Իշխանափոխության մեխանիզմները կճշտվեն հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությունները հրաժարվեն սահմանադրական փոփոխություններից:
– Հնարավոր համարում եմ, բայց դրա համար իշխանությանը պետք է բավարար իմաստնություն: Եթե հասարակության մեջ չկա նվազագույն համախոհություն, եթե այդ պատճառով հասարակությունը բաժանվել է երկու բևեռների, շատ հնարավոր է, որ հասկանան ու հեռու կանգնեն դրանից: Ես նկատել եմ, որ Սերժ Սարգսյանը որոշ մանևրի հնարավորություն թողել է:
– Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ իշխանություններից ակնկալիքներ չկան, առաջարկների էլ չեն սպասում, բայց նրանք կարող են դա անել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ անցած նիստից հետո հայտարարեց, թե իշխանությունները մինչև հոկտեմբերի 24-ը ժամանակ ունեն: Հնարավո՞ր է, իշխանություններն առաջարկեն հրաժարվել այդ փոփոխություններից, և քառյակի ուժերը փոխզիջման կարգով համաձայնեն դրան:
– Տարբեր առիթներով ասել եմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հարթակում երեք քաղաքական ուժերի միասնական կարծիք չի եղել՝ հարգելով բոլորի կարծիքները: Յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ իր կարծիքն է ասել հնարավոր զարգացումների մասին: Քառյակը շատ ընդգրկուն խնդիրներ է դրել՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական, ծանոթ եք նաև 12 կետերին: Իհարկե, իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն, որ քաղաքական ուժերն ու հասարակական հատվածը դեմ են այդ փոփոխություններին շատ պարզ պատճառաբանություններով, բայց նաև կդիտենք, որ սա այն քայլերից մեկն է, որ իշխանությունը պետք է անի: Այսինքն` եթե իշխանությունը հրաժարվում է սահմանադրական փոփոխություններից, կասենք` շատ լավ է, բայց դրանով չէ, որ սահմանափակվում է մեր այսօրվա կեցվածքը կամ քաղաքական օրակարգը, ինչը, կարծում եմ, որպես միասնական քաղաքական օրակարգ, երեք քաղաքական ուժերի կողմից արդեն կբարձրաձայնվի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին:
– Դա իշխանափոխությո՞ւնն է լինելու:
– Եթե ուշադրություն դարձրել եք, բոլոր քաղաքական ուժերը առանձին-առանձին ասում են, որ գնում ենք իշխանափոխության: Բայց թե ինչ զարգացումներ կունենանք, կամ՝ երեք քաղաքական ուժերն ինչ միասնական օրակարգով կներկայանան, յուրաքանչյուրն աշխատում է իր տարբերակի վրա: Եվ կարծում եմ, որ առաջիկայում մեր ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում, որից հետո, ենթադրում եմ, և շատ անհրաժեշտ է, որ 24-ի հանրահավաքին երեք քաղաքական ուժերը հանդես կգան միասնական քաղաքական օրակարգով:
– Շատ է բարձրաձայնվում հրաժարականի պահանջի հարցը: Հոկտեմբերի 24-ին հրաժարականի պահանջ հնչելո՞ւ է:
– Մեխանիզմները, թե ինչպես ենք պատկերացնում իշխանափոխությունը, և թե դրան ինչպես պետք է հասնել, կճշտվեն այդ հանդիպման ժամանակ: Արձանագրում եմ, որ, այո, իշխանափոխության խնդիրը դրված է երեք քաղաքական ուժերի կողմից, և այսօր աշխատում ենք այն մեխանիզմների վրա, թե ինչպես հասնել այդ արդյունքին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: