Հայաստանում տարեկան արձանագրվում է ուղեղի անոթային հիվանդությունների ավելի քան 5 հազար դեպք

Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի համաշխարհային օր: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները:

Դրանցից շատերն անցկացվում են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվա (World Stroke Day) շրջանակում, որը 2004թ. սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության (World Stroke Organization, WSO) կողմից:

Հայաստանում տարեկան արձանագրվում է ուղեղի անոթային հիվանդությունների ավելի քան 5 հազար դեպք: Դրանց կեսն ունենում է մահվան ելք, իսկ մյուս կեսը ձեռք է բերում տարբեր աստիճանի հաշմանդամություն:

2013թ. ուղեղի անոթային ընդհանուր հիվանդացությունը մեր երկրում կազմել է 651.2` 100 հազար բնակչի հաշվով: 2000թ. համեմատ (447.1) հիվանդությունն աճել է 1.4 տոկոսով:

Հիվանդացության աճը պայմանավորված է նաև բնակչության շրջանում զարկերակային գերճնշման բարձր տարածվածությամբ, որը հաճախ թաքնված է կամ ուշ է ախտորոշվում: Հիվանդացության աճին նպաստել է նաև դիմելիության աճը, ինչն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունք է:

Ուղեղի անոթային հիվանդությունների հիմնախնդիրը և ամենամյա աճը առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկն է:

Հիվանդության դեմ պայքարից անմասն չի մնացել նաև Հայաստանը: 2014թ. մայիսին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվել է նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն, որը ղեկավարում է ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը:

Կենտրոնում առկա են բոլոր հնարավորությունները՝ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Հիվանդները գլխուղեղի կաթվածի վիրահատության համար այլևս արտասահման մեկնելու կարիք չունեն:

ՀՀ Առողջապահության նախարարություն              

 

Տեսանյութեր

Լրահոս