Բաժիններ՝

«Շո՜ւտ, հազարամյա զոհվածի ծիծաղն է գալիս». Բոստանջյանը`օլիգարխներին օրենքի դաշտ բերելու մասին

Խեղճ ու կրակ, օրվա հացը վաստակող վաճառականի միջոցով խոշոր օլիգարխներին ստվերից հանելու և օրենքի դաշտ բերելու կառավարության մտադրությունից անգամ «մահացածի ծիծաղն է գալիս»: Այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը` խոսելով հանրային դժգոհություն առաջացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ:

Ըստ նրա` Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան փոքր և միջին բիզնեսը զարգացնելը, իսկ դրա համար հարկավոր է հարկային բեռը թեթևացնել: Այդ նպատակով ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» օրենք, ըստ որի` շրջանառության հարկը 3,5 %-ից պետք է իջնի 1%-ի:

Բոստանջյանի խոսքով` արտաքուստ օրենքը շատ գեղեցիկ է, բայց դրանով այնպիսի պահանջներ են նախատեսված տնտեսվարող սուբյեկտներին, մասնավորապես` փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնք գործնականում անհնար է կատարել.

«Փաստաթղթաշրջանառության կտրվածքով այնպիսի պահանջներ են ներկայացված, որ նույնիսկ ամենաիդեալական հարաբերությունների պայմաններում հնարավոր չէ կատարել այդ պահանջները: Եթե չես կարողանում այդ թղթերը բերել, նշանակում է որևէ շահույթի մասին մտածելն առնվազն ծիծաղելի է»:

Կարդացեք նաև

Խոսելով Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության գործունեության մասին` տնտեսագետը նշեց, որ տնտեսությունն ընդհանրապես մեծ համակարգը է, որը գործում է իներցիայով, և, բնականաբար, հնարավոր չէր կառավարության փոփոխությունից հետո մի քանի ամսում ակնկալել անհապաղ դրական լուրջ տեղաշարժեր, բայց գոնե դրական միտումներն այսօր պետք է տեսնեինք, ինչը, ցավոք, մշուշում էլ չի նկատվում:

Վարդան Բոստանջյանը մեր խնդրանքով նաև անդրադարձավ կառավարության գործելաոճին, բիզնես դաշտում նոր խաղի կանոններ հաստատելու մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը և մայիս ամսին նրա հայտնի հանդիպմանը խոշոր հարկատուների հետ: Կարո՞ղ ենք ասել, որ դա ինքնանպատակ հայտարարություն էր, և վարչապետը չունի ներուժը արմատական փոփոխություններ իրականացնելու:

Ի պատասխան` պարոն Բոստանջյանն ասաց, որ մենք իրավունք չունենք այդ հավաքի մեջ «բացասական ծանրաբեռնվածություն» տեսնել , բայց միաժամանակ ավելացրեց` դա օրենքի կամ կյանքի իսկական նորմ չէ, դա պարզապես բարի ցանկություն է: Նրա խոսքով` այդ «քուրսիական», «համքարական», «գյուղական» մեթոդները պետք է մի կողմ դնել և հարցերը լուծել քաղաքակիրթ ձևով.

«Լավագույն կամ վատագույն դեպքում այդ խոսակցությունը կարելի է որակել` որպես բարի ցանկություն, բայց բարի ցանկությունները հեքիաթներում են լինում, դրանց կենսագործումը պահանջում է համապատասխան մոտեցում, և ես լրիվ կիսում եմ այն մտահոգությունը, որ դուք արտահայտեցիք: Դրա դրսևորման ձևերից մեկն էլ այն էր, որ վերջին ցույցի ժամանակ մի երկու ընկերների հավաքեցին կառավարության շենքում, թե «ձեր միջոցով ուզում ենք խոշորին բերել մեջտեղ»: Մինչև անգամ մահացածի ծիծաղն է գալիս, այսինքն` խեղճ ու կրակ, հազիվ իր տան հացը վաստակողի միջոցով կատաստրոֆ օլիգարխին պիտի բերես օրենքի դաշտ, հա՞: Ասում եմ` շո՜ւտ, հազարամյա զոհվածի ծիծաղն է գալիս: Դա հնարավո՞ր բան է: Ուրեմն՝ մինչև անգամ դադարում է լինել բարի ցանկություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս