Մակեյան. Մենք շահագրռված չենք Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն փոխել Ծառուկյանի «Բարգավաճով» ու ՀԱԿ-ով
«Վերջերս «Բարգավաճի» պահվածքը շատ նման է «Օրինաց երկրի» երբեմնի պահվածքին, այս նախագիծը կարելի է համարել «Օրինաց երկիր»-2»,- կարծում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Քաղաքական գործիչն իր այս մոտեցումը հիմնավորում է այն համոզմունքով, որ «Բարգավաճ Հայաստանը» ՕԵԿ-ի պես, Հանրապետականին հավասար ընտրություններին ընտրակաշառք է բաժանում և հետո հրապարակային ժողովրդին ասում է, թե այս իշխանությունը 5000 դրամով ընտրված իշխանություն է:
«Նույն բանն է. նրանք էլ դուրս եկան իշխանությունից և սկսեցին հայհոյել իշխանությանը, այդ ձևով ժողովրդի վստահությունը շահեցին: Հիմա սրանք են. ընտրակաշառքի, անարդարությունների, մենաշնորհի դեմ են խոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը:
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի համագործակցությանը` Պետրոս Մակեյանը կարծիք հայտնեց, որ եռյակ/քառյակը նաև իր վրա է վերցրել «հինգերորդ շարասյան» ֆունկցիան. «Ես միշտ ասել եմ` այս ամբողջը մեծ խաղ է, որին մասնակցում է իշխող զույգը` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, բայց հիմա նաև զգացվում է արտաքին գործոնի ազդեցությունը: Նրանք իրենց վրա «հինգերորդ շարասյան» ֆունկցիան են վերցրել»:
Մեր զրուցակցի խոսքով` քաղաքական դաշտում այս առումով շատ բան չի փոխվել, բայց այն, որ իրավիճակն այսօր շատ բարդ է երկրի համար, նույնպես ակնհայտ է:
Այս իրավիճակում նա կենսական է համարում իշխող համակարգի սահմանած խաղի կանոններից դուրս նոր բևեռի ձևավորումը.
«Այս քաղաքական դաշտում մեր կուսակցությունից ավելի շատ որևէ կուսակցություն չի եղել գործընթացների մեջ: Մենք ընդդիմություն ենք 1996 թվականից, սկզբից` Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո` Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ: Բայց մենք շահագրռված չենք Սերժ Սարգսյանի Հանրապետականը փոխել Ծառուկյանի «Բարգավաճով» ու ՀԱԿ-ով, որովհետև որակապես բան չի փոխվելու, ընդհակառակը`ժողովուրդը մտնելու է հիասթափության շրջապտույտը: Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք իրականությունը ժողովրդին հասցնելու համար: Իսկ այդ ժողովրդի մեծ մասը բերվում է փողով:
Այլընտրանքը երևում է: Մենք փորձում ենք բևեռ ձևավորել այն ուժերի հետ, որոնք գտնվում են եռյակ/քառյակից դուրս և այս 15-20 տարվա մեջ որոշակի սկզբունքայնություն են ցուցաբերել: Դա կլինի լուրջ այլընտրանք գործող ռեժիմին, որովհետև ես եռյակը կամ քառյակը համարում եմ ռեժիմի առանցքային օղակը, նույն ռեժիմն է»: