
Աստրախանում մեկնարկում է Մերձկասպյան երկրների ղեկավարների 4-րդ հանդիպումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստրախան, ուր մեկնարկելու է մերձկասպյան երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան) ղեկավարների չորրորդ հանդիպումը:
Ընդգծվում է, որ հանդիպման գլխավոր թեման հանդիսանալու է Կասպից ծովի ժամանակակից իրավական ռեժիմի հստակեցման հարցը: Պլանավորված է նաև երեք հնգակողմ հանաձայնագրի ստորագրում:
Այդ համաձայնագրերն առնչվում են արտակարգ պատահարների կանխման, Կասպիցի կենսապաշարների պահպանման ու ռացիոնալ օգտագործման և հիդրոօդերևութաբանական ոլորտներում մերձկասպյան երկրների համագործակցությանը:
Սրանից առաջ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ մերձկասպյան երկրները պայմանավորվել են Կասպից ծովում երկու գոտի ստեղծելու շուրջ: Բացի այդ, հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինն անցկացնելու է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: