Բաժիններ՝

Սնանկությո՞ւն, թե՞ հաշտության պայմանագիր. Պարտատերն ու «Նաիրիտը» բանակցում են

168.am-ը գրել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ կրկին դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն «Էներգոկոր» ընկերությունն է՝ գրանցված Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան 68 շենք, 10 բն. հասցեում:

«Մենք ջերմամեկուսացման աշխատանքներ ենք իրականացրել «Նաիրիտում» մինչև 2010 թ-ը և արդեն 4 տարի չենք կարողանում ստանալ մեծ գումարը: Պարտքը կազմում է 18 մլն դրամ՝ հավելած տույժ ու տուգանքները, ընդհանուր մոտ 20 մլն դրամ»,- մեր թղթակցին ասել է ընկերության տնօրեն Հայկ Արաբյանը: Թեև հայցն արդեն ընդունվել է վարույթ, ընկերությունը բանակցում է գործարանի հետ և, ըստ Հ.Արաբյանի, ամենայն հավանականությամբ, հաշտության պայմանագիր կկնքվի, ժամանակացույց կազմվի՝ պարտքը մարելու համար. «Տեսնենք, առաջիկա մի քանի օրում կորոշվի»: Նա դժվարացավ մեկնաբանել գոյություն ունեցող կարծիքը, որ «Նաիրիտի» սնանկությունը ՀՀ կառավարության համար ցանկալի լուծում կլիներ: Արաբյանը հույս է դնում տնօրենի խոստումների վրա: Դիտարկմանը, որ պարտք մարելու համար գործարանը պետք է աշխատի, Հ.Արաբյանը հակադարձեց՝ «բայց իրենք աշխատավարձ են ստանում»:

Ուշագրավ է, որ այս գործով էլ դատավոր է նշանակվել Արա Կուբանյանը, ով բավականին տխրահռչակ հարուստ փորձ ունի «Նաիրիտի» հետ կապված այլ դատական գործերով: Դրանցից առավել տարօրինակը, թերևս, օֆշորային գոտում գրանցված իրանական «Նումարդ Թրեյդինգ» ընկերության հետ կապված գործն է: Այս պատմությանը 168.am-ը նախկինում բազմիցս անդրադարձել է: Հիշեցնենք միայն, որ օֆշորային ընկերության հայցը «Նաիրիտի» դեմ Կուբանյանը վարույթ էր ընդունել՝ առանց գանձելու պետական տուրքը՝ 98 մլն դրամ: Դատական երկար քաշքշուկներից հետո «Նումարդ թրեյդինգից» հօգուտ ՀՀ պետբյուջեի պետք է բռնագանձվեր ավելի քան 247.5 մլն դրամ, բայց, ինչը և տրամաբանական է օֆշորային ընկերության դեպքում, «Նումարդ թրեյդինգին» գտնել չի հաջողվում: ԴԱՀԿ-ից մեզ հայտնել են, որ 04.07.2013թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում կայացվել էր որոշում պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Կատարողական գործողությունների ընթացքում, պարտապանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (արգելանքի որոշումներն ուղարկվել են ՀՀ առևտրային բանկեր, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա, պետական ռեգիստրի գործակալություն, ՃՈ), որի արդյունքում պարտապան «Նումարդ Թրեյդինգ» ընկերությանը պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել: Այսքանով այս տարի մարտին կատարողական վարույթն ավարտվել է: Իսկ Կուբանյանի պատճառով բյուջեի կրած վնասը ոչ ոք չի փոխհատուցել: Հարցը, թե ինչո՞ւ է Ա.Կուբանյանը բավարարել օֆշորային ընկերության միջնորդությունը և չի պահանջել վճարել պետտուրքը, մինչ օրս օդում կախված է: Ի դեպ, Կուբանյանի վարույթում «Նաիրիտի» դեմ եղած մեկ այլ գործով, երբ իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը պահանջում էր սնան ճանաչել գործարանը, 500 հազար դրամ պետտուրքը կրկին չի վճարվել: Իսկ Կուբանյանն այլևս կատարողական թերթիկ չի ուղարկել ԴԱՀԿ և վարույթ ընդհանրապես չի հարուցվել:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս