Բագրատ Ասատրյան. Պատրաստվենք, որ մյուս տարի ավելի վատ ենք ապրելու
«Մեկ տարի անց Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է լինելու Եվրասիական տնտեսական միությանը»,- կարծում է տնտեսագետ, ԵՊՀ դասախոս, 1994-98 թթ. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա հիմա էլ հույս ունի, որ Հայաստանը չի միանա Եվրասիական միությանը, որովհետև այն, իր խոսքով, ոչ մի բան չունի տալու Հայաստանի Հանրապետությանը:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա քաղաքական նախագիծ է, և քաղաքական նախագծերին պետք է քաղաքական վերաբերմունք ցուցաբերել: Մենք միշտ էլ գրավ ենք դնում մեր ամբողջ գոյություն ունեցող համակարգը»,- այսօրվա ասուլիսում ասաց Ասատրյանը:
Ըստ նրա` Հայաստանն այսօր պատրաստ չէ միանալ Եվրասիական միությանը, քանի որ Հայաստանն իրենից ներկայացնում է որոշակի տնտեսական մոդել, որն այսօրվա իրավիճակում չի կարող որևէ կերպ ներդաշնակվել ռուսական տնտեսական մոդելի հետ: Այս համատեքստում նա միակ դրական բանը համարում է այն, որ, իր կարծիքով, մեկ տարի անց ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է լինելու Եվրասիական միությանը.
«Մեծամասնությունը տեսնելու է, որ իրականում սա խաբկանք էր, ընդամենը քաղաքական նախագիծ էր, որի նպատակն այնքան էլ Հայաստանի անվտանգությունը չէ. ընդամենը անձերի խնդիր էր լուծվում»:
Սրան հակառակ` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտարարեց, որ Եվրասիական միությանը միանալու որոշումը Հայաստանի միակ ելքն էր, որովհետև, իր համոզմամբ, Եվրամիությանն անդամակցելն ավելի ծանր հետևանքներ կունենար Հայաստանի տնտեսության համար:
«Գնացեք Բուլղարիա, Ռումինիա և բալթյան երկրներ և տեսեք, թե ինչ վիճակ է այդ երկրներում: Այնտեղ իրականում տնտեսական մեծ անկում է»,- ասաց նա:
«Կարելի է գնալ Ռուսաստան և տեսնել, թե ինչ սարսափելի վիճակ է Մոսկվայից դուրս»,- հակադարձեց Ասատրյանը:
Արամ Սարգսյանի համոզմամբ` ոչ թե Եվրամիությունը լավը չէ, այլ Եվրամիությանը միանալու համար պետք է համապատասխանել նրա պահանջներին, իսկ Եվրասիական միությանը ստիպված ենք միանալ, քանի որ «Հայաստանի անվտանգության խնդիրները ամբողջովին խարսխվել են Ռուսաստանի վրա»:
Մի քանի թվեր, որոնք, Բագրատ Ասատրյանի մեկնաբանությամբ, լավատեսություն չեն ներշնչում. այս տարվա 8 ամիսների ընթացքում գրանցվել է Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների նվազում` 2-3 տոկոսի չափով, բայց Հայաստանի տնտեսության աճի համար անհրաժեշտ է տրանսֆերտների տարեկան շուրջ 10 տոկոս աճ, երկրորդը` այս տարի կլինի 3,5-4 տոկոս գնաճ, իսկ տնտեսական աճը ակնհայտորեն կլինի 3 տոկոսից ցածր:
«Իմացեք, որ 3 տոկոս տնտեսական աճի պայմաններում ոչ մի սոցիալական հարց չի լուծվելու, 3 տոկոս տնտեսական աճն անգամ դրդապատճառ է հանդիսանալու արտագաղթի ծավալման համար: Հայաստանում այս իրավիճակը պահպանելու համար 6-8 տոկոս տնտեսական աճ է պետք: Եվ վերջինը` ցավով պիտի ասեմ, որ 2015, 2016 և 2017 թթ. չկա որևէ նախադրյալ, որ վիճակն ավելի լավ է լինելու: Մեր հիմնական գործընկերը` Ռուսաստանը, որի ծոցն ենք գնում այսօր, զրոյական աճ է ունենալու, էլ չեմ ասում` այս պատժամիջոցներն ինչ հետևանքներ կունենան: Ուրեմն գոտիներս ձգենք, պատրաստվենք, որ մյուս տարի ավելի վատ ենք ապրելու, մանավանդ որ Հայաստանի իշխանությունները, տեսնելով այս ամենը, ոչ մի քայլ չեն արել այս ուղղությամբ»,- հայտարարեց Բ. Ասատրյանը: