Մանվել Սարգսյան. Փոխում են Սահմանադրությունը, որ օրինականացնեն այս կաստան
Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ
– Երեք ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», դեմ են հանդես գալիս սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը: Ինչո՞ւ է սա դարձել նրանց օրակարգի գլխավոր հարցը: Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ուղղակի կապ ունի՞ իշխանափոխության խնդրի հետ:
– Իրենք ասում են` այդպես է, իշխանությունն ուզում է վերարտադրվել: Ուրիշ ի՞նչ պիտի ասեին:
– Իշխանությունն առանց Սահմանադրությունը փոխելու չի՞ կարող վերարտադրվել:
– Ամբողջ խնդիրը հենց դա է: Դրա մասին խոսենք: Այստեղ պիտի հետևենք ոչ միայն իրենց կոնկրետ ծրագրերին, այլև անդրադառնանք վերջին ընտրություններից իշխանության վարած կուրսին: Փաստորեն, խորհրդարանում քվոտաներով տեղեր են բաժանվում, մեծամասնություն է ապահովվում Հանրապետական կուսակցության համար, մնացածն իշխանությունը տալիս է գործող ռեժիմի մյուս կազմակերպությանը` ԲՀԿ-ին, որը պիտի վերցնի այն ձայները, որոնք հակաիշխանական են, և մոտ 15-20 տեղեր տրվում են եղած ակտիվ կուսակցություններին:
Այսպիսի մի մոդել է, որը ստեղծվեց ԱԺ վերջին ընտրություններից հետո, այնուհետև Սերժ Սարգսյանը նույն ձևով հաղթահարեց նախագահական ընտրությունները, և հայտարարվեց, որ այլևս անձերը նշանակություն չունեն. գոյություն ունի Հանրապետական կուսակցություն, որը մոտակա տասնամյակում պիտի մնա նույնը, և ցանկացած ոք, ով ուզում է նախագահ կամ պաշտոնյա դառնալ, դուռը ցույց է տրված` Մելիք-Ադամյանով է մտնում, և բոլոր նրանք, ովքեր Հանրապետական կուսակցությունից չեն, դիտվում են` որպես երկրորդ կուսակցություն, այսինքն` երկկուսակցական համակարգ: Այս կոնցեպտը բազմաթիվ անգամ հայտարարվել է և, ըստ երևույթին, դիտվում է` որպես այն իդեալական մոդելը, որը տեսնում է այսօրվա իշխող խմբավորումը: Եվ քանի որ սա, ըստ իրենց, իդեալ է, այսօր խնդիր կա, որ այդ իդեալը պիտի հազար տարի մնա:
– Դա իդեալ է պետությա՞ն, թե՞ իշխանության համար:
– Չէ, ի՞նչ պետություն: Մենք խոսում ենք մի խմբավորման մասին, որը վաղուց անօրինական ձևով յուրացրել է պետական կառավարման համակարգը և թելադրում է իր տեսակետները: Սա շատ էական է:
– Բայց իշխանությունն էլ ասում է, որ այսօրվա Սահմանադրությունն է իշխանության վերարտադրման պատճառը, ուստի այն պետք է փոխել:
– Մենք նկարագրեցինք այն իդեալական պատկերը, որը նրանք իրենց համար ստեղծել են, և դա պիտի ունենա շարունակականություն և համապատասխան մեխանիզմ: Այսօրվա Սահմանադրությունը չի թույլատրում, որ այս վիճակը նույն ձևով պահպանվի 20-30 տարի: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանում գոյություն ունի նախագահական ընտրությունների ինստիտուտ, և նախագահները երկու ժամկետից ավելի իրավունք չունեն ընտրվելու:
Բոլոր խնդիրները` վերարտադրել բոլորին և այլն, ցանկացած սահմանադրության սահմաններում լուծվում է, բայց այս մի խնդիրը չի լուծվում: Սա շրջանցել չեն կարող, ուստի պիտի ձգտեն պահել իրենց «իդեալական վիճակը»: Դրա համար պիտի ստեղծեն այնպիսի իրավական հիմք, որտեղ գոյություն չունի խոչընդոտ: 23 տարի շարունակ Հայաստանում գոյություն ուներ նախագահին ուղիղ ընտրություններով ընտրելու համընդհանուր մեխանիզմ և այդ մեխանիզմը կաթվածահար էր եղել: Տարիների ընթացքում դժվարացել է այդ մեխանիզմը կաթվածահար անելը. 2008-ը դա ցույց տվեց, 2013-ն առավել ցույց տվեց: Սա, փաստորեն, կասկածի տակ է դրել` հնարավո՞ր է այդ մեխանիզմը պահել, բայց կաթվածահար անել: Կարծում եմ` նրանք հասկացել են, որ դա շատ դժվար է, և պետք է ընդհանրապես պետական կյանքից հանել այդ մեխանիզմը: Եվ այդ մեխանիզմը հանելու դեպքում նրանք ստանում են իրենց «իդեալական վիճակը»: Կարող է հարց ծագել` ի՞նչ տարբերություն, թող մի ուրիշ նախագահ դնեին, վերընտրվեին: Բայց 2008-ը ցույց տվեց, որ դա շատ բարդ խնդիրներ է ստեղծում, բերում է շատ մեծ ցնցումների: Հերիք է, որ այդ իդեալից մի հոգի հանես, այդ իդեալական նկարը կարող է փլուզվել:
– Դուք խոսում եք հետևյա՞լ տարբերակի մասին. իշխանությունը հասկանում է, որ Սերժ Սարգսյանից հետո իշխանության ներսում, ըստ էության, չկա այնպիսի ղեկավար, ով կկարողանա պահպանել իշխանությունը Հանրապետականի համար, պաշտպանի նրանց բիզնես շահերը, ուստի Սարգսյանը որոշել է իշխանությունը փոխանցել ոչ թե մի անձի, այլ ողջ կուսակցությանը:
– Կարծում եմ` մենք նկարագրեցինք այդ մոդելը: Սարգսյանն ասել է` իշխանությունը կուսակցությանն է, որի մեջ նույնիսկ կադրային փոփոխություններ չեն կարող լինել:
– Իսկ ո՞վ է ղեկավարելու այդ կուսակցությունը, Սարգսյա՞նը:
– Իհարկե: Ոչինչ չպետք է փոխվի: Եթե կադր փոխես, դա չի աշխատի:
– Բայց չէ՞ որ նա հայտարարեց, որ այլևս չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին:
– Նա ասել է` չեմ հավակնելու վարչապետի և նախագահի պաշտոնին: Բայց կա կուսակցության ղեկավարի, խորհրդարանի ղեկավար պաշտոն: Սա, իհարկե, երկրորդական-երրորդական հարց է: Խնդիրն այն է, որ դա քրեական համակարգ է, որն ունի իր տրամաբանությունները, որտեղ փոփոխություն անելը շատ դժվար բան է:
– ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հաշվարկը սրա՞ վրա է հիմնված, որ գործող Սահմանադրության պահպանման պարագայում 2018 թ. նախագահական ընտրությունների միջոցով հնարավոր է փոխե՞լ իշխանությունը:
– Նրանք ուզում են ատամներով պահել նախագահի ընտրության ինստիտուտը:
– Դա անձերի՞ խնդիր է, թե՞…
– Իհարկե անձի խնդիր է. հանել մի անձ` Սերժ Սարգսյանին, և դնել մյուսին: Փոխվում է ընդամենը մի անձ, բայց նկարը մնում է նույնը:
– Իսկ Դաշնակցության քայլն ինչո՞վ էր պայմանավորված:
– Դաշնակցությունն այդպես էլ ասաց, որ նրանք ուզում են մի անձ փոխել, իրենք էլ համարում են, որ դա իրենց ձեռնտու չէ: Դաշնակցությունն ասում է, որ իրենք էլ կողմ են, որ այդ մեխանիզմը փոխվի, որովհետև այդ քվոտավորված խմբերն ուզում են մի անձ փոխել:
– Բայց Դաշնակցությունը, կողմ արտահայտվելով սահմանադրական փոփոխություններին, դրանով չի՞ հավակնում «քվոտա» ստանալուն:
– Իրենք էլ են քվոտավորված: Ըստ երևույթին, Դաշնակցությունը, աջակցելով այս արդիական նախագծին, ցանկանում է քվոտավորվել ուրիշ ձևով` չհասկանալով, որ իրենց էլ է վերաբերում նշանաբանը` «տղերք ջան, այստեղ ոչ մի բան չի փոխվելու»: Ասված է` իդեալը սա է, վերջին նշանակումը կատարված է` Հովիկ Աբրահամյան, դեռ Լիսկան էլ պիտի վերադառնա իր պաշտոնին, որովհետև նկարը չի կարելի փոխել:
– Իսկ Հովիկ Աբրահամյանը չի՞ կարող դառնալ իշխանության ժառանգորդի թեկնածու:
– Իհա՛րկե, չի կարող: Հովիկ Աբրահամյանին հնարավորություն տվեցին, որ ցույց տա` ինքը կարո՞ղ է հարյուր հոգու հավաքել ժողովի և համոզել խաղի կանոններին: Նա ցույց տվեց, որ ինքն այն մարդը չէ, ում այդ հարյուրից գոնե մեկը կլսի: Դրանից հետո նա վերացել է:
– Ի՞նչ քայլեր կձեռնարկի եռյակը մինչև 2017-18 թթ.: Նրանք կդնե՞ն իշխանափոխության հարցը:
– Եռյակը Ծառուկյանի վրա հիմնված կառույց է: Ծառուկյանն այս նկարի մեջ էական ֆիգուր է: Ծառուկյանն էլ է ասում` լինելու է այս մեխանիզմը հարյուր տարի: Հիմա, ի՞նչ է, Ծառուկյանը պիտի ասի` «ո՞չ»: Եթե ասի` «ոչ», կմնա մենակ, ինչպես Հովիկը դուրս եկավ, կարծեց, թե ինքն իրենից բան է ներկայացնում, ասաց` նոր խաղի կանոններ եմ դնում, ու երկու ամսից մնաց մենակ:
Մենք պիտի մեկ հարցի պատասխան տանք` ինչի՞ վրա է հիմնվում այդ նկարած նկարը: Հիմնվում է պարզության վրա. երբ քրեաօլիգարխիկ համակարգի ցանկացած անդամի ասում ես, որ առնվազն 10 տարի լինելու է այն, ինչ կա, ինչ ունես` ունենալու ես, դա է երաշխիքը, ներկայացվող բլիթը, որ, ժողովուրդ ջան, կայուն կապրեք: Այդ պատճառով ցանկացած ոք, ով դուրս է գալիս և ասում` նոր խաղի կանոններ եմ դնում, մնում է մենակ, ամբողջ համակարգն իրեն ժխտում է:
– Իսկ այս համակարգից դուրս որևէ ուժ չի՞ կարող մտնել խաղի մեջ:
– Այս համակարգին արդեն պետք է վերաբերմունք ցուցաբերվի երկրում, թե սա ինչ է: Սա կաստա է, կաստայական համակարգ, որտեղ բոլորն ունեն իրենց հստակ կարգավիճակը: Այն իր մեջ ընդամենը խոսելով կարող է զբաղվել (արդեն բերեցի Հովիկ Աբրահամյանի օրինակը): Այս կաստան այն է, ինչ ոչնչացրել է այս պետությունը: Հիմա ինչո՞ւ են փոխում Սահմանադրությունը, փոխում են, որ օրինականացնեն այս կաստան, հանեն խանգարող էլեմենտները: Իսկ խանգարող էլեմենտը, ինչպես նշեցի, նախագահի համընդհանուր ընտրության մեխանիզմն է: Երբ դա հանում ես, կաստան մնում է հավերժ:
Ովքե՞ր են մնում, մնում են այն քաղաքացիները, ովքեր դրա մեջ վտանգ են տեսնում, որովհետև պետություն չկա. պետության տեղը նստել է կաստան: Մնում են նրանք, ովքեր տուժում են այդ վիճակից և ովքեր հասկանում են, որ առանց պետություն սա ապագա չունի, սա սուտ է: Փակ համակարգն ինքը ոչնչանում է: Իրականում դա մահ է և´ իրենց, և´ պետության համար: Այդ ժամանակ, երբ խոսում ենք ուրիշների մասին, ուրիշները պիտի դուրս գան ուրիշ ծրագրով: Գործող համակարգը շատ հաճախ անվանում են կուսակցական, բայց իրականում դա կուսակցական համակարգ չէ, որովհետև կուսակցություն լինելը նույնպես ստատուս է դառնում: Այնտեղ հենց այնպես կուսակցություններ չեն. գրած է` կուսակցություն-այլընտրանք, կուսակցություն-ոչ իշխանական:
Ֆուտբոլային թիմերի պես է: Այդ ստատուսային համակարգի մեջ չի կարող լինել ոչինչ, որը վերաբերում է պետության և հասարակության շահերին, ուրեմն հասարակությունից պիտի գնահատվի դա: Եթե ստեղծվի մի ավանգարդ, մի ուժ, որը ժխտում է այս երևույթը, այդ ժամանակ այս ծրագրերը մի քիչ կմեկուսանան, դաշտ դուրս կգան ուրիշներ, որոնք բարձրացնում են Սահմանադրություն, օրենքը և ասում` այսպես չի, այսպես է:
Այն ամենը, ինչ արել եք, անօրինական է, քրեական հանցագործություն է, և դուք պիտի հրաժարվեք դրանից: Եթե ոչ, մենք հնար կգտնենք ձեզ պատժելու համար: Դրանից երկրում կարող է սկսվել քաղաքական կյանք: Ասել` ուժը կարո՞ղ է իրականացնել, թե ոչ, երկրորդական է, բայց երկրում սկսվում է իրական քաղաքական կյանք, որտեղ գործում են նկարած կաստան և այն կողմը, որն անհամաձայնություն է հայտնում:
– Ո՞ր գաղափարով, ինչպիսի՞ օրակարգով այդ ուժը պետք է մտնի ասպարեզ:
– Պետականության օրակարգով: Հայաստանում այլ օրակարգ չկա: 1990 թ. հռչակվել է, չէ՞, որ մենք ուզում ենք ստեղծել իրավական, սահմանադրական պետություն, 1991 թ. հանրաքվե ենք անցկացրել: Դրա իրականացումը մնում է արդիական խնդիր: Միայն հռչակելով չէ: Բայց ինչո՞ւ է ստեղծվել այս կաստան: Երբ տալիս ենք այդ հարցը, կրկին համոզվում ենք, որ 1990-91 թթ. դրված խնդիրները մինչ օրս արդիական են: Ուրիշ խնդիր չկա: Մարդկանց թվում է, թե կարելի է հավաքվել հրապարակում, հռչակել և վերջ: Հռչակելը օրինականացնելն է: Դու ասել ես, որ Հայաստանում կա խորհրդարան, ոստիկանություն, դատական համակարգ, կառավարություն, բայց դա պիտի ստեղծես: Հռչակելը մի խնդիր է, իրականացնելը` երկրորդ խնդիրը: Հայաստանում հռչակվել է, բայց չի իրականացվել:
Հռչակողներն իրենք են թշնամի եղել իրենց հռչակածին, դրանից հետո ավելի է խորացել: Նրանք չեն թույլատրել, այսօր էլ չեն թույլատրում, որ իրականանա: Ինչո՞ւ, որովհետև իրենք դրել են իրենց կանոնները, որոնք հռչակագրից դուրս են, ավելի էլիտար են: Ասել ենք` այս պետությունը հավասար իրավունքներով է լինելու, բայց իրականում նրանք անհավասարության սկզբունքն են հիմնադրել: Հռչակողներն են հիմնադրել, որ օրենք չի գործում, արդարադատական համակարգ չի գործում, և հետո նման մարդկանց կողմնակիցները շատանալով հասցրել են այն վիճակին, որ արդեն այսօր` 2014 թ., բերեն անհավասարության իդեալական նկարի, երկրում ստեղծեն կաստա, որն ունի միայն իրավունքներ և մնացած ժողովուրդը` միայն պարտականություններ: Հիմա խնդիրն այդ երևույթը փլուզելն է, կառուցել այն, ինչ հռչակվել է: