
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը սադրանք է: Դրա հետ կապված՝ Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր ուղին.
«Ռուսաստանին հասցեագրած մեր ուղերձի իմաստն այն է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, առավել ևս ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, Ռուսաստանի շահերից է բխում կայուն հարևան ունենալը:
Բացի այդ, խոսքը գնում է Վրաստանի՝ որպես անկախ երկիր, և ՆԱՏՕ-ի՝ որպես անկախ միջազգային դաշինք, հարաբերությունների մասին, և Ռուսաստանն այդ դաշինքում չունի վետո դնելու իրավունք, ինչը քանիցս հայտարարվել է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ նրա անդամ երկրների կողմից:
Ելնելով դրանից՝ մեր պատասխանը միանշանակ է. մենք շարունակելու ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու ուղին»: