Բաժիններ՝

Ով հղիանա, ում ուղարկեն գործուղման

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2015թ. պետբյուջեն։ Բյուջետային քննարկումներին զուգահեռ և ավելի բուռն կերպով քննարկվում է կառավարության հերթական նախաձեռնությունը` աշխատող մայրերի նպաստի կրճատումը։

Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ուղարկվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը (աշխատավարձի 40-80%` կախված ստաժից)։

Բացի այդ, նախատեսվում է աշխատող մոր հղիության և ծննդաբերության (մայրության) նպաստի առավելագույն շեմ սահմանել` առաջին և երկրորդ երեխայի դեպքում` նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը` շուրջ 1 700 000 դրամ), երրորդ և հաջորդ երեխայի դեպքում` նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը` շուրջ 2 400 000 դրամ):

Կարճ ասած, պետությունը ցանկանում է կրճատել աշխատող մայրերին վճարվող նպաստները։ Ըստ օրենքի հեղինակների, շատ անարդար է, երբ 100 տոկոսով փոխհատուցվում է թե՛ մինչև 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կորցրած եկամուտը, թե՛ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կորցրած եկամուտը: Բացի այդ, նշում են, որ հղի կանայք մինչև ծննդաբերելը, գործատուի հետ համաձայնեցված, ստանում են ուռճացված աշխատավարձեր, որի արդյունքում պետությունից կարողանում են մի քանի միլիոն դրամ ստանալ։

Ի դեպ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից կանխատեսվող տնտեսումը` պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների չափերի սահմանափակումներով, կկազմի 2.1 միլիարդ դրամ։

Պարզ ասած` կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է տնտեսել 2.1 միլիարդ դրամ` ժամանակավոր անաշխատունակների և աշխատող մայրերի հաշվին։
Այս օրինագծի իրավաչափության մասին արդեն շատ է խոսվել և դեռ կխոսվի։ Այնուամենայնիվ, զուտ ֆինանսական տեսանկյունից` որքանո՞վ է արդարացված այդպիսի «տնտեսումը»։ Հնարավոր չէ՞ր չկրճատել` ճշգրտելով բյուջետային այլ ծախսերը։

Անշուշտ, բյուջետային քննարկումների ընթացքում ի հայտ են գալու բազում հարցեր` կապված միլիարդների, տասնյակ միլիարդների աննպատակ ծախսումների հետ։
Օրինակ` 2015 թվականին պետական ապարատի աշխատողների գործուղումների և շրջագայությունների համար հատկացված է ավելի քան 4 միլիարդ դրամ։ Դժվար թե ՀՀ պետական շահը տուժի, եթե շրջագայությունների թիվը կիսով չափ կրճատվի։ Այդ դեպքում հարկ չի լինի կրճատել աշխատող մայրերի նպաստը։

Կամ` 2015թ. 2.1 միլիարդ դրամ որպես դրամաշնորհ հատկացվելու է միջազգային ոչ առևտրային հասարակական կազմակերպություններին։ Ինչի՞ համար։ Որ ինչ-որ անիմաստ զեկույց թողարկեն, որը ոչ ոք չի՞ կարդալու։

Կամ, օրինակ, արտաքին պարտքերի գծով հաջորդ տարի պետք է բյուջեից վճարենք 38.7 միլիարդ դրամ։ Սա Տիգրան Սարգսյանի կառավարության «բարի» ժառանգությունն է։ Ժամանակին, երբ ասվում էր, որ այս վարկերի պատճառով ստիպված ենք լինելու կրճատել ֆինանսավորումն այլ ուղղություններով, լսող չկար։

Եվ վերջապես, պետական համակարգի աշխատողներին 2015 թվականի պետբյուջեից վճարվելու է 132.3 միլիարդ դրամ աշխատավարձեր և հավելավճարներ։ Կասեք` սա անձեռնմխելի գումա՞ր է։ Այո, ովքեր իրոք աշխատում են ու գործ են անում, դեռ մի բան էլ քիչ են ստանում։ Բայց կան մեծ թվով մարդիկ, որ աշխատում են միայն թղթի վրա։ Կամ` աշխատանքի գնում են` «շարիկ գլորելու» համար։ Ուզում եք պատկերացնե՞լ, թե որքան ուռճացված է պետական ապարատը։ Այցելեք պետական գերատեսչությունների կայքերն ու աչքի անցկացրեք աշխատակազմերը։

ՀՀ նախագահն ունի 9 խորհրդական, 7 օգնական։ Չհաշված հարակից հազար ու մի բաժիններն ու վարչությունները։

Բացեք Ազգային ժողովի պաշտոնական կայքը` ԱԺ նախագահի աշխատակազմը։ Թվով 6 խորհրդական, 5 օգնականներ, 4 ռեֆերենտ և մեկ գլխավոր գործավար։
5-6 հոգանոց աշխատակազմեր ունեն նաև ԱԺ փոխնախագահները։ Սրան էլ գումարեք ԱԺ պատգամավորների 1-ական օգնականներին, ովքեր աշխատավարձ են ստանում բյուջեից։ Իհարկե, կան պատգամավորներ, որ և՛ իրենք են աշխատում, և՛ իրենց օգնականները։ Բայց կան նաև մեծ թվով այնպիսի պատգամավորներ, որոնց անգամ դժվար է պատկերացնել օրենք թերթելիս։

Մյուս տեղերում նույն վիճակն է։ Վարչապետն ունի 9 խորհրդական, 5 օգնական։ Այս մոդելը կարող եք հանգիստ տարածել բոլոր օղակների վրա։ Նախարարները, փոխնախարարները, մարզպետները, տարբեր կալիբրի «կաբինետ» ունեցող չինովնիկներն իրենց շրջապատել են մարդկանցով, որոնց մեծ մասը ոչինչ չի անում` բյուջեով աշխատավարձ ստանալուց բացի։

Իսկ խորհրդականների առատությունը հատկապես ծիծաղելի է Հայաստանի համար, որտեղ վերադասները սովորաբար խորհուրդներ չընդունող մարդիկ են։
Համոզված ենք, որ բյուջեի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում հնարավոր կլիներ առանց դժվարության նվազեցնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ` առանց որևէ բացասական ազդեցության։

Պարզապես ցանկության և ընտրության հարց է` ո՞ւմ եկամուտը կտրել։ Աներոջ բարեկամի՞, եղբոր հարևանի՞, ու մնացած պորտաբույծների՞, թե՞ աշխատող ու իշխանական մեջք չունեցող կանանց։

Ի դեպ, նշենք, որ նպաստների խնդիրը շատ նման է պարտադիր կենսաթոշակային կուտակային վճարների խնդրին։ Այս դեպքում ևս բողոքողները բավականին հիմնավորված կերպով ապացուցում են, որ այս փոփոխությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։

Օրինակ` նախածննդյան և հետծննդյան (մայրության) նպաստի չափը նույն գործատուի մոտ աշխատանքային ստաժից կախվածության մեջ դնելը հակասում է կնոջ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածով ամրագրված աշխատանքի ընտրության ազատությանը` մի պարզ պատճառով, քանի որ կինը հղիության դեպքում ստիպված է լինելու չփոխել աշխատավայրը աշխատանքային ստաժը պահպանելու և ավելի բարձր հղիության նպաստ ստանալու տեսանկյունից, անկախ նրանից, որ նախատեսվելիք նոր աշխատատեղը կարող է ավելի բարենպաստ լինել կնոջ համար` թե՛ աշխատավարձի, և թե՛ առաջխաղացման տեսանկյունից։

Կան նաև այլ խնդիրներ, և չի բացառվում, որ բողոքողներն այս խնդրով դիմեն ՍԴ։
Նմանությունը պարտադիր 5%-ների հետ նաև այն է, որ հակազդեցությունը կրկին եկավ առաջին հերթին` ոչ թե ընդդիմությունից, այլ հենց այն շրջանակից, որին վերաբերում է այս փոփոխությունը։ Ու չի բացառվում, որ որոշ ոչ իշխանական ուժեր նախ կողմ քվեարկեն այս փոփոխությանը, հետո միանան բողոքողներին ու սկսեն ակտիվ պայքարել դրա դեմ։ Ինչպես եղավ պարտադիրի դեպքում, շրջանառության հարկի դեպքում, ինչպես լինելու է սահմանապահ համայնքներին հարկային արտոնություն տալու դեպքում (օրինակ` ԲՀԿ-ն արդեն կողմ է քվեարկել դրան)։

Կոնկրետ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռևս ԱԺ օրակարգ չի ընդգրկվել։ Բայց արդեն կարելի է կռահել, թե ինչ հիմնավորմամբ որոշ ուժեր կարող են կողմ քվեարկել։ Օրինակ` կասեն, որ փոխարենը` նպաստ է վճարվելու չաշխատող մայրերին։ Սա մեդալի մի` դրական կողմն է։ Իսկ վերջերս մեր ոչ իշխանական ուժերը նախ տեսնում են դրական կողմը, հետո միայն հակառակը երեսը, երբ բանը բանից անցած է լինում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս