«Էյր Արմենիան» տոմսերը վաճառել է, թռիչքը չի իրականացրել և ուղևորներին տեղյակ չի պահել

«Էյր Արմենիա» ավիաընկերությունն այսօր չի իրականացրել Երևան-Փարիզ չվերթը: Ու թեև տոմսերը վաճառվել էին, սակայն «Էյր Արմենիան» նույնիսկ հարկ չի համարել ուղևորներին զգուշացնել, որպեսզի նրանք անորոշության մեջ ժամերով չսպասեին օդանավակայանում:

Այսօր կեսօրին ավիաընկերությունը չեղյալ էր հայտարարել նաև Երևան-Կրասնոդար չվերթը, նախորդ օրը՝ Երևան-Ն.Նովգորոդ, Երևան-Սոչի չվերթերը: Թե ի՞նչն է խնդիրը, որ չվերթերը չեն իրականացվում, ու նման անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ուղևորների հանդեպ՝ ավիաընկերությունը չի մեկնաբանում, սակայն հերքում է իր սնանկության մասին լուրերը:

168.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Էյր Արմենիայի» համասեփականատեր Վահան Հարությունյանից, սակայն ապարդյուն: Լսելով, որ զանգահարողը լրագրող է, Հարությունյանը հայտարարեց, թե ոչ մի հարցի չի պատասխանում, ու անջատեց հեռախոսը:

Ցավալի է, բայց «Էյր Արմենիան» օրեցօր ավելի խորն է թաղվում խնդիրների մեջ: Այս միակ հայկական ավիաընկերությունը դեռ ընդամենը մեկ տարի է ուղևորափոխադրումներ իրականացնում, սակայն վատ մենեջմենթի ու արտերկրի ընկերությունների հետ հավասար մրցակցության արդյունքում վտանգում է ավելի արագացված ձևով կրկնել իր նախորդի՝ «Արմավիայի» ճակատագիրը ու սնանկ դառնալ, որքան էլ հակառակը պնդի:

Այսօր ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում իր դժբախտությունների մեջ մեղադրում է բոլորին՝ «Ռոսաերոնավիգացիային», ուղևորներին, իր պարտատերերին ու գործընկերներին, նույնիսկ լրատվամիջոցներին: Իրականում «Էյր Արմենիան» փորձում է մութ սենյակում սև կատու գտնել, բայց լռում է անցած տարում կուտակած պարտքերի մասին:

«Ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս տեխնիկական սպասարկման նպատակով մեկնել են Հոլանդիա: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում»,- ասվում է «Էյր Արմենիայի» հաղորդագրության մեջ ու նշվում, որ Հայաստանում վաճառքները նվազել են 80%-ով, իսկ որոշ գործակալներ իրենց մոտ են պահել հասույթները՝ տոմսերի վերադարձի երաշխիք ապահովելու համար: Արդյունքում՝ հասույթները Հայաստանում մոտեցան կրիտիկական մինիմումի, և ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:

«Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Էյր Արմենիային» պատկանող երկու Ա320 օդանավեր վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները՝ ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում նաև ընկերությունը շնորհակալություն է հայտնում իրեն հավատարիմ մնացած ուղևորներին:

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 11-ին «Ռոսաերոնավիգացիայի» կողմից ռուսական լրատվամիջոցների միջոցով հայտարարություն տարածվեց այն մասին, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությանը սեպտեմբերի 21-ից պարտքերի չմարման դեպքում արգելվելու է չվերթեր իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն:

 

Տեսանյութեր

Լրահոս