Հովհաննես Իգիթյան. Նազարբաևը փոշմանե՞ց, Սերժ Սարգսյա՞նն է համոզել նրան, թե՞ Պուտինը
Եթե Ալիևի կողմից չլինեն նոր նամակներ, և Մաքսային միության անդամներն առարկություններ չունենան Հայաստանի անդամակցության առնչությամբ, ապա վաղը Սերժ Սարգսյանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Այսօրվա ասուլիսում նման կանխատեսում արեց ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանը:
«Կգա վաղը, կտեսնենք»,- ասաց Դավթյանը:
Մինչդեռ ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ էական չի համարում` Սարգսյանը վաղը կստորագրի այդ պայմանագիրը, թե ոչ, և բացի այդ` ամեն անգամ իշխանություններն ասում են` պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ կամ հաջորդ ամիս, և ամեն անգամ ժամկետները հետաձգվում են:
Փորձագետը ԵՏՄ-ին միանալուց ոգևորվելու որևէ առիթ չի տեսնում: Օրինակ բերելով Ռուսաստանում հայ միգրանտների հարցը` Իգիթյանը նշեց, որ ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ մյուս ազգերի ներկայացուցիչները Ռուսաստանում աշխատում է ոչ լեգալ, ստվերում, և հայերի նկատմամբ վերաբերմունքն էլ այս մեկ տարվա ընթացքում չի փոխվել:
«Ուրախանում ենք, որ տրանսֆերտներ կլինեն: Տրանսֆերտների վրա հույս մի դրեք, որովհետև հենց Ռուսաստանի վիճակը դժվարացավ, տրանսֆերտ ուղարկողներն իրենց ընտանիքները կտանեն այնտեղ և կպահեն, որովհետև աշխատանքը Ռուսաստանում գնալով դժվարանում է: Չկապենք դա Մաքսային միության հետ: Հայերն այնտեղ աշխատում են` ի հեճուկս ռուսական կառավարության ջանքերին կամ խոչընդոտներին»,- ասաց նա:
Ըստ Իգիթյանի` Հայաստանը մինչ օրս չի գնահատել այն ռիսկերը, որոնք կարող են լինել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, մինչդեռ Բելառուսի և Ղազախստանի իշխանություններն ամեն ինչ անում են իրենց երկրները արևմտյան պատժամիջոցներից զերծ պահելու համար և չեն ենթարկվում Ռուսաստանի խնդրանքին` մասնակցել Եվրամիության դեմ պատասխան պատժամիջոցների կիրառմանը:
Արտակ Դավթյանը, ի պատասխան Իգիթյանի հարցադրումներին, ասում է` միանշանակ Հայաստանը պաշտպանելու է իր շուկան վտանգներից: Նա համոզված է, որ Ուկրաինայի տարբերակը` կամ մեկը, կամ մյուսը, Հայաստանի համար մերժելի է, և Հայաստանը պիտի փորձի դառնալ միավորող Արևմուտքի և Ռուսաստանի համար:
«Մի բան ակնհայտ է, որ կոնկրետ ԵՏՄ-ին անդամակցելով` հոկտեմբերի 10-ը մեկնակետ կլինի մեր հետագա, առաջին հերթին տնտեսական զարգացումների համար»,- ավելացրեց Դավթյանը:
Ի դեպ, հանրապետական պատգամավորի կարծիքով` այդ մեկնակետն ազդելու է Հայաստանի ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքին զարգացումների վրա:
«Այն, ինչ պիտի տեղի ունենա Մինսկում, համարյա թե զրոյացնում է այն, ինչ պիտի տեղի ունենա վաղը Ազատության հրապարակում, որովհետև սա մեկնակետ է հանդիսանալու հետագա զարգացումների համար` ընդհանրապես Հայաստանի ապագայի հետ կապված»,- շեշտեց Արտակ Դավթյանը:
Իր հերթին Հ. Իգիթյանը դրական է համարում այն երևույթը, որ քաղաքական ուժերը փորձում են գործել միասնաբար, սակայն ակնկալիքներ չունի եռյակի հանրահավաքից, քանի որ եռյակի օրակարգում չկա ամենակարևոր` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Ոչ իշխանական ուժերը, ըստ նրա, իրենց 12 պահանջներում նշել են միայն Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետը բացառելու մասին, ինչն իրականում ածանցյալ հարց է:
«Ի վերջո, Նազարբաևի խոսքը հերքվե՞ց, թե՞ ոչ: Նազարբաևը փոշմանե՞ց, էլ չի՞ ասելու վաղը, որ դրեք մաքսակետ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանին: Սերժ Սարգսյա՞նն է համոզել նրան, թե՞ Պուտինը: Սա է ինձ համար առաջնային»,- հարցրեց Իգիթյանը` դիմելով Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Դավթյանին:
Վերջինս ոչինչ չպատասխանեց, միայն ժպտաց:
«Ես չեմ տեսնում ինձ համար որևէ ոգևորիչ հարց, որ գնամ, կանգնեմ հարթակում և գնամ այդ մարդկանց ետևից, ովքեր իրենց անվանում են ոչ թե ընդդիմություն, այլ ոչ իշխանական ուժեր,- շարունակեց Իգիթյանը:- Ես նորմալ եմ համարում, որ այս ուժերը գնում են իրենց ճանապարհով, բայց ես ուզում եմ, որ նրանք էլ նորմալ համարեն իմ վերաբերմունքը, որ ես այնտեղ չեմ կանգնելու, որովհետև լինում են հայտարարություններ, թե այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում հանրահավաքին, իրականացնում են ինչ-որ մի պատվեր: Եկեք բոլորս միասին ժպտանք, որ ես կատարում եմ Սերժ Սարգսյանի պատվերը, այստեղ խոսում եմ իր վաղվա հակահայկական, կործանիչ քայլի մասին, որ նա պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը քայքայում է Հայաստանի տնտեսությունը»: