Առողջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն

«Առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն է, որ կարողանա ազգաբնակչությանն առողջ պահել: Այսինքն՝ առոջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն»,- մեզ հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ հասարակությանն առողջ պահելու սկզբունքն ամրագրված է նախարարության բոլոր ծրագրերում:

Ըստ տիկին Վարդանյանի, այսօր Առողջապահության նախարարությունը շեշտադրումը դնում է առողջության առաջնային օղակի վրա. «Այսինքն՝ ուժեղացնել, հզորացնել, արդիականացնել առողջապահության առաջնային օղակը: Տվյալ դեպքում պոլիկլինիկական հաստատությունները, ամբուլատորիաները, համաբուժարանները, բուժակ մանկաբարձական կետերը, որոնց հիմնական գործառույթը՝ թույլ չտալ մարդուն հիվանդանալ: Մենք առաջնային օղակում քարոզում ենք, օգնում ենք ազգաբնակչությանն առավել առողջ ապրելակերպ վարել»:

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ այս սկզբունքով առաջնորդվելիս, հիվանդանոցային ցանցին ուղղված հսկայական գումարները կտնտեսվեն և առավել արդյունավետ կծախսվեն, քանի որ հնարավոր կլինի առաջնային օղակում մի շարք հիվանդություններ շուտ հայտնաբերել. «Ավելի հեշտ է կանխարգելել, քան առաջացած հիվանդությունը բուժել:

Այդ հիվանդությունները բարդությունների չեն հասնի և վաղ շրջանում կբուժվեն»։
Այս առումով լրամշակվել է առողջության առաջնային պահպանման, բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչը՝ նախատեսելով նոր գործառույթներ և լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ «Քաղաքացին պարտադիր, տարին մեկ կամ երկու անգամ պետք է տեղամասային, ընտանեկան բժշկի մոտ կանխարգելիչ այց ունենա: Լաբորատոր հետազոտության, խորհրդատվության ծավալն ամրագրված է համապատասխան փաստաթղթով»,- ասում է տիկին Վարդանյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա, բոլոր այս չափանիշները վերցված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մշակած ձևաչափից, որը բազմաթիվ երկրներում արդեն բավականին երկար ճանապարհ է անցել.

«Առողջ ապրելակերպի հայեցակարգում ամրագրված են այն հիմնական ռիսկի գործոնները, որոնք պատճառ են հանդիսանում ոչ ինֆեկցիոն ճանապարհով մահացության: Ալկոհոլի, ծխելու, սխալ սննդակարգի, ֆիզիկական թերակտիվության հետևանքով մարդու մոտ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, շնչառական համակարգի չարորակ նորագոյացությունների, հենաշարժողական համակարգի հիվանդությունների ռիսկի գործոնը մեծանում է»:

Մասնագետը գտնում է, որ տեղամասային բժիշկը, մանկաբույժը, ընտանեկան բժիշկը պետք է ազգաբնակչությանը մանրամասն բացատրեն, թե ինչ վտանգավոր հետևանքների կբերեն այդ վատ սովորությունները. «Այսօր ավելի հեշտ է, ավելի նպատակահարմար է մարդուն սովորեցնել առողջ ապրել, մնալ առողջ՝ ֆիզիկական ակտիվությունն ավելացնելով, սննդակարգը կարգավորելով, վնասակար սովորություններից հրաժարվելով` քան արդեն ձևավորված հիվանդությունը բուժել»:
Ծաղիկ Վարդանյանի տեղեկացմամբ, առողջ ապրելակերպի քարոզչության այս փուլում, Առողջապահության նախարարությունը` վերցնելով մի շարք թիրախներ, որոշակի պարտավորություններ է ստանձնել. «Ասենք՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում մոտավորապես ինչ տոկոսով է հավակնում ծխախոտ օգտագործողների քանակը պակասեցնել կամ աղի քանակը սննդում որքանով ենք պակասեցնում, և այլն»:

Ճիշտ է, այս առումով առաջնային օղակը թիվ մեկ քարոզիչն է, սակայն մեր զրուցակիցը գտնում է, որ այս հարցում պետք է գործել միջգերատեսչական մակարդակով և, սկսած Էկոնոմիկայի նախարարությունից, վերջացրած Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունով, տեղական ինքնակառավարման մարմիններով պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում. «2014 թվականը և դրանից հետո հայտարարել ենք առողջ ապրելակերպի քարոզման, առողջ ապրելակերպի տարիներ: Օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց հերթին` պետք է ավելացնեն զբոսայգիների, խաղահրապարակների, մարզադպրոցների քանակը, որպեսզի մարդկանց համար ավելի մատչելի լինի, ավելի հասանելի` առողջ ապրելակերպ վարելը»:

Նշենք, որ ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միջին տեղ է գրավում, բայց, ինչպես տիկին Վարդանյանն է ասում, սա չպետք է մեզ համար հանգստացնող հանգամանք լինի. «Մեզ անհրաժեշտ է, որ կարողանանք բերել այնպիսի վիճակի, որ մարդը` և՛ իր սննդակարգով, և՛ իր ապրելակերպով, և իր հոգեկան հիգիենայով, որն այսօր շատ կարևոր է, բոլոր հարցերով կարողանա առաջնային օղակում բավարարված տեղեկատվություն ստանա»:

Ըստ առողջապահության նախարարության մասնագետի, այս գաղափարը ճիշտ գործիքակազմով, ճիշտ ձևաչափով ներդնելու դեպքում` առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր երկիրը կունենա բավականին լավ արդյունքներ. «Սա բավականին հեռու գնացող ծրագիր է: Առաջին փուլում կբերի հիվանդացության քանակի բարձրացման, և մոտակա ժամանակահատվածում բժշկական ցուցանիշների նվազման ցայտուն արդյունքներ դժվար թե նկատվի, բայց ճիշտ մեխանիզմներով ներդնելու դեպքում առաջիկա հինգ տարում և հինգ տարի հետո մենք կունենանք լուրջ արդյունքներ և, ամենակարևորը, առողջ հասարակություն»:

Տեսանյութեր

Լրահոս