Սկանդալ՝ Ծովագյուղում․ ՊՈԱԿ-ի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի. «Իշխանություն»
«Իշխանության» տեղեկություններով՝ օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի անասնագոմերից մեկի տարածքում։ Վիճաբանության մասնակիցների մի կողմում եղել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները՝ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մյուս կողմում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի օգնական, ծովագյուղցի Սպարտակ Թովմասյանը։
Պարզվում է՝ Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է շուրջ 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան՝ «ԳՈՒՄ»-ի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս։
Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ Թովմասյանը դիմադրել է, տեղի է ունեցել քաշքշուկ, աղմուկ և վիճաբանություն, որի ընթացքում նրան հաջողվել է մսի մի մասը դուրս բերել և «փրկել» առգրավումից։
Դեպքի շուրջ ստեղծված աղմուկը հասել է մինչև «վերին ատյաններ»: ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն իր տեղակալ Արամ Մեյմարյանին ուղարկել է դեպքի վայր, սակայն իրավիճակը այդպես էլ չի հանգուցալուծվել, քանի որ այս պատմության հետ է կապվում նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի անունը։
Ըստ աղբյուրի՝ տարբեր կոռուպցիոն գործարքներ իրականացվում են Սպարտակ Թովմասյանի միջոցով. ազգային պարկի տարածքում կատարված մի շարք յուրացումներ և վարձակալներից ապօրինի դրամահավաքներ, ենթադրաբար, իրականացվել են հենց այս սխեմայով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
