Վարուժան Ոսկանյան. «Նախարարին կարելի է փոխել, գրողին՝ ոչ»

Ժամանակակից գրականության մեջ վերջին քսան տարվա ընթացքում ամենաշատ թարգմանված (աշխարհի ավելի քան 15 լեզուներով, այդ թվում` հայերենով) ռումիներեն գրված «Շշուկների մատյանը» վեպն ամենամեծ ընդունելությունը, պարզվում է, գտել է Լատինական Ամերիկայում: Թարգմանվելով և տարածվելով 2011-ին` «Շշուկների մատյանը» համարվել է Կոլումբիայի ամենաշատ վաճառված գիրքը` այսօր էլ մնալով հինգ ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Այն ընթերցել է նույնիսկ Կոլումբիայի նախագահը, որը չի թաքցրել հիացմունքը և իր երկիր է հրավիրել վեպի հեղինակին`
56-ամյա ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանին: Կոլումբիայի նախագահը հայ գրողին գրած իր նամակում շնորհակալություն է հայտնել` նշելով, որ գիրքն օգնել է իրեն հասկանալ, թե ինչպես պետք է բանակցել Կոլումբիայի զինյալ հեղափոխականների հետ: Իսկ Վարուժան Ոսկանյանը Բոգոտայում անցկացվող «Գաբրիել Գարսիա Մարկես» գրական փառատոնին մասնակցել է` իբրև փառատոնի գլխավոր ու պատվավոր հյուր:

Մինչ այս գիրքը, Ռումինիայում ծնված մեր հայրենակից Վ. Ոսկանյանը բանաստեղծությունների գրքեր է հրատարակել, բայց նրան հռչակ է բերել հատկապես այս վեպը: 2009թ., լույս տեսնելուն պես, այն ճանաչվել է Ռումինիայի տարվա լավագույն ստեղծագործություն և ստացել Ռումինիայի Ակադեմիայի գլխավոր մրցանակը: Իսկ իսպանախոս երկրներում վեպի աննախադեպ հաջողությունը գրականության տեսաբանները համարում են կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի որդեգրած գրական ժանրի` մոգական ռեալիզմի ավանդույթների շարունակությունն այս վեպում, միայն թե հայագի գրողը մոգական ռեալիզմով գրել է 20-րդ դարի մեծ ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության մասին:

Գրական գործունեությանը զուգահեռ` Վ. Ոսկանյանը վերջին քսան տարում քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել Ռումինիայում: 1989թ. նա մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը, դարձել Ազգային Միության ժամանակավոր խորհրդի անդամ, վեց անգամ հաղթել է պատգամավորական ընտրություններում, երկու անգամ ստացել է նախարարական պորտֆել` վերջին անգամ զբաղեցնելով Ռումինիայի Ֆինանսների նախարարի պաշտոնը, որից հրաժարվել է մեկ տարի առաջ: Ռումինիայի, Իսրայելի, ինչպես նաև Հայաստանի Գրողների միությունները «Շշուկների մատյանը» վեպը ներկայացրել են 2013թ. գրականության Նոբելյան մրցանակին: Այս տարի նույնպես «Շշուկների մատյանը» ներկայացվել է աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցույթին. Նոբելյան մրցանակակրի անունը հայտարարելուն հաշված շաբաթներ են մնացել, իսկ մինչ այդ, Վարուժան Ոսկանյանը Երևանում պատասխանեց «168 Ժամի» հարցերին:

– Պարոն Ոսկանյան, Դուք հրաշալի խոսում եք հայերեն, հետաքրքիր է` ինչո՞ւ Ձեր գիրքը գրեցիք ռումիներեն:

– Իհարկե, հայերենն ավելի մոտ է ինձ, ես աղոթում եմ հայերեն, իմ միտքն ու հոգին հայկական են, բայց ես ինձ նաև ռումինացի եմ զգում, և այնպես ստացվեց, որ ես իմ պարտականությունը կատարեցի ռումիներեն, բայց հայերեն թարգմանությունը կատարվեց իմ միջամտությամբ, այսինքն` մոտիկից հետևել եմ թարգմանական աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում միջամտել եմ: Ուրախ եմ, որ գիրքը հասու է հայերին, այն վերադարձել է իր հայրենիք, քանի որ այն վեպ է հայերի մասին:

– Դուք այլ գործերի հեղինակ եք, բայց «Շշուկների մատյանը», կարծես, դարձավ Ձեր կյանքի գործը, այդպե՞ս է:

– Կարելի է այդպես ասել, բայց գիրքը և այնտեղ նկարագրված ցավը միայն ինձ չեն պատկանում, այն մի ամբողջ ժողովրդի կյանքի գործ է, մեր ժողովրդի ճակատագիրն է, որ ինչ-որ ձևով մարդկության ճակատագիրն է: Ես գրել եմ 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի մասին, որը նաև մարդկությանն է պատկանում: Մենք ունենք «Մատյան ողբերգությանը», բայց պետք է նաև այսպիսի մի մատյան ունենանք, որ մեր ինքնությունը ցույց տա: Ես փորձեցի այդ ինքնության գիրքը գրել օտարների համար: Սա մեր ինքնության մասին պատմող մի գիրք է, այնտեղ ամեն ինչ կա հայ ժողովրդի մասին` նրա ցավը, հոգսը, հույսը, աղոթքը, նույնիսկ` խոհանոցը, կենցաղը: Գրքի հայերեն` «Մատյան» թարգմանությունն ինձ շատ դուր եկավ, իրականում գրքի վերնագիրն ուրիշ լեզուներում թարգմանվել է «Շշուկների գիրքը», բոլոր լեզուները չէ, որ «մատյան» բառն ունեն: Իսկ «շշուկներ» բառը հիշեցնում է անկեղծություն, խոստովանություն:

– Հետաքրքիր է` թուրքերին ինչպե՞ս եք ներկայացրել գրքում, ատելություն զգացվո՞ւմ է:

– Ոչ, գրքում ատելություն չկա ոչ մի ժողովրդի հանդեպ: Ես իմ երկու հերոսների` իմ պապի` Կարապետ Ոսկանյանի և հայտնի վրիժառու Միսաք Թորլաքյանի երկխոսությունների միջոցով ընտրության հնարավորություն եմ տալիս ընթերցողին` ներե՞լ, թե՞ վրեժխնդիր լինել: Կա նաև մոռանալը, որին դիմում են վեպի հերոսներից ոմանք, բայց մոռանալը լավ բան չէ, մոռանալով` դու չես ազատագրվում ցավից, դու չես փրկվում: Ես ինքս չեմ պարտադրում ո՛չ ներելը, ո՛չ վրեժխնդիր լինելը, ընթերցողն ինքը թող կողմնորոշվի:

– Ի դեպ, Կոլումբիայի նախագահը Ձեզ նամակ էր գրել, թե վեպն օգնել է իրեն` քաղաքական մի որոշման մեջ: Ի՞նչ նկատի ուներ:

– Նա հատկապես այդ ներելու և վրեժխնդիր լինելու ընտրությունը նկատի ուներ` զինյալների դեմ իր պայքարի մեջ: Ներողամտությունը, ի վերջո, զենք է: Ներելով` դու ուժեղանում ես, երկխոսության մեջ ես մտնում դիմացինիդ հետ, ինչն օգնում է շատ այլ հարցեր հասկանալուն: Ես, ինչպես նշեցի, ատելություն չեմ սերմանում այս գրքով, բայց թուրքական արձագանքը շատ բուռն էր, և մինչ հիմա էլ թուրքական լոբբինգը ջանք չի խնայում գրքի հաղթարշավը խոչընդոտելուն: Նրանք մի բան շատ լավ են հասկացել` գրականության ուժը շատ ավելի մեծ է, քան որևէ քաղաքական ելույթի:

– Նպատակ կար վեպը թուրքերեն թարգմանելու, ի՞նչ ընթացքի մեջ է:

– Մինչև 2015թ. ապրիլն անպայման պետք է ավարտվի թուրքերեն թարգմանությունը և լույս տեսնի Թուրքիայում: Առաջիկայում ծրագիր կա նաև վեպը թարգմանելու ռուսերեն, պարսկերեն, արաբերեն, անգլերեն, ինչպես նաև` այլ լեզուներով:

– Դուք համաձա՞յն եք այն դիտարկմանը, որ Գարսիա Մարկեսի վեպերի ազդեցությունն եք կրում:

– Կա այդպիսի դիտարկում, գուցե մոգական ռեալիզմի տարրերի առումով է կատարվել այդ դիտարկումը: Իմ կերպարներն էլ ապրում են սերնդեսերունդ, հարյուր տարուց ավելի, խոսում են իրենց ցավի մասին, բայց իմ վեպի դեպքում դա իրականություն է, նրանք իրական միջավայրում են ապրում, մտացածին չեն: Մենք, հարյուր տարի է` խոսում ենք նույն ցավի մասին: Մեր մեռելները գերեզմաններ չեն ունեցել, կարծես մեր պապերն իրենց ծնողների գերեզմաններն իրենց հետ բերել են այս աշխարհ, կրում են իրենց սրտերում, և այդպես փոխանցվում է սերնդեսերունդ: Այն, որ մենք միաժամանակ ապրում ենք երկու աշխարհներում` մեր մեռյալների հետ, դա իրական ողբերգություն է:

Varujan (1)

Մեր ննջեցյալները ոչ միայն ապրում են, այլև` բազմանում: Մենք մտածե՞լ ենք այս հարցերի մասին: Դրա համար մեզնից յուրաքանչյուրն իր ջանքը պիտի գործադրի, որ Ցեղասպանությունը, ի վերջո, ճանաչվի աշխարհով մեկ, հատկապես` Թուրքիան ինքը պիտի ճանաչի, որպեսզի մեր մեջ ապրող այդ երկու աշխարհներն ի վերջո միանան: Մենք այժմ կիսված ենք, և մեր անցյալը մեր ներկան է դարձել:

– Նոր ստեղծագործությունների մտահղացում կա՞:

– Անշուշտ: Վերջացրել եմ արդեն նոր գիրքս, հրատարակման է պատրաստվում, հայերի մասին չէ, բայց ուշադիր ընթերցողը հնարավոր է` զգա, որ հեղինակը հայ է: Նշեմ նաև, որ Ռումինիայի հեռուստատեսությունը ֆիլմ է նկարահանել «Շշուկների մատյանը» վեպի հիման մասին:

– Պարոն Ոսկանյան, մի քիչ անհամատեղելի չէի՞ն ֆինանսների նախարարի պաշտոնը և գրողի կոչումը:

– Այո, գուցե ոմանց տարօրինակ կարող է թվալ, որ երկրի բյուջեն գրելուն զուգընթաց` ֆինանսների նախարարը նաև բանաստեղծություններ է գրում, հետո` վեպ, բայց ես միշտ կարծել եմ, որ քաղաքականությունը, դիվանագիտությունը կարիք ունեն մշակութային ոճի, մտերմիկ երկխոսության, կապերի, հաղորդակցության, բաներ, որոնք կան գրականության մեջ: Անհամատեղելի բան չկա, եթե անկեղծ ես, անկեղծ ես թե՛ գրականության, թե՛ քաղաքականության մեջ: Ես ինքս մասնագիտությամբ տնտեսագետ եմ, մինչև 1989թ. համեստ հաշվապահի կյանք էի վարում մի գործարանում, հետո, երբ ստեղծվեց Ազգային Միությունը, ես սկսեցի հայկական համայնքը ներկայացնել Ռումինիայի նորագույն կառույցներում և այդպես մտա ասպարեզ: Մինչև հիմա էլ հայկական համայնքի շահերը ներկայացնելն իմ գլխավոր առաքելություններից մեկն է:

– Անցյալ տարի Ռումինիայի կառավարությունից Ձեր հրաժարականը ոմանք կապեցին պաշտոնական Բուխարեստի վրա թուրքական լոբբինգի ճնշումների հետ, իսկ եվրոպական մամուլում էլ նյութեր հայտնվեցին Ձեր պաշտոնավարման շրջանում տնտեսական չարաշահումների մասին, ինչո՞ւ հրաժարական ներկայացրիք:

– Իմ անվան վրա ստվեր գցելու փորձերը շատ են եղել, լրտեսության մեջ էլ են ժամանակին մեղադրել ինձ (ինչի համար ես չընտրվեցի Բրյուսելում եվրոպական հանձնակատար, թեև թեկնածու էի): Քաղաքական հակառակորդներս կոռուպցիայի մեջ մեղադրեցին ինձ, ինչի համար Ռումինիայի գլխավոր դատախազը Սենատի միջնորդությունը խնդրեց` քրեական գործ սկսելու համար: Եվ չնայած Սենատը ձայների մեծամասնությամբ մերժեց այդ միջնորդությունը` ես հրաժարական տվի նախարարի պաշտոնից` կառավարությանը լրացուցիչ հարվածի տակ չդնելու համար: Բայց այսօր այն կուսակցությունը, որին պատկանում եմ, արդեն քաշվել է մեծամասնությունից, այնպես որ` այժմ ես ընդդիմություն եմ:

Չեմ կարծում, թե ինձ կարելի էր մեղադրել այնպիսի որոշումներ և համաձայնագրեր ստորագրելու մեջ, որոնք ի պաշտոնե ստիպված էի ստորագրել, ես գործել եմ օրենքի սահմաններում, և դատական հետագա հետապնդման համար այսօր հիմքեր չկան: Հեռանալով կառավարությունից` ես, սակայն, պահպանել եմ սենատորի իմ աթոռը:

Ինչ վերաբերում է ճնշմանը, որ դրսից գործադրվում է ռումինական պետության և այլ պետական կառույցների վրա` Հայոց ցեղասպանության մասին գրված իմ վեպին սատարելու համար, միշտ կա և շարունակվում է, հատկապես` վեպը Նոբելյան մրցանակի ներկայացվելուց հետո: Ես կարծում եմ, որ գրականությունն` ինքը, ամենամեծ ճշմարտությունն է, և ինքն է հարթելու իր ճանապարհը` պատմելով ճշմարտության մասին, ինչքան էլ ճնշումներ լինեն, մարդիկ իրենց նպատակներին չեն հասնելու:

Այժմ, երբ նախարար չեմ, կարող եմ ասել մի բան. ավելի հաճելի է ստորագրել այնպիսի գործերի տակ, որ միայնակ ես կատարել (իսկ դա գրական ստեղծագործությունն է), քան ստորագրել որոշումների տակ, որոնք թիմով ես կատարել: Նախարարին կարելի է փոխարինող գտնել, գրողին` ոչ:

– Դուք նաև Ռումինիայի հայկական համայնքի նախագահն եք, Ռումինիայում հայերն ավանդաբար շատ լավ են զգացել իրենց, և տվյալներ կան, որ համայնքը Եվրոպայի ամենակազմակերպված համայնքն է, ինչո՞վ է պայմանավորված:

– Հայերը Ռումինիայում հաստատվել են դեռևս 9-րդ դարում: Եվրոպայի ամենահին հայկական գաղութն է, հաստատուն ավանդույթներ ունի: Ռումինիայի պետական համակարգում միշտ, ավանդաբար հայեր են ընդգրկված եղել: Պետական աջակցությունն էլ իր հերթին` միշտ եղել է հայկական համայնքին: Միայն մի տվյալ նշեմ. Ռումինիայի պետական բյուջեում հատուկ տող կա հայերին հատկացվող գումարի մասին: Մենք ընտրություններին մասնակցում ենք Ռումինիայի հայկական համայնքի կողմից, և ռումինահայերի հետ բազմաթիվ ռումիններ են ձայները տալիս հայ թեկնածուին:

Նրանք վստահում են հայերին և մտածում են, որ հայերն իրենց իրավունքներն ավելի լավ կպաշտպանեն, քան` ռումին կուսակցական գործիչները: Հիմա, ես, որ մի քիչ ավելի ազատ եմ, նպատակ ունեմ կազմակերպել ու համախմբել նաև այլ հայ գաղութներ` իբրև օրինակ ու նախադեպ վերցնելով ռումինահայ գաղութի կազմակերպվածությունը: Ռումինիայում, ի դեպ, այսպիսի տարածված մտայնություն կա` հայ լինելը պատիվ է:

Տեսանյութեր

Լրահոս