Փողերն ու պատգամավորները

Սոցիոլոգիական հատուկ հետազոտության կարիք չկա` ապացուցելու, որ տարեցտարի նվազում է հասարակական հետաքրքրությունը բյուջեի թեմայով խորհրդարանական քննարկումների հանդեպ: Իհարկե, պետք չէ մեղքը միանշանակ բարդել խորհրդարանի վրա: Խորհրդարանի դերի բարձրացման մասին վերջին քաղաքական հայտարարությունները չորս-հինգ տարի առաջ արվեցին:

Դեռ խորհրդարանի նախորդ կազմի ժամանակ: Հետո, դատելով մամուլի հրապարակումներից, այդ գործընթացն ավարտվեց Աժ մասնաշենքի վարագույրների ու, կարծեմ, ուղեգորգերի փոփոխմամբ: Ճիշտ է, նաև ԱԺ նոր ընտրություններ էլ տեղի ունեցան: Բայց, ի տարբերություն ուղեգորգերի ու վարագույրների, պատգամավորական կազմը որակական լուրջ փոփոխության չենթարկվեց: Փոփոխության չենթարկվեց նաև այն անտարբեր վերաբերմունքը, որով սովորաբար ընթանում են բյուջետային քննարկումները: Ծույլ ու ալարկոտ քննարկումները: 2015-ի բյուջեի քննարկումները ևս բացառություն չեն:

Ավելին, դատելով այդ քննարկումներից` 2015-ի պետբյուջեի նկատմամբ անտարբերությունը կատարյալ է: Մինչդեռ պարզ մարդկային թուլությունները հաշվի առնելիս պետք էր սպասել, որ պետության գրպանի փողերի հաշվարկը հրապուրիչ գործընթաց է: Հատկապես մեր պատգամավորների համար: Նրանց մեծամասնությունը հարգելով գործող օրենսդրությունը` գործարարությամբ չի զբաղվում: Պաշտոնապես` չի զբաղվում: Բայց դատելով ունեցվածքային պարտադիր հայտարարագրերից` փող հաշվելու հմտությունները չի կորցրել:

Ավելին, կարելի է ասել, որ դա նրանց հիմնական ու նախընտրելի զբաղմունքն է: Մինչդեռ հանրային փողերի տնօրինման նախագիծը խորհրդարանականներին չի հուզում: Կառավարությունն արարողակարգին համապատասխան ճիշտ ժամկետներում բյուջեի նախագիծ է պատրաստել ու ներկայացրել ԱԺ: Բայց դրան զուգահեռ` նույն կառավարությունը ԵՏՄ անդամակցության գործընթացում է ներքաշված: Դժվար է հավատալ, բայց այս գործընթացներն իրարից անջատ են կատարվել:

Սա ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը բյուջեի նախագիծն էր ներկայացնում: Պատգամավոր Խոսրով Հարությունյանը հենց նրանից փորձեց պարզել, թե ինչպես են արտացոլված ԵՏՄ անդամակցության հետևանքները 2015-ի բյուջեի նախագծում: Փոխնախարարը ներկաներին տեղեկացրեց, որ նախագծի կազմման ընթացքում ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրված չէր: Հետևաբար` նախագծի հիմքում չէր կարող դրվել:

Մեր Ֆինանսների նախարարությունում միայն հոկտեմբերի 10-ին են իմացել, որ պետությունը նման պայմանագիր ստորագրելու մտադրություն է ունեցել: Իմացել են, ճշտել, ու հիմա Ֆինանսների նախարարության աշխատակիցներն «Ինտենսիվ աշխատում են` գնահատելու համար այն ազդեցությունները, որ լինելու է ԵՏՄ անդամակցելու արդյունքում»:

Բյուջեի նախագծի նկատմամբ, հայտնի կինոհերոսի խոսքերով ասած, «նման արգահատելի վերաբերմունքը» զարմանալի է: Փաստորեն, Ֆինանսների նախարությունում «ՀՀ օրենք 2015թ. պետական բյուջեի մասին» անունով մի թուղթ են գրել ու ուղարկել խորհրդարան: Ուղարկել են, ու հիմա, փոխնախարարի խոսքերով ասած` «ինտենսիվ աշխատում են» մեկ այլ թուղթ կազմելու վրա: Այն, հավանաբար, ավելի ճշգրիտ կլինի: Ոչինչ, որ օրենքի ուժ կստանա խորհրդարան ուղարկած թուղթը:

Միևնույն է, կառավարությունը կառաջնորդվի ավելի ճշգրիտով: Ի վերջո, ներկա կառավարությունն առաջինը չէ, որ «ՀՀ բյուջեի մասին օրենքի» նկատմամբ, մեղմ ասած, նման հայեցողակարգային վերաբերմունք ունի: 1991-ից սկսած ոչ մի կառավարություն պատասխանատվության չի ենթարկվել իր բյուջետային պարտականությունները չկատարելու համար: Եվ, հավանաբար, հենց սա է պատճառը, որ բյուջետային քննարկումները ո՛չ մամուլին են հետաքրքրում, ո՛չ պատգամավորներին, ո՛չ էլ հասարակությանն ընդհանրապես:

Մամուլը մեկ-երկու ջղաձիգ արձագանք տվեց կառավարության անդամների այն հայտարարությանը, որ 2014-ի բյուջեի մասին օրենքով արձանագրված տնտեսական աճը երկուսից ավելի տոկոսով թերակատարվելու է: Բայց հիմա ո՞վ է հիշում, թե որքան տնտեսական աճ էր նախատեսված օրենքով: Հիշեն էլ, որ ի՞նչ անեն: Նոր կառավարությունը բյուջեի թերակատարման մեղքը կգցի հին կառավարության վրա: Հինն էլ կարդարանա, որ 12 ամսից ընդամենը չորսն է իր պատասխանատվության տակ: Իշխող կուսակցությունն էլ կմոռանա, որ այդ երկու կառավարությունն էլ ինքն է ձևավորել: Չմոռանա էլ` կսկսի քաղաքական վերլուծություններ անել կոալիցիոն գործընկերների մասին:

Ի վերջո, իսկապես դժվար է հիշել` հերթական խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա ասածում քանի կուսակցություն կար, և քանիսը «դավաճանաբար» լքեցին իշխանություններին: Լքեցին` մենակ թողնելով նոր բյուջե կազմելու, թերակատարելու ու թերակատարումը հիմնավորելու արդար, բայց անշնորհակալ գործում:

Տեսանյութեր

Լրահոս