Իշխանությունները սահմանադրական բարեփոխումները չեն համարում քաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցը. Խ. Հարությունյան. (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր. «Իշխանության վերարտադրության թեզը և՛ այսօրվա համակարգում, և՛ խորհրդարանականում հավասարապես հնարավոր է»
«Կարծում եմ՝ շատ բնական և շատ օգտակար է սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալված իրարամերժ, հակադիր, երբեմն, ցավոք, ոչ հիմնավոր, ոչ փաստարկված դիրքորոշումները և դրանց շուրջ հանրային քննարկումները»,- այս տեսակետն այսօր հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին:
Խ. Հարությունյանը պարզաբանեց որոշ հարցադրումներ, որոնք հաճախ արվում են ընդդիմադիր ուժերի կողմից՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «Առաջին հարցադրումը, որը հաճախ մոլորություն և շփոթություն է առաջացնում դա հետևյալն է. իշխանությունները քաղաքական օրակարգի համար 1 խնդիր են դարձրել սահամադրական բարեփոխումների հարցը: Սա կեղծ հարցադրում է՝ բառացիորեն չհամապատասխանող իրականությանը: Իշխանությունները բացառապես սահմանադրական բարեփոխումները չեն համարել ու չեն համարում քաղաքական օրակարգի ամենագլխավոր, միակ և հիմնական հարցը: Իշխանությունները, հաշվի առնելով, որ նախընտրական մրցարշավի ընթացքում ընդդիմադիր մի շարք կուսակցություններ առաջ էին քաշում սահմանադրական բարեփոխումների իրականացման խնդիրը, գնալով ընդառաջ ընդդիմության հետ համագործակցության, ընդհանուր միջավայր ստեղծելու գաղափարին, նախաձեռնեցին սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ ենթադրելով, որ դրանով իսկ համագործակցության ձեռք են մեկնում ընդդիմադիր ուժերին: Սա է եղել ամբողջ կոնցեպտը»:
Նա հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավարին ընտրություններից անմիջապես հետո առաջարկեց ղեկավարել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, սակայն այդ համագործակցության առաջարկը մերժվեց:
Խ. Հարությունյանը նկատեց, որ այսօր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը մերժում են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց նախընտրական ծրագրերում դրա մասին էին խոսում. «Սա առնվազն տարօրինակ է: Ստեղծվում է տպավորություն, որ շատ շատերը, մերժելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, առաջնորդվում են հետևյալ թեզով՝ կողմ լինելով՝ դեմ ենք, մենք կողմ ենք, բայց եթե մենք նախաձեռնենք, ոչ թե իշխանությունները»:
Հաջորդ հարցը, որը նույնպես անհրաժեշտ է մեկնաբանել, ըստ Խ. Հարությունյանի, հետևյալն է՝ այսօրվա մեր իրականության մեջ առկա շատ ու շատ խնդիրներ՝ արտագաղթից՝ մինչև կաշառակերություն և այլն, որևէ կապ չունեն սահմանադրության հետ, և մի՞թե պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել. «Ես կարծում եմ այս թեզը նույպես կեղծ է, եթե այս թեզով առաջնորդվենք, դուրս է գալիս՝ մեզ ընդհանրապես սահմանադրություն պետք չէ, եկեք մտածենք արտագաղթի մասին, կաշառակերության մասին, հետո կգա ժամանակը, կխոսենք սահմանադրության մասին: Դրանք որևէ հակասություն իրենց մեջ չեն պարունակում: Ավելին, եթե մենք գտնում ենք՝ արտագաղթը կապ չունի սահմանադարական բարեփոխումների հետ, թույլ տվեք պնդել, որ կարմիր գծերն էլ կապ չունեն հանրային կարգի համակարգային փոփոխությունների հետ: Մինչդեռ ընդդիմության 12 կետերի մեջ կային նաև այդպիսի առաջարկներ, և այստեղ թույլ տվեք նկատել, որ ընդդիմությունը միշտ չէ, որ հետևողական է»:
ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ այսօր կան այս 23-24 տարիների ընթացքում ձևավորված և հանրային կյանքը մաշեցնող երևույթներ՝ սկսած կաշառակերությունից, անհավասարությունից, հովանավորչությունից, բիզնեսի և քաղաքականության սերտաճումից, վերջացրած այնպիսի նախադրյալներով, որոնք ձևավորում են արտագաղթը. «Սա ոչ ոք չի մերժում: Եվ սրա դեմ աշխատանք պետք է տարվի՝ անկախ նրանից, թե սահմանդրական բարեփոխումներն ինչ ընթացք կունենան: Բայց համաձայնեք, որ մեզ մոտ կան շատ ու շատ հարցադրումներ, որոնք ուղղակիորեն կապված են իշխանությամբ, նրա որակով, իշխանության նկատմամբ մեր հանրային ընկալումներով»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ ընդդիմության հիմնական հակափաստարկի՝ իշխանությունների վերարտադրության մասին Խ. Հարությունյանը չխոսեց, ու խնդրեց անդրադառնալ նաև այդ հակափաստարկին, որին Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Կա՞ որևէ քաղաքական ուժ, որը չի ձգտում իշխանության, չկա չէ՞: Ինչո՞ւ պետք է քաղաքական մեծամասնությունը չձգտի իշխանության կամ իշխանությունը պահելուն: Երբեմն առաջ են բերում քաղաքական մենաշնորհ հասկացողությունը, որը նույնպես կվազի-քաղաքական թեզ է: Իշխանության վերարտադրության թեզն ինքին կեղծ թեզ է, որովհետև թե՛ այսօրվա գործող համակարգում, և թե՛ խորհրդարանական համակարգում ցանկացած իշխանություն պետք է ձգտի պահել իշխանությունը, ցանկացած ընդդիմություն պետք է ձգտի իշխանության: Իշխանության վերարտադրության թեզը և՛ այսօրվա համակարգում, և՛ խորհրդարանականում հավասարապես հնարավոր է, բայց այսօր ավելի հեշտ իրականանալի, որովհետև կա գերանձնավորված քաղաքական իշխանության թեզ ևս»:
Անի Քեշիշյան