Բաժիններ՝

«Եթե Հայաստանը գոնե ՏՏ ոլորտով չմրցակցի մեծ պետությունների հետ, զրոյի է հավասարվելու»

«Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է հնարավոր 2018 թ. Հայաստանը դարձնել ամենանորարար երկրների շարքում». այս հարցին Դիլիջանում մեկնարկած Բիզնես ինովացիոն ֆորումում այսօր պատասխանեց Հայաստանի ինովացիոն ծառայությունների արտապատվիրման առաջատար ընկերության՝ «Վոլոյի» բիզնեսի զարգացման եւ կապերի տնօրեն, համաշխարհային հռչակ ունեցող մի շարք բրենդների (PicsArt, eBay, Coca-Cola, Nestle, Johnson & Johnson, Mercedes Benz եւ այլն) ռազմավարությունների մշակող Մեթ Բարթելզյանը։

Պարոն Բարթելզյանը մի քանի երկրների օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է եւ ինչպես պետք չէ կառավարել ՏՏ բրենդը։ Օրինակ՝ Հորդանանը փոքր երկիր է, ում ՏՏ ոլորտով Արեւմուտքում հետաքրքրված չեն, սակայն Հորդանանն ամբողջ արաբական աշխարհի ՏՏ ոլորտի կենտրոնն է, այն օրեցօր զարգանում է եւ մի օր էլ կարող է հասնել համաշխարհային ճանաչման՝ որպես նորարար եւ առաջատար երկիր։ Աշխարհի կողմից վստահության պակաս կա Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ՏՏ ոլորտի շրջանակում համագործակցելու համար։ Ըստ պարոն Բարթելսյանի՝ Ռուսաստանի հետ չեն համագործակցում ռուսական կիբերմաֆիայի պատճառով, իսկ Չինաստանի եւ Արեւմուտքի սերտ կապերին խանգարում է չինական արդյունաբերական լրտեսությունը։

Այնուհետեւ Մեթ Բարթելզյանը խոսեց «ինչո՞ւ զարգացնել Հայաստանը» թեմայի շուրջ։ «Մենք ծիծաղում ենք, երբ հայն արտասահմանում ասում է, որ նա «Արմենիայից է», իսկ նրան ի պատասխան հարցնում են «Ալբանիայի՞ց», «Ռումինիայի՞ց»։ Սա բացարձակապես ծիծաղելի չէ, – շեշտեց Մեթ Բարթելզյանը, – Սա նշանակում է, որ դրսում ծանոթ չեն Հայաստանին, այսինքն Հայաստանը նրանց համար հավասար է զրոյի։ Իմ օրինակով ասեմ՝ ինչպե՞ս ես կարող եմ դրսում հայկական բրենդ վաճառել, երբ մարդիկ այնքան ցածր կարծիքի են Հայաստանի մասին, որ չեն էլ կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է ինչ-որ բան արտադրվել։ Երբ դու չես կառավարում քո բրենդը, ուրիշ երկիրն է այն կառավարում. սա բնական գործընթաց է»։ Պարոն Բարթելսյանը ներկայացրեց ամբողջ աշխարհում օգտագործվող այն առարկաները, որոնք ստեղծել են հայերը՝ ռմբակոծիչ, գունավոր հեռուստատեսություն, ջրածորակ եւ այլն։ «Հայկական ճարտարագիտությունը զարմացնում է, եւ մենք այսօր պետք է կենտրոնանանք մտավոր ուժի վրա, – շարունակեց Մեթ Բարթելզյանը «Գաղափարների թվայնացում». սա է մեր կարգախոսը։ Մենք՝ հայերս, եթե միասին գործի անցնենք, եթե կառավարությունը խթանի ազգին, եթե պետությունը մի ձայնով խոսի, եւ եթե ամեն երեխա մեծանա՝ հասկանալով, որ հայ է, մեր փոքր երկիրը կկարողանա մրցակցել մեծ երկրների հետ։ Լավ իմացեք, եթե Հայաստանը գոնե ՏՏ ոլորտով չմրցակցի մեծ պետությունների հետ, կրկին զրո է դառնալու», – իր խոսքի վերջում ասաց բանախոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս