Փորձագետի կարծիքով` մաքսակետի հարցը լինելու է Եվրասիական միության պայմանագրի ականներից մեկը
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դնել-չդնելու հարցն ամենևին լուծված չէ՝ կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Փորձագետն այս կարծիք հայտնեց այսօրվա ասուլիսում` մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երեկվա հայտարարությունը:
Նազարբաևը երեկ Մինսկում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, ասել էր, որ բանակցությունների ընթացքում հաջողվել է փոխզիջումների հասնել այն հարցի շուրջ, թե որ սահմաններով է Հայաստանը միանալու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):
Ըստ Սաֆարյանի` քանի որ առայժմ այլ ինֆորմացիա չկա, մնում ենթադրել, որ տրվել են բարձր մակարդակի հավաստիացումներ, որ Ղարաբաղը որևէ ձևով` ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե, չի հայտնվի ԵՏՄ տարածքում:
Սակայն Ստեփան Սաֆարյանը մտավախություններ ունի, որ տարաձայնությունները հետագայում ջրի երես դուրս գան, և ԵՏՄ-ի պայմանագիրը կարժանանա հայ-թուրքական արձանագրություների ճակատագրին` իր տարաբնույթ մեկնաբանությունների առումով:
Փորձագետի համոզմամբ` այստեղ կա մի խնդիր, որը հետագայում կարող է ականի նման պայթել: Խոսքը վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի խնդրին. «Ամռան ընթացքում այն նվազագույն համաձայնությունը, որին եկան Մաքսային միության եռյակը և Հայաստանը, հետևյալն էր` Հայաստանն անդամակցում է առանց Ղարաբաղի: Հայաստանի ներկայացուցիչները հստակ հայտարարեցին` քանի որ Ղարաբաղը, ըստ էության, չի դիմել անդամակցելու համար, հետևաբար չի լինի այդ տարածքի մի մաս, բայց իշխանությունը նաև հստակ հայտարարեց, որ, միևնույն ՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ չի լինելու: Սա ևս բարձր մակարդակով արված հայտարարություն էր: Եվ քանի որ պայմանագիրն, այնուամենայնիվ, տեսականորեն նախատեսում է նման հարց, կարծում եմ` դա լինելու է այս պայմանագրի ականապատված հատվածներից մեկը: Եվ այն, ինչի մասին հայտարարում է Նազարբաևը` որպես լուծված խնդիր, ամենևին լուծված չէ: Այս կոնֆլիկտը դեռևս առջևում է լինելու»: