Վերնիսաժի գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի մոտ ֆիքսվել էր կոնկրետ իրադրությամբ պայմանավորված հիշողության մասնակի կորուստ

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի մոտ անհրաժեշտ պաշտպանության վիճակ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ Գոռ Առաքելյանը միայնակ է եղել, Վալերի Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը երկուսով են եղել, նրանք ֆիզիկապես ավելի պատրաստված են, որոշ տեղեկությունների համաձայն, ըմբշամարտի կամ ձեռնամարտի մարզիչներ են, մարմնակազմությամբ ավելի հաղթանդամ են: «Այստեղ խիստ էական է, որ Գոռ Առաքելյանի հետ մեքենայում գտվել են նրա կինը և երկու տարեկան երեխան, որոնք ամբողջ վիճաբանության ընթացքում, հատկապես երեխան, անընդհատ լացել են: Այս ամեն ինչը, բնականաբար, նաև ազդում է մարդու հոգեվիճակի վրա»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ հիմնվելով նշված հանգամանքների վրա՝ նախաքննական մարմինը պետք է մտածեր գոնե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մասին: Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-ր կետերով՝ խուլիգնական դրդումներով երկու և ավելի անձանց սպանության փորձ, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով:
«Ինչ են իրենցից ներկայացնում խուլիգանական դրդումները: Եթե փորձեմ կարճ ներկայացնել, ապա դա չնչին առիթից բխած սպանության դիտավորոթյուն է, կարծես թե բացարձակապես առիթ չկար, գործողություն կատարող այդ անձը փորձում է իր եսը գերադասել, ցույց տալ իր առավելությունը շրջապատի նկատմամբ, անթաքույց արհամարհանք ունի հասարակական, բարոյական նորմերի նկատմամբ, և ամեն կերպ փորձում է այդ եղանակով չնչին առիթից իր եսը գերադասել: Եթե մենք փորձենք հասկանալ՝ հարուցման պահին որտեղի՞ց նախաքննական մարմնին նման տվյալներ: Չէ՞ որ հենց առաջին պահից լրատվական միջոցներով մեծ արձագանք եղավ, որ այնտեղ եղել է վիճաբանություն, երկու անձինք ծեծի են ենթարկել Գոռ Առաքելյանին, և դրա պատճառով նա հրազենից կրակոցներ է արձակել: Եթե հիմք ընդունենք հենց այդ նախնական տվյալները, բացարձակապես խոսք չի կարող լինել խուլիգանական դրդումների մասին: Ինչու եմ ես անդրադառնում այս հարցին, որովհետև այդ հոդվածով քրեական գործ հարուցելուց հետո այդ կետը ներառելով` նախաքննական մարմինն ու դատախազությունն արդեն կաշկանդված են, որպեսզի հետագայում այս մեղադրանքի անհիմն մասը հանեն, վերացնեն, քանի որ տպավորություն կլինի, որ ինչ-որ կերպ օժանդակում են Գոռ Առաքելյանին, իսկ այսօր իրենք իրենց առաջ նպատակ ունեն դրած, որ ամեն կերպ բացառեն այդպիսի մտածելակերպը և հասարակությանը հակառակում համոզեն»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ երկու և ավելի անձանց սպանության փորձի մասին խոսք գնալ չի կարող:
Նա նշեց, որ սպանության դեպքում անձը պետք է կոնկրետ դիտավորությամբ ցանկանա որևէ մեկին կյանքից ապօրինաբար զրկել. «Ներսես Մելքոնյանի մոտ առկա է 4 հրազենային վնասվածք, չորսն էլ ոտքի՝ ազդրի շրջանում: Ընդ որում, գործի տվյալների համաձայն՝ այդ կրակոցները կատարվել են, երբ իրար դիմաց կանգնած են եղել: Եթե իրար դիմաց չորս կրակոց է արձակում նրա ուղղությամբ և եթե սպանելու նպատակ կա, բնականաբար, ցանկացած մարդ հասկանում է, որ պետք է կրակի կենսականորեն կարևոր օրգաններին՝ գլխին, սրտին կան նմանատիպ որևէ տեղի: Այս դեպքում չորս անգամ ոտքին կրակելը բացարձակապես չի խոսում այն մասին, որ անձը ցանկացել է սպանություն կատարել: Ըստ գործում առկա տվյալների՝ Վալերի Հովհաննիսյանի վնասվածքը պատճառվել է մեքենայի մեջ»: Փաստաբանը հարց հնչեցրեց՝ նստած դիրքում ավելի հարմար է կրկել կենականորեն կարևոր օրգանների՞ն, թե՞ ոտքին. «Եթե դրանցից մեկը դիպել է որովայնին, մյուսը ոտքին, պետք է հասկանանք, որ դա նստած դիրքի կամ շարժման արդյունք է: Եթե կրակում է ներքև, հետևաբար սպանելու դիտավորություն չկա: Ավելին, սպանության փորձի դեպքում անձը պետք է իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանա սպանությունն ավարտին հասցնել: Եթե ատրճանակի մեջ դեռևս փամփուշտներ կան և անձը չի կրակում, արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ անձը սպանելու նպատակ չունի, ընդամենը ինչ-ինչ նկատառումերով վնասազերծելու նպատակ է հետապնդել: Չեմ ուզում այս պահին այդքան խորը անդրադառնալ, թե կրակելու կոնկրետ նպատակը որն է եղել: Նախաքննության այս փուլում դեռ չեմ անդրադառնա դրան, սակայն միանշանակ անհարժեշտ պաշտպանության վիճակ է եղել նրա մոտ կրակոցներ արձակելիս»: Ինչպես հայտնի է, Գոռ Առաքելյանի մեղադրանքը լրացվել էր. նրան մեղադրանք էր առաջադրվել երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար: Երեմ Սարգսյան այսօր ասաց, որ քննիչի հետ կեսօրին մուտք են գործել քրեակատարողական հիմնարկ, որտեղ պետք է փոփոխվեր Գոռ Առաքելյանի մեղադրանքը. «Դեռևս քննչի հետ մեկուսարանից դուրս չեկած՝ արդեն քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում, որ մեղադրանքը խստացվել է: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչում էր կայանում այս հրատապությունը և ինչն էր պատճառը, որ հենց այս գործով, դեռևս տեղյակ չլինելով՝ գործողությունն ավարտվել է, թե ոչ (քանի որ ներսում հեռախոսներ չեն թույլատրվում, քննիչը նույնիսկ հեռախոսով չէր կրող տեղեկացնել՝ քննչական գործողությունը կատարե՞լ է, թե՞ ոչ, մեղադրանքը փոփոխե՞լ է, թե ՞ոչ), ժամը հինգին դուրս գալուց հետո պարզվում է, որ մի քանի ժամ առաջ արդեն քննչական կոմիտեն համապատասխան հաղորդագրություն է տարածել: Այսինքն՝ կրկին գործ ունենք այն իրադրության հետ, որ պետական մարմինները այսպիսի գործերով փորձ են անում ցույց տալ՝ ինչ խիստ ենք վարվում, որ որևէ կերպ օգնություն չենք ցուցաբերում»:
Պաշտպանն ասաց, որ ի սկզբանե Գոռ Առաքելյանը դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի վերաբերյալ: Նա նշեց, որ դեպքից հետո կատարված փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գոռ Առաքելյանը վնասվածքներ ունի ձեռքերի շրջանում, ինչպես նաև ֆիքսվել է այն հանգամանքը, որ նրա մոտ առկա է կոնկրետ իրադրությամբ պայմանավորված հիշողության մասնակի կորուստ:

Տեսանյութեր

Լրահոս