
«Մինչև ինքներս մեր երկրում ներդրումներ չկատարենք, արտաքին ներդրումները կմնան քաղաքականացված»

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր» նոր լույս տեսած մենագրության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, պատգամավորներ, գրական աշխարհի ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
Միջոցառման սկզբում Աժ նախագահն ու փոխնախագահը շնորհավորեցին Թաթուլ Մանասերյանին նոր գրքի կապակցությամբ. «Մանասերյանին ճանաչում եմ որպես շիտակ անձնավորություն, որ կատարում է անկողմնակալ վերլուծություններ: Թաթուլ Մանասերյանն այն անձանցից է, որ իր կարծիքը չի փոխում և ոչ էլ պարտադրում է ուրիշներին, ինչը գիտնականի կարևորագույն հատկանիշներից է: Հասարակությունը գնահատում է Ձեր տնտեսական գործունեությունը: Ես ողջ Ազգային Ժողովի անունից ողջունում եմ այս միջոցառումը՝ Ձեզ մաղթելով նորանոր հաջողություններ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Այնուհետև Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց գրքի բովանդակությունը և դրա հետ կապված այլ մանրամասներ: Նրա խոսքով՝ գրքում վերլուծության առարկա են ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից երկրի տնտեսական անվտանգութփյան ապահովման ռազմավարության հիմնահարցերը՝ ներառյալ ազգային շահերը, պետության դերը համարժեք ռազմավարության մշակման և կիրառման գործում.
«Գրքում առանձնահատուկ կարևորվում են մարդու կենսագործունեությանն առնչվող սպառնալիքները, որոնք առնչվում են նրա կենսապահովմանը, սպառողական զամբյուղին, աղքատությանը, սոցիալական ոլորտին, ժողովրդագրական ռիսկերին, ներառյալ արտագաղթը, անպտղությունը, բնակչության «ծերացումը», «ուղեղների արտահոսքը:
Տնտեսական սպառնալիքներն առանձին վերլուծության առարկա են ինչպես միկրո մակարդակում՝ հաշվի առնելով դրանց հնարավոր անդրադարձերը ապրանքների և դրանք արտադրող ձեռնարկությունների մրցունակության, ներդրումների, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների կիրառման և մտավոր ներուժի օգտագործման վրա, այնպես էլ ողջ տնտեսության մասշտաբով և համապետական, համազգային շահերի տեսանկյուններից: Միաժամանակ ներկայացվում են տնտեսական անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ինչպես նաև տնտեսական սպառնալիքների դեմ պայքարում գլոբալ համագործակցության հեռանկարները:
Իր գիտական և գործնական ուղղվածությամբ գիրքը նախատեսված է երկրի օրենսդիր և գործադիր մարմինների, գործարարների, փորձագետների և դինամիկ փոփոխվող աշխարհում Հայաստանի տնտեսական խնդիրներով մտահոգ լայն շրջանակների համար»:
Թաթուլ Մանասերյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն հանգամանքին, որ մեր երկրում քիչ է ուշադրություն դարձվում ներքին ներդրումներին: Նրա խոսքով՝ մինչև ինքներս ներքին ներդրումներ չկատարենք, դրանով չձևավորենք վստահության միջավայր, արտաքին ներդրումները կմնան քաղաքականացված. «Մենք չենք կարող հավասար գրավիչ դաշտ ստեղծել և մարդկանց ասել՝ Չինաստան գնալը ձեզ համար այնքան հրապուրիչ չէ, որքան Հայաստան, համեցե՛ք Հայաստան: Մենք պետք է փոքր-ինչ ավելի իրատես լինենք և հնարավորինս զարկ տանք ներդրումներին»: