Սերժ Սարգսյանն այն անձը չի, որը ռիսկի գնա. Քաղաքագետ
Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ ասել էր, որ այս անգամ իշխանությունները չեն համարձակվի 2-րդ մարտի մեկ կազմակերպել, քանի որ որևէ դեմոկրատական երկիր միջազգային ասպարեզում դա չի ընդունի: Նաև հայտարարել էր. «Այն ժամանակ իշխանությունները շատ ուժեղ էին, նրանք համախմբված մի ճամբար էին ներկայացնում՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, չմոռանանք՝ «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, ՕԵԿ: Այսօր իշխանությունը շատ մեկուսացված է»,- նշել էր Լևոն Զուրաբյանը:
Այսօր այդ ուժերն այլևս իշխանությունների կողքին չեն: «Բարգավաճ Հայաստանը», ում ՀԱԿ-ը համարում էր մարտի 1-ն իրականացնողներից՝ ՀԱԿ-ի հետ նույն հարթակում է: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը նույնպես իշխանություններից կողքին չեն: Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես, ինչպես նշել է Լևոն Զուրաբյանը, Սերժ Սարգսյանի կողքին չէ:
Եթե մարտի 1-ի դեպքերն ու սպանությունները բացահայտելու հարցում այսօր պահանջատեր չկա, ի՞նչ երաշխիք, որ մարտի 1-ը չի կրկնվի, արդյոք միջազգային կառույցների՞ց պետք է վախենան իշխանությունները: Պատասխանելով մեր այս հարցադրումներին՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց.
«Իմ կարծիքով՝ շատ հարցեր այս պահին իշխանություններն արհեստականոր են շրջանառության մեջ դնում: Այսինքն՝ երկրի առաջ կանգնած են կոնկրետ խնդիրներ, և այդ խնդիրները մասին խոսելու փոխարեն հնչեցնում են ինչ-որ հարցեր, որոնք այս պահի խնդիրների հետ առնչություն չունեն:
Այսինքն՝ խոսել հոկտեմբերի 27-ի մասին հիմա անիմաստ է, որովհետև նույն այս իշխանությունները տիրապետում են դատական համակարգին, և եթե կան հարցեր, իրենք կարող են դա բացահայտել: Եթե չեն բացահայտում, ուրեմն՝ չեն ցանկանում և դրանով այդ հարցը գոնե ներկա պահին փակվում է: Պահանջել նրանցից, ովքեր չունեն այդ լծակները, խոսել մարտի 1-ի մասին, իհարկե, անիմաստ է: Այսօր դա չի օրվա խնդիրը, ոչ մարտի 1-ը, ոչ հոկտեմբերի 27-ը: Դա ընդամենը սպեկուլյացիա է: Մեր երկիրը լուրջ վտանգների առաջ է կանգնած և մենք պետք է այդ խնդիրներով զբաղվենք: Այսինքն՝ ընդդիմությանը պետք է քննադատել ոչ թե նրա համար, որ մարտի 1-ից չեն խոսում, կամ քիչ են խոսում, այլ, որ իրենք հանրությանը չի ներկայացնում այն քայլերը, որոնք իրենքն պատրաստվում են կատարել, եթե գան իշխանության: Այսինքն՝ ինչպիսի՞ կոնկրետ փոփոխություններ են կատարվելու, և ինչպիսի՞ երաշխիքներ են տալիս, որ այդ փոփոխությունները կկատարվեն: Մնացած ցանկացած խոսակցություն անիմաստ է: Այդ առումով պետք է պատրաստ լինել, որ իրենց քննադատելու են և ճիշտ են անելու»:
– Ի՞նչ երաշխիք կա, չի լինի այն, ինչ 2008 թվականին տեղի ունեցավ:
– Իմ կարծիքով՝ մինչև իշխանությունները վստահ չլինեն, որ Արևմուտքը և Հյուսիսը գոնե նեյտրալ կերպով այդ նոր մարտի 1-ին կվերաբերվեն, նրանք նոր մարտի 1 չեն կարող անել: Այսինքն՝ ուժային լուծումների համար այդ իշխանությունները շատ թույլ են և ռեսուրսների առումով, և՛ հոգեբանական առումով:
– Այսինքն՝ թույլ են այն առումով, որ արդեն «Բարգավաճ Հայաստանը», ՕԵԿ-ը, Դաշնակցությունը իրենց հետ չե՞ն:
– Թույլ են այն առումով, որ իրենք որևէ հենարան չունեն՝ ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս: Իրենց քաղաքականությունը անհասկանալի է ոչ միայն Հայաստանի հասարակության և միջազգային գործընկերների համար, այլև հենց իրենց թիմակիցների համար: Մարտի 1 անելն իրենց համար շատ վտանգավոր է նաև անձնական առումով:
– Դրա համար նման բան չե՞ն անի:
– Ես չեմ ասում նման բան կանեն, թե ոչ: Կարող է նման բան անեն, բայց դա շատ ռիսկային կլինի իրենց համար: Իսկ քանի որ իշխանությունում մարդիկ հիմնականում մորթապաշտ են, այդ պատճառով ես ենթադրում եմ, որ այդ մորթապաշտության պատճառով նման ռիսկերի չեն գնա: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանն այն անձը չի, որը ռիսկի գնա: Եթե կան անձեր, որոնք կարող են իրենց վրա նման պատասխանատվություն վերցնել, նրանք արդեն Սերժ Սարգսյանի թիմից չեն: