Բաժիններ՝

«Երևանի միջազգային հաղորդակցման բիենալե». Փոքրիկ, բայց շատ ջերմ ու խիստ փառատոն

Օրերս ավարտվեց Հայաստանում անցկացվող միակ գովազդային փառատոնը`«Երևանի միջազգային հաղորդակցման բիենալեն»: Բիենալեի շրջանակներում Հայաստան էր այցելել ավելի քան 30 հյուր, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով կիսվեցին համապատասխան մասնագետների հետ: Միջոցառմանն այս տարի ներկայացվել էր թվով 320 աշխատանք, որի 10 տոկոսը հայաստանյան մասնակիցներինն էր: Բիենալեի ավարտից հետո հոկտեմբերի 19-22-ը ժյուրիի մի խումբ անդամներ այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ և առաջարկել` ստեղծել Ղարաբաղի բրենդը:

Միջոցառումը, որն անցկացվում է աշխարհի երկրների գովազդային ընկերությունների միջև կապ հաստատելու նպատակով, իրականանալու է 2 տարին մեկ: Բառը հենց հուշում է` 2 տարին մեկ անցկացվող միջոցառումը, փառատոնը կամ ցուցահանդեսը կոչվում է բիենալե: Այս տարվա բիենալեից շատ գոհ են մնացել և՛ Հայաստան այցելած հյուրերը, և՛ կազմակերպիչները: Այցելություններ Հայաստանի պատմական ու գեղեցիկ վայրեր, հայկական ուտեստների համտեսում ու պատրաստում, վարպետության դասեր, բարի ու ջերմ մթնոլորտ. այս ամենը միջոցառման օրերին բիենալեի մասնակիցների մոտ անպակաս է եղել:

Bienale (3)

Bienale (4)

Կարդացեք նաև

Bienale (8)

«7-8 տարվա ընթացքում մեր կազմակերպած բոլոր միջոցառումներից սա ամենալավ, ամենաբարի, ամենահամերաշխ ու ամենաարդյունավետն էր: Առաջ, երբ ինչ-որ կոնֆերանս էինք կազմակերպում կամ մի այլ իրադարձություն էր լինում Հայաստանում, մենք սկսում էինք այնպես, ինչպես բոլորն են սկսում, ու երբեմն զգում էինք, որ, միգուցե հյուրերը գոհ և շնորհակալ էին հեռանում Հայաստանից, սակայն նրանք մեզ նայում էին ուրիշ աչքով: Այս անգամ մենք ծրագիրը սկսեցինք Մատենադարանից, այնուհետև Ռադիոյի շենք` «Ռադիոտուն»: Շնորհիվ Մատենադարանում ստացած ինֆորմացիայի` տիրում էր ջերմ ու հարգալից վերաբերմունք: Ուզում եմ ասել, որ գիտելիքը մեր պետության մասին, մեր էթնոսի մասին, մեր անցած ճանապարհի, եվրոպական մշակույթի մաս կազմելու հանգամանքի մասին` հյուրերին ասել շատ կարևոր է: Մեզ առհասարակ ընկալում են` որպես կովկասցի, բայց մենք այդպիսին չենք: Չեմ ասում` դա լավ է կամ վատ. պարզապես մենք այլ ենք, մեր ծնունդը, մեր բնօրրանն Անատոլիան է:

Bienale (10)

Bienale (11)

Bienale (5)

Իհարկե, հիմա այն տեղը, որտեղ մենք բնակվում ենք, գտնվում է այն տարածքի ծայրամասում, որտեղ մենք ծնվել և ձևավորվել ենք: Բայց սա է: Ու դու մի կողմից` հարգելով քո աշխարհագրական սահմանները, պետք է խոսես քո պետությունից, մյուս կողմից` ունենալով ավելի ընդլայնված մշակույթ, պետք է քո մշակույթից խոսես: Մենք հենց այդպես էլ անում ենք»,- ասում է Հայաստանի գովազդային խորհրդի և այս բիենալեի նախագահ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Բիենալեն սահմանել էր 11 մրցանակ, որից մեկը «Գրան Պրին» էր, և 10 լավագույն աշխատանքներ: Հայաստանյան աշխատանքն էլ արժանացավ «Լավագույն աշխատանք» մրցանակի: Բիենալեի անվանակարգերի շրջանակներում մրցանակներ ստացան Red-Agency ընկերությունը (Ղազախստան)` Հեռուստատեսային և վիդեո գովազդ անվանակարգում, TDA Group-ը (Ռուսաստան)` Տպագիր և արտաքին գովազդում, Թվային և նոր մեդիայում` Graphic design studio by Yurko Gutsulyak (Ուկրաինա), Ռադիո գովազդում` Բելառուսական AIDA Pioneer բրենդինգային ընկերությունը, Հայկական Backbone Branding-ը` Գրաֆիկական դիզայնում, NEF/ TBWA ընկերությունը (Բելառուս)` Մարքետինգային և PR արշավներ անվանակարգում, և կրկին Բելառուսական AIDA Pioneer բրենդինգային ընկերությունը` Սոցիալական գովազդում:

Bienale (1)

Bienale (7)

Bienale (2)

«Միգուցե այլ փառատոների համեմատ` մեր փառատոնը փոքրիկ է, բայց մարդիկ, ովքեր մասնակցել են բազմաթիվ փառատոների, ասում են, որ սա աշխարհի ամենաջերմ ու նաև` ամենախիստ փառատոնն է: Շատ խիստ էր ժյուրին դատում, և իսկապես լավագույն ընկերությունների աշխատանքները գնահատվում էին` ըստ իրենց աշխատանքների: Հաղթանակների մասին. «Գրան Պրին» ստացավ ղազախական ընկերությունը, ու ամենամեծ մասնակցությունն այս բիենալեի ընթացքում ունեցավ հենց Ղազախստանը, մնացածը` 10 լավագույն աշխատանքներով:

Մյուս հարթակը կրթական հարթակն էր: Մեր վարպետության դասերը մեկը մյուսին գերազանցում էին. 500-ից ավելի մարդ այցելեց դասընթացներին, հիմնականում ուսանողներ էին, ում համար անվճար էր: Հաջորդ հարթակն անձնական կապերի հարթակն էր, որը նույնպես շատ հետաքրքիր անցավ,- ասում է բիենալեի նախագահ Ա. Մարտիրոսյանը` հավելելով,- Մեր բոլոր մասնակիցներն այժմ ընկերներ են, ու դա մեծ հարստություն է»:

Բիենալեի շրջանակներում հյուրերի առօրյան շատ հայկական է անցել. նրանք այցելել են Նորավանք, Էջմիածին, Խոր Վիրապ, մասնակցել են գինու համտեսին, տոլմա են փաթաթել, խորոված պատրաստել ու լավաշ թխելուն են մասնակցել, որից հենց ամենաշատն էին տպավորվել. թարմ լավաշ` պանրով, խորովածգ Փակումը կայացել է Աշտարակի ձորում, որի հյուրընկալումից հյուրերն ապշած էին մնացել: Հոկտեմբերի
18-ին` փակման օրը, կազմակերպիչներին լիովին հաջողվել էր հայկական կոլորիտը փոխանցել հյուրերին: Բիենալեի փակման հենց հաջորդ օրը ժյուրիի մի խումբ անդամներով այցելել են Ղարաբաղ: Հյուրերը շատ էին սիրել Արցախը: «Ղարաբաղին ակնթարթորեն սիրահարվեցին, Ղարաբաղից «շշմած, շպրտված են»:

Մեր հյուրերը պատրաստված էին եկել, հանդիպեցինք Ղարաբաղի կառավարության աշխատակազմի ղեկավարին` Լևոն Գրիգորյանին, վերջին օրը մեզ ընդունեց նաև վարչապետը ու հայտնեց, որ ցանկացած հարցով պատրաստ է աջակցել: Արդեն առաջարկ ունենք` ձևավորել համատեղ մի խումբ, որ առաջին փուլը կայանա: Առաջին փուլն ուսումնասիրությունների փուլն է, դա ամենաերկարն է: Օրինակ` Հայաստանի բրենդի մասով առաջին փուլն արդեն երեք տարի է տևում: Հիմա, քանի որ մեր միջազգային թիմն ունի մեծ փորձ, հուսով ենք` Ղարաբաղի դեպքում այն ավելի շուտ կլինի, իսկ երկրորդ և երրորդ փուլերն ավելի պարզ են: Առաջին փուլն արդեն սկսված է»,- մեզ հետ զրույցում պատմեց Արմեն Մարտիրոսյանը:

Bienale (12)

Ղարաբաղի բրենդը որոշելը երկարատև գործընթաց է, առաջնային` պետք է գտնել այն տարրը, որն ամենադիպուկն է, դրանից հետո պետք է կառուցել այդ բնորոշող տարրի վրա հիմնված բրենդ, հետո գովազդի և այլ կոմունիկացիաների միջոցով պետք է այն տեղ հասցնել: Երեք փուլից է բաղկացած այս ամենը: Սպասվում են նոր հյուրեր, ովքեր կրկին կայցելեն այդ վայրերը, նաև հարցազրույցներ կկազմակերպվեն Ղարաբաղ այցելած մարդկանց հետ: Մի խոսքով`շատ լայնածավալ և բազմաչարչար աշխատանք է սպասվում: «Եթե, օրինակ, որևէ գինու բրենդ ստեղծելիս դու կարող ես որպես հատկանիշ վերցնել գինու գույնը, որը ոչ էական տարր է, քանի որ գինու համն է կարևոր, կամ մեքենայի բրենդում` հաճելի վարելը, անվտանգ լինելը, ապա տարածաշրջանի բրենդում պետք է լինի իրական հատկանիշ:

Այսինքն` եթե քո ժողովուրդը հյուրընկալ չէ, դու իրավունք չունես այդ տարրը վերցնել, եթե հումորի զգացում չունի` չես կարող դա վերցնել, պետք է անպայման համապատասխան լինի. դա պետք է լինի ամենատարբերվող հատկանիշը: Սկզբում խոսում էինք ժինգյալով հացի, թթի արաղի, թնջրի, Ամարասի ու Գանձասարի մասին, իհարկե, սրանք արժեքներ են, բայց կարծում եմ` միգուցե Ղարաբաղի ժողովրդի տոկունությունը, նրանց հյուրընկալ լինելը, իրենց հողի նկատմամբ մեծ սերը, վստահությունն ավելի մեծ արժեքներ են: Այս հատկանիշները չպետք է դուրս մնան»,- ասաց բիենալեի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս