Բաժիններ՝

Ովքե՞ր և ինչո՞ւ են միլիոններ նվիրել օֆշորային ընկերությանը

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում այս տարվա հուլիսի 4-ին հարուցվել է կատարողական վարույթ և հետախուզում է հայտարարվել օֆշորային գոտում գրանցված իրանական «Նումարդ Թրեյդինգ» ընկերության նկատմամբ:

Այս մասին հայտնեցին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից` ի պատասխան «168 Ժամի» հարցման: ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.03.2013թ. տրված թիվ ԵՇԴ0913/02/09 կատարողական թերթի համաձայն` պետք է «Նումարդ Թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 247.489.200 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 29.09.2011թ. վճարված պետական տուրքի գումարը:

«168 Ժամն» այս խնդրին անդրադարձել էր իր նախորդ համարներում, և, հետաքրքրականն այն է, որ ԴԱՀԿ-ն «Նումարդ թրեյդինգի» դեմ վարույթ հարուցեց միայն մեր հարցումից հետո: Դեռ հուլիսի սկզբին մենք հարցում էինք ուղարկել ԴԱՀԿ՝ պարզելու, թե մինչ օրս որքա՞ն գումար է բռնագանձվել «Նումարդ թրեյդինգից», բայց պարզվեց, որ հուլիսի 3-ի դրությամբ` կատարողական վարույթ առկա չէր:
Ամեն դեպքում, ԴԱՀԿ-ն հիմա մութ սենյակում սև կատու փնտրողի կարգավիճակում է: «Նումարդ թրեյդինգ» ընկերությունը գրանցված է Սեյշելյան կղզիներում, ՀՀ-ում ներկայացուցչություն չունի և, ըստ մամուլի հրապարակումների, այն ստեղծվել էր միայն «Նաիրիտ» գործարանի հետ կապված որոշ անձանց մութ գործերը կյանքի կոչելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ» գործարանում անցկացված ստուգումների արդյունքում բացահայտումներից մեկը «Նումարդ թրեյդինգի» հետ կապված «խաղերն» էին, մասնավորապես՝ 2009 թ. հուլիսին այս ընկերությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից 4 մլրդ 949 մլն դրամ բռնագանձելու պահանջով, որպես չկատարված պարտավորության փոխհատուցում, և գործը քննող դատավոր Արա Կուբանյանը բավարարել էր ընկերության միջնորդությունը՝ պետտուրքից ազատելու կամ տարաժամկետելու վերաբերյալ, և հայցադիմումը վարույթ էր ընդունել` առանց տուրքի վճարման անդորրագրի: Պետական տուրքն առաջին ատյանում կազմում է հայցապահանջի գումարի 2%-ը, տվյալ դեպքում՝ 98 մլն դրամ: 2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել էր հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ «Նումարդ թրեյդինգի» բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել էր «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը: Իրադրությունը փոխվեց Ֆինանսների նախարարության ստուգումների ու «Հետքի» աղմկահարույց բացահայտումներից հետո, երբ ավելի քան 1 տարի անց «Նաիրիտը» բողոքարկեց և շահեց դատը:

Կարդացեք նաև

Վերաքննիչը գործը բեկանել էր և 2012 թ. մայիսին ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության համար, որտեղ արդեն անցած տարի նոյեմբերին վճռվել էր «Նումարդ թրեյդինգից»` հօգուտ ՀՀ պետբյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247.5 մլն դրամ, որից 98 մլն դրամը՝ չվճարված պետական տուրքի գումարն է:

Հարցը, թե ինչո՞ւ է Ա.Կուբանյանը բավարարել օֆշորային ընկերության միջնորդությունը և չի պահանջել վճարել պետտուրքը, մինչ օրս օդում կախված է: Ի՞նչ հիմքով կարող է դատավորն ազատել որևէ ընկերության պետտուրքից կամ հետաձգել այն:

Մեզ հետ զրույցում «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ընկերության հիմնադիր Գեորգի Խաչատրյանը հայտարարեց, որ դատավորն առանց պետտուրքի` գործ վարույթ ընդունելու իրավունք չունի: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով` կան որոշակի գործերի տեսակներ և անձինք, ովքեր պետտուրքի վճարումից ազատված են, և սահմանված են որոշակի արտոնություններ (հոդված 21): Տեխնիկապես, ըստ Գ. Խաչատրյանի, դատարան դիմողը պետք է ներկայացնի կամ պետտուրքի վճարման անդորրագիրը, կամ ապացույց, որ բավարարում է պետտուրքի գծով արտոնություն ունեցող անձանց ներկայացվող պահանջը, կամ միջնորդություն` որևիցե արտոնություն սահմանելու համար, օրինակ` վճարման ժամկետը հետաձգելու:

Գ. Խաչատրյանը նշեց, որ միջնորդության հիմքերը դատարանը պետք է ստուգի, այսինքն՝ դիմողը պետք է ապացուցի, որ իր գույքային դրությունը թույլ չի տալիս վճարել պետտուրքը, և դատարանը պետք է գնահատի՝ արդյոք ապացույցը բավարա՞ր է արտոնություն սահմանելու համար. «Օֆշորային ընկերություն կլինի, թե տեղական, այն պետք է փորձի համոզել դատարանին, որ իր գույքային կամ ֆինանսական դրությունը թույլ չի տալիս վճարել, իսկ դատարանը գնահատում է՝ որքանով է տեղեկությունն արժանահավատ: Ըստ էության, օրենքի շրջանակներում մի դատավոր կարող է բավարարել տվյալ միջնորդությունը, մյուսը` ոչ»:

«Նումարդ թրեյդինգը» ոչ մի երաշխիք չէր ներկայացրել դատարան, և տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, թե ինչու է Արա Կուբանյանն օժանդակել այդ ընկերությանը: Որքա՞ն է այս «թերացման» գինը: Նկատենք, որ այս կարգի գործերի մեջ նման չափի պետական տուրք չվերցնելը քիչ ընդունված է: Արդյունքն այն է, որ այսօր իրանական ծագմամբ, օֆշորային գոտում գրանցված «Նումարդ թրեյդինգ» ընկերությունը մեր աղքատիկ բյուջեի պայմաններում Հայաստանի Հանրապետությանը պարտք է շուրջ 247.5 մլն դրամ, իսկ հավանականությունը, որ ԴԱՀԿ-ն երբևէ կգտնի այդ ընկերության գեթ մեկ ներկայացուցչի, զրոյական է:

«168 Ժամը» ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հետաքրքրվեց, թե ՀՀ դատական դեպարտամենտի Արդարադատության խորհուրդը քննարկե՞լ է կամ մտադի՞ր է քննարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանի ցուցաբերած անփութությունը/ռիսկային վարքը՝ կապված ԵՇԴ/0913/02/09 (նոյեմբերի 21, 2012թ.) գործով «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետական տուրքի գումարը (247.489.200 դրամ) չբռնագանձելու հետ, քանի որ նշված ընկերությունը ՀՀ ռեզիդենտ չէ, այլ իրանական է ու գրանցված է օֆշորային գոտում, և կանխատեսելի էր, որ դրա պարտության դեպքում այլևս դժվար կլինի գտնել ընկերության ներկայացուցիչներին` տուրքը բռնագանձելու համար: Մեզ պատասխանեցին, որ ՀՀ արդարադատության խորհրդի Կարգապահական հանձնաժողովը քննարկում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը` դիմումի, միջնորդության կամ հաղորդման հիման վրա: Մինչդեռ թիվ ԵՇԴ/0913/02/09 գործով դատավոր Ա.Կուբանյանի վերաբերյալ նման դիմում, միջնորդություն կամ հաղորդում ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը չի ստացել:

Միաժամանակ տեղեկացրին, որ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն` կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝ արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, աշխատանքային կարգապահությունը պարբերաբար կամ կոպիտ խախտելը, վարքագծի կանոնների պարբերաբար կամ կոպիտ խախտելը, դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 12-րդ հոդվածով, 72-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով իր համար սահմանված պարտականությունները չկատարելը, Էթիկայի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ գործունեության մասին չհայտնելը:

Այսինքն, Կուբանյանի վարքագիծն Արդարադատության խորհրդում կարող է քննվել, եթե դիմում ներկայացնի «Նաիրիտը» կամ ֆինանսների նախարարը: Իսկ դա քիչ հավանական է: Խնդիրն առավել սուր է այն տեսանկյունից, որ, ինչպես գրել էինք մեր նախորդ հրապարակումներում, 2009-ին, երբ «Նումարդ թրեյդինգը» դիմել էր դատարան` ընդդեմ «Նաիրիտ» գործարանի, վերջինիս իրավաբանները կարծես նպատակային գործը տարան պարտության:

Հիշեցնենք, որ պայմանագրում կետ կար, որով իրանական կողմն` ինքը, պետք է հայտ ներկայացներ, թե ինչ տեսակի և որքան կաուչուկ է ուզում, գար Երևան և տեղափոխեր ապրանքը:

Սակայն իրանցիները ոչ հայտ էին ներկայացրել, ոչ էլ մեքենա էին ուղարկել և, անտեսելով պայմանագրի այս կոպիտ խախտումը` հայցը մերժելու համար, «Նաիրիտի» իրավաբանը վաղեմությունն էր բերել որպես հիմք` միաժամանակ լավ իմանալով, որ վաղեմությունը չի կարող կիրառվել, քանի որ այդ մասին արդեն հոգացել էին` հետին թվով գրանցելով կեղծ փաստաթուղթ: Այս ամենը կբացահայտվեր, եթե իրավապահներն այս ամառ հարուցված քրեական գործը չկարճեին և իրապես անկողմնակալ քննություն անցկացնեին:

Ինչևէ: «Նաիրիտի» և գործարանի հետ կատարված մութ գործարքների պատմությունը բավականին խառն է: Բայց մի բան կարող ենք հստակ արձանագրել` իրանական ընկերության հետ կապված այս փոքրիկ դրվագի արդյունքում` պետությունը կրել է միլիոնավոր դրամների վնաս, իսկ պատասխանատվության ոչ մեկը չի ենթարկվել: Վարագույրի ետևում թաքնվածներն էլ վայելում են յուրացված միլիոնները:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս