Ռիչարդ Կիրակոսյան. «Իշխանությունը և ոչ իշխանությունը մրցում են Մոսկվային ավելի շուտ հանձնվելու համար»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, Ռուսաստանի մաքսային ծառայության պետ Անդրեյ Բելյանինովը, մի քանի օր առաջ անդրադառնալով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի հայտնի հարցին, հայտարարել է, թե իրենք չեն խառնվելու հայ մաքսավորների գործերին, բայց նաև մտահոգություն է հայտնել, որ, ի տարբերություն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մյուս երեք երկրների, Հայաստանում աշխատանքային լեզուն ոչ թե ռուսերենն է, այլ հայերենը: Սա պետք է համարենք ինտեգրման ստանդարտ գործընթա՞ց, թե՞ ռուսական ծավալապաշտական նկրտումների հերթական դրսևորումը:

– Առաջին հերթին` սա կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ Հայաստանի կողմից ռազմավարական սխալը` անդամակցելու Եվրասիական միությանը, չի սահմանափակվում միայն տնտեսական կորուստներով. ԵՏՄ-ի վտանգը նաև երկու այլ ոլորտներում է: Առաջինը, եթե առաջ անցնենք տնտեսական գործոններից, ապա այն ավելի է խորացնում Հայաստանի անվտանգության սպառնալիքը, որովհետև դա թույլ է տալիս Ռուսաստանին և ԵՏՄ-ին հետագայում պահանջել Հայաստանից` մաքսակետեր տեղադրել Հայաստանի և ԼՂՀ-ի, Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի սահմանի բացման դեպքում` Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Երկրորդ վտանգը Հայաստանի ինքնավարության և անկախության վնասն է և Ռուսաստանի կողմից ճնշման վտանգը սոցիալական և տնտեսական հարցերում:

Սա նաև ցույց է տալիս Եվրասիական միության և Եվրամիության միջև էական տարբերությունը. Եվրամիության մոդելն ավելի շատ հիմնված է գրավչության և օգուտների վրա, իսկ Եվրասիական միությունն ավելի շատ հիմնվում է ուժի և պարտադրելու սկզբունքի վրա: Օրինակ, Եվրամիությունում կան բազում աշխատանքային լեզուներ` ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, դանիերեն, և այլն: Իսկ ԵՏՄ-ում այժմ ճնշում է գործադրվում Ղազախստանի, Բելառուսի, ինչպես նաև Ղրղըզստանի վրա` ռուսերենն աշխատանքային լեզու հաստատելու համար: Եվ այս ճնշումը կգործադրվի նաև Հայաստանի վրա: Սա արտահայտվում է ինչպես` Ռուսաստանից եկող հայտարարություններով, այնպես էլ` Հայաստանի խորհրդարանի, կառավարության և վերջերս էլ` կրթության և գիտության արձագանքներով:

Կարդացեք նաև

Եվ խորհրդային 70-ամյա իշխանությունից հետո սա վիրավորանք է Հայաստանի անկախությանը: Եթե խոսում ենք համեմատությունների մասին, ապա Եվրամիությունը երբեք չի պահանջել Վրաստանից, Ուկրաինայից կամ մեկ այլ պետությունից` անգլերենը դարձնել աշխատանքային լեզու: Սակայն իմ անձնական մոտեցումն այլ է. ես ամերիկահայ եմ, ով որոշել է ապրել այստեղ` Հայաստանում, ինչը նշանակում է, որ գոյություն ունի որոշակի հայրենասիրություն: Ես կարծում եմ, որ Հայաստանի անկախության համար վիրավորանք է ցանկացած այլ լեզվի կարգավիճակ տալը, և դա չի վերաբերում միայն ռուսերենին: Բանավեճն այլևս պետք է ընթանա ոչ թե` «ո՞վ է ռուսամետ և ո՞վ է եվրոպամետ», այլ` «ո՞վ է հայամետ և հայաստանակենտրոն» հարցի շուրջ:

Օրինակ, ես դեմ եմ Եվրասիական միությանը` իր սեփական արժանիքների պատճառով, բայց ես նաև դեմ եմ, որ Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, ինչպես նաև`  դեմ եմ, որ անդամակցի Եվրամիությանը ա՛յս պահին: Խոսքն անկախությունն ամրապնդելու, ոչ թե ինքնիշխանությունը հանձնելու մասին է: Ես իմ պատմությունը բերեցի` որպես օրինակ:

– Դուք համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Հայաստանում ԵՏՄ-ին դեմ են ընդամենը երկու-երեք տասնյակ անհատներ:

– Իհա՛րկե ոչ` երկու պատճառներով. առաջինը, և՛ Հայաստանի իշխանությունը և՛, այսպես կոչված, ընդդիմությունը, բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության, կողմ են ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, սակայն սխալ պատճառներով: Նրանք դա անում են առանց բանավեճերի, քննարկումների և որևէ վերլուծության: Անգամ սեպտեմբերի 3-ի որոշումը կայացվեց անակնկալ կերպով և միանձնյա` առանց որևէ ուսումնասիրության և իրավիճակի գնահատականի: Սա արտացոլում է անառողջ, հիվանդ քաղաքական դաշտի էությունը, սակայն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ամենաշատը Հայաստանի քաղաքացիներն են տուժելու տնտեսական կորուստներից և գնաճից: Եվ, ի տարբերություն օլիգարխների, փոքր և միջին ձեռնարկատերերը կկորցնեն իրենց հնարավորությունները: Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի ասել, որ ԵՏՄ-ի աջակիցների թիվը Հայաստանում նվազում է և գնալով ավելի է նվազելու, քանի որ խոստացված օգուտները չկան, և ինչպես միշտ` ներդրումներ կատարելու մասին Ռուսաստանի խոստումները չեն իրագործվում:

– Եռյակը, ավելի ճիշտ` Տեր-Պետրոսյանը և Ծառուկյանը, ի՞նչ խնդիր են լուծում Մոսկվային ուղղված իրենց ուղերձներով: Նրանք փորձում են ստանալ Մոսկվայի աջակցությո՞ւնը, թե՞ պարզապես չեն ուզում զայրացնել նրան:

– Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերին, «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար, հետևում է իր օլիգարխիական շահերին և այն շահերին, որ պատկանում են իրենց կնքահորը` Ռոբերտ Քոչարյանին: Այդ շահերը կայանում են Ռուսաստանին հաճոյախոսելու և ԵՏՄ-ին սատարելու մեջ: Ես համաձայն չեմ, սակայն հարգում եմ այդ մոտեցումը:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանին` պետք է ասեմ, որ դա հիասթափության քայլ է, քանի որ նա փորձում է սիրախաղ անել, գրավել Մոսկվային: Իրականում սա ձախողում է և ցույց է տալիս, որ ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկացած են: Այսօր մենք չունենք իրական ընդդիմություն, թեև «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որը սկզբունքորեն դեմ է արտահայտվում ԵՏՄ-ին: Մեզ հարկավոր է նոր ընդդիմադիր ուժի առաջացում Հայաստանում: Հնարավոր է, որ այդպիսի ուժ դառնա, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիրը:

– Տեր-Պետրոսյանի այսօրվա հռետորաբանությունը կարելի՞ է ինչ-որ առումով համարել Եվրոպայից, Արևմուտքից հիասթափվելու արդյունք:

– Տեր-Պետրոսյանի պարագայում հնարավոր է, որ դա լինի Արևմուտքից հիասթափության արդյունք, սակայն նրա այս հուսահատ քայլը` աջակցելու Մոսկվային, հանգեցրեց նրան, որ նա կորցրեց իր վաղեմի գործընկերներին և աջակիցներին: Սա ոչ թե ուժի, այլ թուլության արտահայտուություն է: Ինչպես մենք տեսանք Ռուսաստանի դեսպանի հայտարարությունից, Ռուսաստանը ողջունում է այն, որ նրանք բոլորը, «Ժառանգությունից» բացի, կողմ են ԵՏՄ-ին: Տխուր իրականությունն այն է, որ իշխանությունը և ոչ իշխանությունը մրցում են իրար հետ, թե ով ավելի շուտ կհանձնվի Մոսկվային: Հայ ժողովուրդն ավելիին է արժանի:

– Բայց ի՞նչ կարող է Եռյակն առաջարկել Ռուսաստանին, որը չի կարող տալ Սերժ Սարգսյանը:

– Շատ քիչ բան: Ինչ էլ նրանք առաջարկել են, չի ընդունվել: Նույնիսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը ցանկալի չէ Ռուսաստանի համար:

– Ամեն դեպքում Եռյակը խոսում է քաղաքական մենաշնորհը վերացնելու մասին: Սա դրական երևույթ չե՞ք համարում:

– Եթե դա է իրենց խոստումը, ապա այն չի իրագործվելու, քանի որ մենք տեսնում ենք միայն անձնավորված պայքար և ոչ թե` քաղաքականություն ու քաղաքական կուրսեր: Մենք չենք տեսնում գաղափարների պայքար, և սա բացահայտում է պետական քաղաքականության թուլությունը:

– Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորվի այդ այլընտրանքային բևեռը, եթե նույն Քաղաքացիական պայմանագիրը կամ ՀՀՇ-ն, Նախախորհրդարանը չունեն ԲՀԿ-ի ռեսուրսները:

– Դա, իհարկե, իրենց պետք է հարցնեք, բայց քաղաքագիտական տեսանկյունից պետք է ասեմ, որ Հայաստանում կա դատարկ քաղաքական ասպարեզ, որը լրացնելու համար անհրաժեշտ է գաղափարների փոխանակում և նոր պլատֆորմի հաստատում: Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն հոգնել է այս քաղաքական թատրոնից և ցանկանում է, որպեսզի այս դերասանները հեռանան բեմից:

– Ամեն դեպքում Ազատության հրապարակ են գալիս հազարավոր մարդիկ: Սա հասարակական համախմբում չէ՞:

– Ես շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց այդպես չէ: Ակնհայտ է, որ շատերը գնում են հանրահավաքի, քանի որ չունեն այլընտրանք` իրենց դժգոհությունն իշխանություններին արտահայտելու համար: Այլ կերպ ասած` նրանցից շատերը դժգոհ են իշխանություններից, բայց դա չի նշանակում, որ գոհ են այդ ուժերից: Հանրահավաքի գնացած մարդկանց մեծ մասը հիասթափվել է, քանի որ երկար ճառերից հետո նրանց պարզապես տուն ուղարկեցին: Սրա պատճառն այն է, որ օգտագործվում է այնպիսի մարտավարություն, որն այլևս իրեն չի արդարացնում: Սա ավելի շատ քաղաքական հոբբի է, ոչ թե քաղաքական արշավ:

– Իսկ ո՞ր գաղափարով ընդդիմությունը պետք է մտնի ասպարեզ, իշխանափոխությա՞ն կամ, ասենք, անկախության պահպանմա՞ն:

– Ոչ, ոչ, դա նպատակն է, ռազմավարությունը, բայց մենք պետք է մտածենք մարտավարության մասին: Հայաստանի շարքային քաղաքացին ոչ հիմար է, ոչ էլ կենդանի, և նրան պետք է տալ գաղափարներ, որպեսզի նա կարողանա աջակցել էվոլյուցիոն կամ հեղափոխական փոփոխություններին: Եթե ընդդիմությունը պարզապես քննադատի իշխանություններին և չառաջարկի որևէ այլընտրանքային ծրագիր, ապա դա կհանգեցնի քաղաքացիների շփոթությանն ու հիասթափությանը: Միայն իշխանությանը քննադատելը բավարար չէ, պետք է առաջարկել այլընտրանքային գաղափար, ծրագիր: Եվ սա վերաբերում է ոչ թե անձերին, այլ քաղաքական կուրսերին:

– Մենք խոսում ենք ռուսական կամ արևմտյան ուղղությունների մասին, բայց մի կարևոր հարց կա: Օրինակ, Ուկրաինայում Եվրամիությունը և ԱՄՆ-ը հսկայական աջակցություն ցուցաբերեցին ընդդիմությանը, իսկ Հայաստանն այդ իմաստով ավելի արհամարհված է: Այս տեսակետից, եթե իրատեսորեն նայենք հարցին, Հայաստանի ընդդիմությունը տեսականորեն ունի՞ Արևմուտքի աջակցության կարիքը, թե՞ պետք է փորձի իր հարցերը լուծել Ռուսաստանի հետ:

– Նախևառաջ` այստեղ կա մի առանցքային տարբերություն` երկար ժամանակ Հայաստանում չեն եղել ազատ ու արդար ընտրություններ, իսկ Ուկրաինայում կարողացան իշխանափոխություն իրականացնել, և հույս ունենք, որ կկարողանան ոտքի հանել պետությունը: Հայաստանը դեռևս այս համակարգի գերին է: Այսօր Հայաստանում իրական ընդդիմություն չկա, բայց տեսականորեն դուք մատնանշում եք Ուկրաինայի թուլությունը. Ուկրաինայի սխալն այն էր, որ նրանք կարծեցին, թե Պուտինին դեմ լինելն անհատին ավելի դեմոկրատ կդարձնի:

Հայաստանի պարագայում մենք ավելի շատ ինքներս մեզ պիտի նայենք և ոչ թե փորձենք ներգրավել որևէ մեկին կամ «ամուսնանալ» Մոսկվայի, Բրյուսելի կամ Վաշինգտոնի հետ: Սա է պատճառը, որ Հայաստանի համար ամենաառաջնային խնդիրն այսօր ինքնիշխանության և անկախության ամրապնդումն է: Ցանկացած քաղաքական ուժի համար ապակառուցողական և վտանգավոր կարող է լինել որևէ արտաքին աջակցության վրա հիմնվելը` անկախ նրանից, թե այդ աջակցությունը ռուսակա՞ն է, եվրոպակա՞ն, թե՞ ամերիկյան, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական օրակարգը և շահերը:

– Ձեր կարծիքով` ո՞րն է «Բարգավաճ Հայաստանի» և Գագիկ Ծառուկյանի նպատակը: «Բարգավաճ Հայաստանը» գնում է դեպի արտահերթ իշխանափոխությո՞ւն, թե՞ պատրաստվում է 2017-18 թթ. ընտրություններին:

– «Բարգավաճ Հայաստանը» կարևոր կուսակցություն է Հայաստանում, և պետք չի թերագնահատել նրա դերն ու պոտենցիալը, սակայն դա այս համակարգի ծնունդն է: Եթե մենք նայենք Ռուսաստանի դասերին, ապա կհասկանանք, որ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարությունն այլևս բարգավաճ չի լինի` հատկապես հարստության տեսանկյունից, եթե նա իշխանափոխության կոչ է անում:

Ավելի լայն իմաստով սկզբում նրանք ապոկալիպսիսի չորս ձիավորներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաև` մարող ապոկալիպսիս: Ապոկալիպսիս ասելով` նկատի ունեմ տնտեսական ճգնաժամը, անկախության թուլացումը և ժողովրդագրական վիճակը:

– Դուք խոսեցիք Քոչարյանի մասին: Ըստ Ձեզ` նա մասնակցո՞ւմ է այս խաղին:

– Մենք ավելի շատ խոսեցինք ԲՀԿ-ի մասին, բայց այդ երկուսն իրար հետ փոխկապակցված են:

– Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Քոչարյանը կապ չունի այս շարժման հետ:

– Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ բաներ է ասում, որ անհասկանալի են ինձ համար: Լևոն Տեր-Պետրոսյանն այլ էր իր նախագահության տարիներին, լրիվ ուրիշ էր 2008-ին և բոլորովին այլ կերպ է իրեն դրսևորում այսօր: Եվ սա ոչ թե իմ, այլ իր մերձավոր ընկերների և հարազատների կարծիքն է:

– Դուք չասացիք` Ծառուկյանի նպատակը նախագահ դառնա՞լն է:

– Մի կողմից, իհարկե, այդ հարցն իրեն պետք է տալ, բայց եթե Հովիկ Աբրահամյանը կարող է վարչապետ դառնալ, ապա հնարավորությունների այս երկրում ամեն ինչ հնարավոր է:

 

Տեսանյութեր

Լրահոս