Կիկաբիձեն Պուտինին անվանել է «սեւ ուժի քաղաքական գործիչ»
Հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն ուկրաինական segodnya.ua կայքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «սեւ ուժի քաղաքական գործիչ»: «Այդ մարդուն կարող եմ ասել, որ նա սեւ ուժի քաղաքական գործիչ է: Եվ քանի դեռ նա ապրելու է իր հավակնություններով, միշտ սպառնալու է ինչ-որ երկրների: Նա զավթիչ է: Կարծում է, որ մշտապես կառավարելու է իր երկիրը: Բայց մարդիկ հավերժ չեն, եւ կյանքում ամեն ինչ ավարտվում է»,- նշել է նա:
Կիկաբիձեն նաեւ հայտարարել է, որ եթե տարիքը չխանգարեր, կգնար Դոնբաս՝ աշխարհազորայինների դեմ կռվելու: «Եթե ես երիտասարդ լինեի, ես Կիեւի կողմից կմասնակցեի Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող հատուկ գործողությանը՝ պաշտպանելով երկրի պատիվը: Երկրորդ տարբերակ չկա»,-հայտարարել է նա:
Նա նաեւ ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ թշնամանքը անթույլատրելի եւ անմարդակային է: