Հիմնախնդիրների քաղաքակիրթ լուծման բրիտանական բանաձևը` ըստ դեսպան Քեթի Լիչի

Դժվար է ընդհանուր դասեր քաղել Շոտլանդիայի անկախության հանրաքվեից, քանի որ յուրաքանչյուր հիմնախնդիր պահանջում է ուրույն մոտեցումներ և ուրույն լուծում: Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին այսպիսի պատասխան տվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ հանրաքվեն մյուս հիմնախնդիրների, մասնավորապես` ղարաբաղյան հարցի վրա:

Դեսպան Լիչի խոսքով` յուրաքանչյուր հակամարտության պարագայում, երբ հակասության մեջ են ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները, խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց յուրաքանչյուր հակամարտության լուծումը տարբեր է:

«Ես կրկին օրինակ կբերեմ մեր փորձից, թե ինչպես մենք աշխատեցինք Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հետ: Շոտլանդիայի պարագայում մեզ մոտ ստացվեց, որովհետև ներգրավված բոլոր կողմերը հետևում էին խաղաղության սկզբունքին և նրանք համաձայն էին ամեն դեպքում ընդունել քվեարկության արդյունքները: Այսօր Հյուսիսային Իռլանդիայի հանրաքվեի մասին խոսք չկա, բայց կա «բարի ուրբաթի» համաձայնագիրը` կնքված 1998 թ., որտեղ նշվում է, որ եթե Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը որոշի հանրաքվե անցկացնել, դա կընդունվի: Այս պահին Հյուսիսային Իռլանդիայի երկու համայնքները հակասական մոտեցումներ ունեն այն մասին, թե ինչպես են ուզում կազմակերպել իրենց ապագան: Այսպիսով, կարծում եմ, որ յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է ուրույն մոտեցումներ և ուրույն լուծում»,- նշեց Քեթի Լիչը:

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեի նախապատմությունն այսպիսին է. 2011 թ. Շոտլանդիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն դարձավ Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը, որն իր նախընտրական ծրագրում ուներ կետ` անկախության հանրաքվե կազմակերպելու մասին:

Սակայն բրիտանական օրենսդրության մեջ չկար որևէ օրենք, որը թույլ կտար անցկացնել այդ հանրաքվեն: Այնուամենայնիվ, ինչպես նշեց դեսպան Լիչը, բրիտանական կառավարությունը համարեց, որ ճիշտ կլինի ընդունել Շոտլանդիայի Ազգային կուսակցության իրավունքը անցկացնելու հանրաքվեն: 2012 թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս միջև կնքված համաձայնագրով որոշվեց, որ քվեարկությունը պետք է լինի օրինական, արդար և որոշիչ, և գոնե այս սերնդի համար Շոտլանդիայի անկախության խնդրին պետք է վերջակետ դրվի:

Ընդունվեց հատուկ օրենք, որով թույլ տրվեց հանրաքվեի անցկացումը: Սեպտեմբերի 19-ի առավոտյան հայտնի դարձավ, որ քվեարկողների 55 տոկոսը «ոչ» է ասել անկախությանը, իսկ 45 տոկոսը` «այո»:

Ըստ Քեթի Լիչի`բոլորն էլ հասկանում են, որ հանրաքվեն ոչ միայն ստատուս-քվոյի մասին էր. «Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար, որին պիտի աջակցի ավելի հզոր և անվտանգ Միացյալ Թագավորությունը»:
Ի դեպ, Շոտլանդիայի հանրաքվեին գրանցվել են ռեկորդային թվով մասնակիցներ:

 

Տեսանյութեր

Լրահոս