Պավել Սաֆարյան. «Աճպարարություն» բառը կառավարության համար վիրավորական է

Հարցազրույց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հետ

– Պարոն Սաֆարյան, Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ իր դժգոհությունն է հայտնել, որ ՀՀ բյուջեում ներառված կարևոր ծրագրերը, ֆինանսավորման պակասի խնդիր չունենալով հանդերձ, ցանկալի տեմպով չեն իրականացվել, և արդյունքում` 2013-ին թերակատարումը կազմել է ՀՆԱ-ի 2.5 %-ը: Ինչպես կմեկնաբանեք:

– Գիտեք, մենք այժմ կարող ենք խոսել և՛ 2013 թ-ի, և՛ 2014-ի մասին: Իրոք, մեր բյուջեի կատարման տեսակետից մենք այդ խնդիրն ունենում ենք, և երևի վերջին 10 տարիներին կա: Դա սկզբից ընկալվում էր, որ մենք տնտեսումներ ենք ունենում, բայց հիմա մենք հասկանում ենք, որ ինչպես, գերածախսերը, այնպես էլ` թերածախսերը բացասական նշանակություն ունեն: 2013-ին այդ խնդիրը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի բնագավառում զգալի թերացումով: 2013-ին հատկապես վարկերի գծով պլանավորածի մոտ 1/3-ն ենք կատարել: Կան և՛ օբյեկտիվ պատճառներ, և՛ թերացումներ:

Օրինակ, օբյեկտիվ պատճառներով Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագիրը 2013-ին մոտ 30%-ով կատարվեց, որովհետև բազմաթիվ խնդիրներ կային, որ բազմիցս ներկայացվել են: Գնումների համակարգն այնպիսին է, որ, օրինակ, հուլիս-օգոստոսին եթե որևէ գումար է հատկացվում, այդ ծախսը, որպես կանոն, չեն կարողանում կատարել, որովհետև մինչև մրցույթ է հայտարարվում, մինչև ընտրվում է հաղթող կազմակերպությունը, տարին վերջանում է, և նախատեսված գումարները չեն ծախսվում: Դա ինչ բացասական հետևանքներ ունի: Նախ` ԱԺ-ում այս մի շաբաթ է` քննարկում ենք բյուջե, նախատեսվող ծախսերը մենք պետք է կատարենք, դա կառավարության պարտավորությունն է: Եթե պլանավորել ենք քիչ, բայց շատ էր պետք, վատ է:

Կարդացեք նաև

Եթե պլանավորել ենք շատ, բայց քիչ ենք ծախսել, նույնպես վատ է, որովհետև դա անմիջապես ազդում է մեր տնտեսական աճի վրա, որովհետև կատարված ծախսերն ինչ-որ տեղ դառնում են աշխատավարձ, պահանջարկ, ՀՆԱ և այլն: Այսինքն` նախ` վատ ազդեցություն է լինում տնտեսական աճի վրա, երկրորդ` բացասական է լինում բուն այդ ծրագրերի կատարման առումով: Մի բան է, երբ մի օբյեկտ պետք է կառուցվի 2 տարում, բայց շինարարությունը ձգվում է 4-5 տարի, այսինքն` լրացուցիչ պահպանման ծախսեր են ավելանում, և ընդհանուր ծախսն անարդյունավետ է դառնում: Մի շարք նման հանգամանքներ կարելի է թվարկել, որ ցույց են տալիս, որ ծախսերի թերակատարումները բացասական ազդեցություններ են ունենում: Կարծում եմ, որ ԱՄՀ ներկայացուցիչ տիկին Սանչեսը հավանաբար դա է նկատի ունեցել:

– Նա նաև ասել է, որ ՀՀ-ում մակրոտնտեսության վիճակը կայուն է, ու կարելի է աճը խթանող քաղաքականություն իրականացնել 2015-ի բյուջեում: Մեր բյուջեում նախատեսվո՞ւմ է աճը խթանող քաղաքականություն:

– Բյուջեի ցուցանիշով նախատեսվում է իրական ՀՆԱ` աճ 4.1 %, դեֆլյատորը` 3.3%: ԱՄՀ և մեր կանխատեսումներն անվանական ՀՆԱ-ի մասով նույն ցուցանիշերն են: Անվանական ՀՆԱ=դեֆլյատորն իրական աճ: Իրենց դեֆլյատորն է բարձր, ու իրական աճը` ցածր, մեզ մոտ հակառակն է, և արդյունքը նույնն է ստացվում: 4.1%-ը բավականին մեծ աճ է: Եթե ուղղակի միայն արտաքին գործոնների հետ կապված կանխատեսումներ անենք, դրանք որոշակի բացասական ազդեցություն ունեն: Օրինակ` ՌԴ-ում դեպքերը բացասաբար են ազդում ՀՀ վրա 3 ուղղությամբ` տրանսֆերտների, ներդրումների և արտահանման: Հակառակ դեպքում մեր աճը բավականին նորմալ աճ կլիներ: Բայց այդ 3 գործոնները ՀՀ-ի կառավարությունից կախված չեն:

– Պարոն Սաֆարյան, ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս դեֆիցիտը կրճատել փորձելու փոխարեն` մեծացնել և միջոցներն ուղղել տնտեսության զարգացմանը:

– ԱՄՀ-ն խորհուրդ տալիս է, որովհետև մենք իրենց համոզեցինք, որ մեր դեֆիցիտն ավել լինի: Միջնաժամկետ ծախսային ծրագով ու մեր համաձայնություներով այն 2% էր, իսկ բյուջեում, որ այժմ քննարկվում է, 2.3% է: Այդ 0.3%-ը մոտ 14 մլրդ դրամ կամ մոտ 30 մլն դոլար լրացուցիչ դեֆիցիտի ավելացում է: Դա ավելացրինք մի քանի պատճառներով: Նախ` երբ տնտեսական աճի վրա բացասական ազդեցություններ կան, երբ դեֆիցիտը մեծացվում է, այսինքն` շատ ծախս է կատարվում, դա նպաստում է տնտեսական աճին, և բացասական ազդեցությունները որոշակի չափով նվազում են:

Նաև, առաջին հարցի հետ կապված, օբյեկտիվորեն պետք է հաջորդ տարի քիչ վարկ օգտագործենք, բայց այն չկատարած ծրագրերը պետք է կոմպենսացնենք: Դրա համար դեֆիցիտի 0.3% բարձրացնելը կարողացանք համաձայնեցնել ԱՄՀ-ի հետ:

– 2015 թ. բյուջեի ծախսերի ավելացումը հիմնականում ուղղվում է աշխատավարձին և էլեկտրաէներգիայի ու գազի թանկացումների հետ է կապված: Բայց հայտնի է, որ այդ թանկացումը բյուջեի համար եկամտի լրացուցիչ աղբյուր է` ԱԱՀ-ի տեսքով: Ու շատ ավելին է, քան հետո կարիքավոր մարդկանց հատկացվում է որպես աջակցություն: Մի քիչ աճպարարություն չի՞ ստացվում:

– «Աճպարարություն» բառը կառավարության համար վիրավորական է` անկախ կառավարության որակից: Մի քանի թիվ բերեմ. բյուջեի հարկային եկամուտներն ընդամենը ավելացել է 34 մլրդ դրամով, բայց մենք ունենք լրացուցիչ ծախսեր կատարելու հետևյալ խնդիրը` 41 մլրդ հարկավոր էր, որ աշխատավարձերն այս տարի հուլիսին բարձրացնելուց հետո 2015-ի հունվարի 1-ից հետո էլ այդ բարձրացումը պահպանվեր: Այսինքն` 34 մլրդ ավելացել էր, բայց միայն 41 մլրդ պետք էր` աշխատավարձ վճարելու համար: Եվս 30 մլրդ պետք էր թոշակները 15%-ով բարձրացնելու համար: Ստացվեց 71 մլրդ դրամ: Հիմա հարց. եթե ընդամենը ծախսերն ավելացել են 52 մլրդ-ով, եկամուտները` 34 մլրդ-ով, ո՞նց է հաջողվել 71 մլրդ լրացուցիչ ծախս կատարել:

– Մի՞թե ստվերի կրճատումից:

– Չէ, մենք նաև ծախսեր ենք կրճատել: Եթե բյուջեն հաշվենք այն տրամաբանությունից ելնելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումից ինչքան հարկեր են գալիս բյուջե, այդքան էլ տայինք ժողովրդին, Հարկայինն էլ ասում է` ինչքան հարկ հավաքում ենք, տվեք մեզ, բայց ամեն մեկինն իրեն տալու դեպքում երկիրը կդառնար կոոպերատիվ հիմնարկ: Սակայն այլ հարցեր կան` հաշվում են մուտքերը ու, ինչպես նշեցի, 71 մլրդ լրացուցիչ ծախս ենք անում, ու եթե 3-4 մլրդ էլ հոսանքի թանկացման համար փոխհատուցեինք, մեր ծախսերը կլիներ 75 մլրդ: Ավելի հիմար վիճակի մեջ կհայտնվեինք: Իհարկե, առաջին հայացքից` այդտեղ աճպարարություն կա:

– ԵՏՄ-ի հետ կապված, քանի որ ազդեցությունը բյուջեում ներկա պահին արտացոլված չէ, նշանակում է` պետք է կրկի՞ն դիմեք ԱԺ-ին` բյուջեն «վերաձևելու» համար:

– Քայլ համար 1-ին. ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը պետք է անցնի ՍԴ-ով, գա ԱԺ: ԱԺ-ն անմեղսունակ հիմնարկ չի, ինքն է որոշելու: Գուցե մերժի: Երբ կհաստատվի, նոր միայն իրավական տեսակետից մենք կկարողանանք ներկայացնել բյուջեում: Այդ համաձայնագիրը դե յուրե գոյություն չունի ՀՀ-ի համար, և դե յուրե որևէ այլ փաստաթուղթ մշակել հնարավոր չէ: Բացի այդ, կան նաև տեխնիկական խնդիրներ: ՀՀ-ն ներմուծում է շուրջ 800 ապրանքատեսակներ, որոնց շուրջ բանակցություններ էին գնում:

Ըստ Սահմանադրության, բյուջեն պետք է մինչև հոկտեմբերի 2-ն ուղարկվի ԱԺ, բայց մինչև հոկտեմբերի 15-ը փոխնախարար Կարայանը Մոսկվայում էր, և դեռ բանակցություններ էին ընթանում: Բայց սա էլ վերջնական չէ, ղազախները բողոքում են, թե ինչո՞ւ այս կամ այն արտոնությունը տվեցիք: Նրանք այդքան երջանիկ չեն, որ ՀՀ-ն մտնում է ԵՏՄ: Երբ վերջնական լինի այդ 800 ապրանքատեսակների ցանկը, մենք պետք է եկամուտները հաշվենք` դրակա՞ն, թե՞ բացասական է ազդում: Կարող եմ ասել, որ բացի քաղաքական որոշումից, կար նաև տնտեսական գնահատական: Մենք գիտեինք, որ մեզ համար լավ է լինելու, որովհետև լրացուցիչ մուտքեր են լինելու բյուջե: Իսկ դա տնտեսական աճ է:

– Հաշվի առնելով ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը, նաև այն, որ այս տարի կանխատեսված աճը չապահովվեց, հնարավո՞ր է, որ նույն հաջողությամբ էլ հաջորդ տարվա 4.1%-ը չի լինի:

– ԱՄՀ-ն իր գնահատականները տալիս է այլ հավասար պայմանների համար, և տպավորություն է, որ ոչինչ էլ չանես` այդ աճը կլինի այդքան: Բայց մենք ՀՆԱ աճը սահմանել են այսքան, որովհետև այս կառավարությունը նոր է և պետք է աշխատի` ինչ-որ բան անի: Այսինքն, կառավարությունն ամեն ինչ պետք է անի, ու ժողովուրդը դրանով է գնահատելու նրա աշխատանքը:

– Արտագաղթի ազդեցությունը բյուջեում ի՞նչ կերպ է արտացոլված:

– Նման դետալիզացիայով գնահատական, անկեղծ ասած, չի կատարվում: Այսինքն` արտագաղթն ինչքանով է ազդում տնտեսական աճի վրա, նման վերլուծություններ չեն արվում: Նման մոդելներ էլ չկան: Մեր կիրառած մոդելները, երբ գնահատում ենք 4.1% տնտեսական աճ, միջազգային ստանդարտների մոդել է: Մեր ժողովուրդը մտածում է, թե ոչ թե կանխատեսում ենք, այլ կանխագուշակում: Ոչ, մենք հաշվարկում ենք:

 

Տեսանյութեր

Լրահոս