:

Մակեյանի մեկնաբանությամբ`Նիկոլայ Ռիժկովը ժամանակին եղել է խորհրդային գերտերության երկրորդ դեմքը և նա այսօր էլ չի փոխվել իր հոգեվիճակով, այսինքն` նույն ձևով սպասարկում է ներկայիս գերտերության շահը:

«Եթե մեր ներկայացուցիչը, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը հանդուրժեց Նազարբաևի ալիևյան այդ ուղերձը, լսեց ու չպատասխանեց, ապա ինչի՞ ենք զարմանում, թե Ռիժկովը կամ վաղն էլ Միացյալ Նահանգներից որևէ մեկն ինչ կասի,- ասաց Պետրոս Մակեյանը: – Եթե դու, որպես պետություն, որպես իշխանություն, չես կարողանում ներկայացնել քո շահերը, այդ դեպքում և´ Ռիժկովը, և´ Արևմուտքը, և´ Հյուսիսը, բոլորն էլ իրենց ցանկացած ազատություն կտան նման բաներ ասելու»:

Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր հերթին հարցի առնչությամբ նշեց, որ «Հայաստանի «Ազգային հերոսը» միանշանակ պիտի ասեր, որ Ղարաբաղը հայկական հող է, սակայն միաժամանակ ավելացրեց, որ այս հարցին ավելի պրագմատիկ տեսանկյունից պետք է նայել:

Շեշտելով, որ Ղարաբաղը մշտապես եղել է պապենական, հայկական հող և կմնա այդպիսին` ի տարբերություն Ղրիմի, որը Հին Հունաստանից սկսած` մինչև Օսմանյան կայսրություն «ձեռքից ձեռք է անցել», մեր զրուցակիցն ավելացրեց, որ Ռիժկովն այս դեպքում խուսափողական, դիվանագիտական պատասխան է տվել:

«Օրինակ, եթե ես Ուկրաինայի ազգային հերոս եմ, և ինձ Կիևում հարցնում են` Ղրիմն ո՞ւմն է, միգուցե բարոյական, մարդկային տեսակետից կասեմ` Ղրիմը ուկրաինական է: Բայց որպես քաղաքական, պետական գործիչ` ես նմանատիպ խուսափողական պատասխան կտամ, դիվանագիտական ինձ կպահեմ: Ճիշտ եք, Հայաստանի «Ազգային հերոսը» միանշանակ պիտի ասեր, որ դա հայկական հող է: Ես այդ առումով ոչ մի բան չեմ ասում, բայց փորձում եմ ասել, որ մեր մոտեցումը դրան պիտի լինի ավելի հանգիստ: Այլ հարց է, որ… եթե «Մովսես Խորենացու» մեդալը կարելի է յուրաքանչյուր մարդու «դոշին» կախել… իմ կարծիքով` դրա վրա պետք է շատ լուրջ մտածել: Ես լինեի նախագահ` շատ լուրջ կմտածեի` ում ինչ եմ տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս