Շտապօգնությունն ամենուր հասանելի պետք է լինի
«Բոլոր այն ձեռքբերումներն ու բարեփոխումները, որ այսօր ունենք Երևանի շտապօգնության ծառայությունում, պետք է տարածենք ամբողջ հանրապետությունում»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Շտապ բուժօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի երկրորդ փուլի մեկնարկի ժամանակ։
Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ծառայության առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծված շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր, ընդլայնված համակարգը։
Ծառայության ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն տրվեց համակարգի ընձեռած հնարավորությունների մասին։ Այն թույլ է տալիս իրականացնել շտապօգնության ծառայության քարտեզագրում։ Էլեկտրոնային քարտեզի վրա նշելով ՀՀ մարզերը, բնակավայրերը, շտապօգնության կայանները։ Դրանց մեջև ստեղծվել է կապ, նշվել են տարածքային սահմանները: Էլեկտրոնային քարտեզի վրա հնարավոր է տեսնել ՀՀ բոլոր բնակավայրերը` բաժանված ըստ շտապօգնության կայանների սպասարկման տարածքների, դրանց պատկանող մեքենաների դիրքն ու շարժը` առցանց ռեժիմում:
Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգում աշխատելը առավել արագ և արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են փնտրման տարբեր գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է քարտեզի վրա արագ գտնել ցանկացած բնակավայր կամ շտապօգնության կայան և տեսնել դրանց տարածքային սահմանները: Շտապ բուժօգնության ծառայության քարտեզագրումը տեսանելի և արժանահավատ տեղեկատվություն է ներկայացնում շահագրգիռ բոլոր կողմերի համար:
«Այս քարտեզը բոլորիդ համար գործիք պետք է դառնա հանրապետության բոլոր կանչերի արագ արձագանքումը կարգավորելու համար։ Դա հնարավորություն կտա ապահովելու ծառայության մատչելիությունը և հասանելիությունը»,-ասաց փոխնախարարը։
Շտապ բուժօգնության ծառայության տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն է տալիս ևս մի քայլ կատարել դեպի առողջապահական տվյալների հավաքագրման միասնական համակարգի ձևավորումը:
Տեղեկատվական վերլուծական այս համակարգում ծրագրային այլ հնարավորություններ ևս կան։ Ստեղծված վահանակներին պատկերվում են շտապօգնության բրիգադների կարգավիճակը, որոնց շնորհիվ դիսպետչերները ցանկացած պահի կարող են իրենց ենթակայության տակ գտնվող բրիգադների մասին տեղեկատվություն ստանալ: Ավելին` նույն վահանակում հնարավոր է անսահմանափակ քանակով կայաններ ներառել ` անկախ մարզային և տարածքային պատկանելությունից:
ՀՀ ամբողջ տարածքում գործող շտապօգնության մեքենաները ևս կհամալրվեն GPS սարքերով և կներառվեն գործող դիսպետչերական համակարգին: Այդպիսով կստեղծվի շտապօգնության ծառայության միասնական լիարժեք տեղեկատվություն` կառուցվածքային առանձնահատկություններով, տարածքային բաժանումներով և մեքենաների հագեցվածությամբ:
Քննարկվեցին մարզերում գործող շտապօգնության կայանների աշխատանքների բարելավմանը, մարզային դիսպետչերների ուսմուցմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։
«Երևանի դիսպետչերական ծառայության վրա մԵծ պատասխանատվություն է դրվում։ Այստեղ պետք է համակարգվեն ամբողջ հանրապետությունից ստացվող կանչերը»,-ասաց Վահան Պողոսյանը` հավելելով, որ երկրի ցանկացած վայրից շտապօգնության ծառայությանն առաջիկյում պետք է զանգահարեն միայն 1-03 համարով։
ՀՀ Առողջապահության նախարարություն