«Տեր-Պետրոսյանը հակաբարոյական և հակաանկախական գործառույթ է իրականացրել». «ջղաձգվողների» պատասխանը` առաջին նախագահին
Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, հայտարարեց, թե Հայաստանում դրան դեմ արտհայտվողներն ընդամենը երկու-երեք տասնյակ անհատներ են:
«Այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»,- իր ելույթում կարծիք հայտնեց Տեր-Պետրոսյանը:
Հավանաբար Տեր-Պետրոսյանն իր այս կարծիքը կազմել է` ելնելով հոկտեմբերի 9-ին «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» խորագրով անցկացված անկախության երթին, որին իսկապես մի քանի տասնյակ երիտասարդներ էին մասնակցում:
Բայց արդարության համար պետք է հիշեցնել, որ Երևանում եվրասիական ինտեգրման դեմ ավելի հաջող ակցիաներ են եղել, մասնավորապես` նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստան էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն ժամանակ ցուցարարների թիվը հաստատ անցնում էր 30-ը: Այդ օրը Ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ 120 հոգու:
Իսկ ի՞նչ են մտածում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն դեմ արտահայտվող հայտնի գործիչները «միտք պղտորող» և «ջղաձգվող» որակումների մասին:
«Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրը` անձնական և քաղաքական, այն է, որ նա իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում արհամարհանքով է վերաբերվել սեփական ժողովրդին և շարունակում է դա անել,- կարծում է hասարակական-քաղաքական գործիչ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: – Նա չի կարող թաքցնել, և անգամ երեկ մարդկանցից մեկի մասին ասաց` «զսպեք դրան»: Դա շատ բան է ասում իր աշխարհայացքի կամ արժեհամակարգի մասին: Կարծում եմ` 20 կամ 30 հոգու մասին խոսելիս` նա նույն սխալն կատարում: Նա աշխարհը տեսնում է շատ նեղ ճեղքից և կարելի է ասել, որ վաղուց արդեն մեր երկրին և մեր անձին նայում է մի աչքով»:
Տիգրան Խզմալյանը պոպուլիզմ է համարում Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների այն մոտեցումը, թե Եվրասիական միությունը խնդիր չէ, քանի որ ժողովրդին այդ հարցը չի հետաքրքրում: Ըստ նրա` ազգի վերնախավն ինքը պետք է ընդունի քաղաքական որոշումները. «Եթե անցկացվի հարցում` արդյո՞ք արևն է պտտվում երկիր մոլորակի շուրջը, թե՞ հակառակը, հաստատ կլինի մի ստվար զանգված, որը կպնդի, որ իրականում արևն է պտտվում մեր շուրջը: Դա չի նշանակում, որ այդպես է: Եվ նման հարցեր քննարկելիս` պետք է հասկանալ մի բան, որ քաղաքական որոշումները պետք է ընդունի երկրի և ազգի վերնախավը: Այն երկրները, որտեղ իրական վերնախավն է իշխանության ղեկին, բարգավաճում են, զարգանում, հզորանում: Այն երկրները, որտեղ, մեր երկրի պես, վաճառականներն են զավթել իշխանությունը, սկզբից վաճառում են իրենք իրենց, հետո` տարածքը և ժողովրդին»:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նույնպես համաձայն չէ Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ: Ըստ նրա` եթե անգամ դեմ արտահայտվողներն այդքան քիչ լինեին, Տեր-Պետրոսյանը չպետք է հնչեցներ դա:
«Մենք չենք պղտորում: Եթե անգամ մի մարդ մնա, որ անկախության համար կանի ցանկացած քայլ, այդ թվում` ջղաձիգ քայլեր, այդ մարդիկ ինձ համար արժեք են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Սանասարյանը:
Երիտասարդ գործչի կարծիքով` Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների նման մոտեցումը արջի ծառայություն է, քանի որ նրանք ցանկանում են Կրեմլին ցույց տալ, թե Հայաստանում բոլորը կողմ են Եվրասիական միությանը: Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, ռուսական լրատվամիջոցները բոլորովին այլ կերպ են Ռուսաստանում ներկայացրել այդ ուղերձը. «Գրեթե բոլոր ռուսական լրատվականները գրել են, որ հոկտեմբերի 10-ի հավաքը ԵՏՄ-ի դեմ էր, այդքան ժողովուրդ դուրս է եկել հանրահավաքի: Այս պարագայում ռուսական լրատվամիջոցներն անգամ իրենց ապատեղեկատվությամբ ավելի շատ են խոսել Հայաստանի շահերից, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Քաղաքացիական ակտիվիստ, «Իրազեկ քաղաքացիներ միավորման» հ/կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննեսյանի համոզմամբ` Տեր-Պետրոսյանն այդպիսի հռետորաբանությամբ պարզապես հակապետական և հակաանկախական գործունեություն է իրականացնում:
«Ես ոչ միայն, բնականաբար, համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ գաղափարի հետ, այլև համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հակաբարոյական և հակաանկախական գործառույթ է իրականացրել: Ինքն իրեն համարում է Հայաստանի հիմնադիր նախագահ, բայց դեմ դուրս չի գալիս մի փաստաթղթի, որը տապալում է Հայաստանի ինքնիշխանությունը, այդ փաստաթուղթը պաշտոնապես Հայաստանի ինքնիշխանության մի մասը հանձնում է Մոսկվային: Սա ուղղակի անբարոյականություն է: Ոչ միայն չի պայքարում, այլև մեղադրում է նրանց, ովքեր պայքարում են»:
Ակտիվիստի խոսքով`հենց քաղաքական վերնախավն է մեղավոր, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն անտարբեր է այս կարևորագույն խնդրի նկատմամբ, որովհետև, մի կողմից, իշխանությունները ժողովրդին համոզում են, որ այստեղ ռիսկեր չկան, իսկ մյուս կողմից` ընդդիմությունը կամ ոչիշխանությունը ասում է նույնը, ինչ իշխանությունը, երրորդը` Հայաստանում շատ ազդեցիկ է ռուսաստանյան քարոզչությունը, իսկ այն ուժերը, որոնք գիտակցում են, որ սա դեմ է անկախությանը, և փորձում են ժողովրդին բացատրել, շատ թույլ դիրքերից են հանդես գալիս:
«Երեկվա հանրահավաքում միայն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց Եվրասիական միության և դրա վտանգների մասին, իսկ մյուսները բոլորը սատարում են մի շատ պարզ պատճառով, որովհետև իրենք այն աստիճանի իրենց մեջ չեն ընկալել անկախության գաղափարը, որ համարում են, որ պետք է միշտ ծառայեն Պուտինին: Եթե Խորհրդային միությունը մի քիչ ավելի լիբերալ երկիր լիներ, մոտավորապես այսպիսի գործընթացներ կլինեին. բոլորը կընդունեին, որ շեֆը նստած է Մոսկվայում, և իրար հետ կարելի է մրցել միայն ներքին դաշտում: Մեր տարբերությունն այն է, որ մենք համարում ենք, որ մենք շեֆ չունենք»,- ավելացրեց մեր զրուցակիցը: