Այսօրվա քառյակի քանի՞ կուսակցություն կարող էր իր կազմը ներկայացնել. Խոսրով Հարությունյան
ՀՀԿ-ական պատգամավորը 100%-անոց համամասնական համակարգի իր տարբերակի մասին. Այսօրվա քառյակի քանի՞ կուսակցություն կարող էր իր կազմը ներկայացնել
«Ասացեք խնդրեմ, մեր գիտակցության մեջ արձանագրվա՞ծ է այն թեզը, որ իշխանությունը նախևառաջ պատասխանատվություն է, չէ՞ որ երբ ասում ենք իշխանություն, շատերս հասկանում ենք իրավունք: Անցյալ օրը ես լսում եմ ընդդիմադիրներից մեկին եթերով, որն ասում է՝ թող լինի արդար ընտրություններ, ով կընտրվի, թող նա էլ իշխի: Ահա թեզը՝ իշխանությունը՝ իշխելու հնարավորություն, դա ասում է ընդդիմությունը, մինչդեռ համաձայնեք, որ ամենամեծ խնդիրը հենց այդտեղ է, որ իշխանությունը ոչ թե իրավունք է, այլ նախ և առաջ պատասխանատվություն: Արդյոք մեր Սահմանադրության մեջ այս թեզն ամրագրվա՞ծ է: Ոչ, ամրագրված չէ»,- ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Նա նկատեց, որ մեր Սահմանադրության մեջ ամրագրված չէ այն, որ պետական իշխանության բացառիկ, պատասխանատու առաքելությունն է հանրության յուրաքանչյուր անդամի արժանապատիվ կյանքով ապահովելու համար անհրաժեշտ հանրային բնույթի ծառայություններ մատուցել. «Համաձայնեք, որ մեր ընկալումները իշխանության դերակատարման վերաբերյալ շատ ֆունդամենտալ են»:
Խ. Հարությունյանը կարծում է, որ սոցիալական պետություն ասելով՝ ոմանք հասկանում են բառացիորեն սոցիալիստական պետություն, այսինքն՝ պետություն, որը կոչված է իր հանրության բոլոր անդամներին սոցիալական ապահովությունից մինչև աջակցության խնդիրներ լուծել. «Սոցիալական պետությունը լրիվ այլ բան է նշանակում, դա սոցիալական, շուկայական տնտեսության վրա խարխսված պետությունն է, որի հիմնական, առանցքային պատասխանատվությունը մրցակցության ձևավորումն է, սոցիալական աջակցությունը ածանցվող խնդիր է: Մի՞թե այս մասին մենք Սահմանադրության մեջ գրել ենք: Չկա որևէ բառ Սահմանադրության մեջ սրա մասին»:
Խ. Հարությունյանը նշեց՝ որքան էլ ուզում են ընդդիմադիրները փաստեն, որ ընտրությունները կեղծվում են (իսկ ինքը դա չի մերժում, նրա խոսքով՝ ցավոք սրտի, խախտումներ, կեղծիքներ լինում են), այդուհանդերձ, ընտրական պրոցեսի քաղաքական վերահսկողությունն այսօր ըստ, Խ. Հարությունյանի, անհամեմատ ավելի շոշափելի է. «Ես չեմ մերժում խախտումները՝ ընտրակաշառքի տեսքով, տարբեր տեսակի բարեգործության անվան տակ, բայց համաձայնեք, որ ընտրական պրոցեսում լուրջ տեղաշարժեր են արձանագրվել»,- նկատեց նա:
Նա հիշեցրեց, որ 2008 թվականի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր 156 տեղամասի նկատմամբ բողոքարկման դիմում: «2000-ից 156-ում,- շեշտեց Խ. Հարությունյանը՝ շարունակելով,-156 տեղամասերից 132 փաստաթղթերը բացվեցին և վերահաշվարկվեցին: Ընդ որում, վերահաշվարկվեցին դիմողների մասնակցությամբ և միջազգային դիտորդների մասնակցությամբ: Եվ արդյունքում ի՞նչ պարզվեց, այդ ամբողջ վերահաշվարկի արդյունքում 400 ձայն փոխվեց Սերժ Սարգսյանի մոտ, 700 ձայն փոխվեց Տեր-Պետրոսյանի մոտ: Մի՞թե այս արդյունքները կարելի է համարել համատարած կեղծիքի արդյունք: Եվ պատահամաբար չէր, որ ապրիլի 2-ին Տեր-Պետրոսյանը Սահմանադրական դատարան մտավ ոչ թե ընտրական կեղծիքներով, այլ 2 հարցադրումով՝ որ Սերժ Սարգսյանը որպես գործող վարչապետ պետք է լիազորությունը վայր դնի, և եթերը հավասարապես չէր բախշված, մինչդեռ հանրությանը հրամցվում է առ այսօր, որ ընտրությունները կոպիտ կեղծված են եղել»:
Խ. Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ իր կարծիքն արտահայտելիս հանրապետության նախագահն առաջինը բարձրաձայնեց, որ, ցավոք, այսօրվա գործող կիսանախագահական համակարգը օբյեկտիվորեն նախադրյալներ է ստեղծում իշխանության գերանձնավորված լինելու համար. «Բանն այն է, որ մեր Սահմանադրությամբ հանրապետության նախագահին վերապահել ենք պատասխանատվություններ, որոնք բնորոշ են գործադիր իշխանությանը և օբյեկտիվորեն այդպիսի լիազորություններ կամ այդպիսի իրավասությամբ օժտված նախագահը ակամայից դառնում է և իրեն զգում է գործադիր իշխանության ղեկավար: Կա՞ այս խնդիրը, իհարկե կա: Կարո՞ղ ենք գտնել դրա սահմանադրական լուծումները, ես պետք է ասեմ, որ սա միակ խնդիրն է, որ գործող համակարգով չենք կարող լուծել, այստեղ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը առաջ է քաշում այլընտրանք որպես՝ միգուցե, իմաստ ունի քննարկել խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարը»:
Ըստ Խ.Հարությունյանի՝ սահմանադրական այս ամբողջ բարեփոխումները հանգեցնել լոկ խորհրդարնական համակարգին անցնելու խնդրին, նշանակում է ուղղակի խուսափել բուն խնդիրներից ու թաքնվել դեմագոգ հայտարարությունների ետևում:
«Ես ինքս մոտ 16 էջի վրա առաջարկություններ եմ ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում: Հարցադրումներ կան, որոնք իմ կարծիքով բաց են թողնված: Շատերը գուցե և արդարացի պնդում են, որ մեծամասնական ընտրական համակարգից պետք է հրաժարվել, և ամբողջությամբ հասնենք համամասնական ընտրական համակարգին: Այս առաջարկի հավատացյալ հետևորդներն են Դաշնակցությունը: Ես համաձայն կլինեմ 100% համամասնական համակարգին անցնելուն միայն մեկ պարագայում, եթե այդ նույն օրենքի մեջ, այդ նույն օրենսգրքում ամրագրվի, որ կառավարությունը հանդիսանում է ոչ այլ ինչ, քան քաղաքական մեծամասնության շարունակությունը գործադիրում և այն ձևավորում է Ազգային ժողովում ձևավորված քաղաքական մեծամասնությունից: Ոչ թե մենք դառնանք իշխանություն, գանք, կազմենք քաղաքական մեծամասնություն, հետո մեկին կանչենք, ասենք՝ արի մեզ մոտ աշխատիր վարչապետ, արի մեզ մոտ աշխատաիր ֆինանսների նախարար: Ոչ, ստանձնեք ողջ պատասխանատվությունը: Ես չեմ կարող խոստում տալ, ուրիշին հրավիրել, որ նա աշխատի կառավարությունում: Հետաքրքիր է՝ եթե այս թեզը գործեր, այսօրվա քառյակի քանի՞ կուսակցություն կարող էր իր կազմը ներկայացնել»:
Անի Քեշիշյան